«Ես երեկ կորցրել եմ իմ աշխատանքը, ասեմ՝ բացարձակ վախենալու չէ, ընդհակառակը բորբոքում է այն ցանկությունը, որ օր առաջ ազատվենք այս անօրինություններից և մեր հայրենիքը հիմնահատակ քանդող իշխանություններից»,- Ֆրանսիայի հրապարակում Դիմադրության շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց Հայաստան համահայկական հիմնադրամի նախկին աշխատակից Աննա Մանուկյանը։
Նա hայտնեց, որ 2010-ից աշխատում է Հայաստան համահայկական հիմնադրամում՝ որպես ծրագրի համակարգող, սակայն երեկ տնօրենի կողմից ստորագրել է աշխատանքից ազատման հրաման, քանի որ մասնակցում է ցույցերին։ Նա հավաստիացրեց՝ ցույցերի մասնակցել է աշխատանքային ժամերից հետո։ Այնուհետև շարունակեց․ «Իմ սկզբունքները վեր են ամեն ինչից։ Աշխատանք կորցնելը շատ փոքր խնդիր է, երբ բոլորս կանգնած ենք հայրենիքը կորցնելու վտանգի առաջ։ Բոլորս գիտենք, որ Հայաստան համահայկական հիմնադրամը աշխարհասփյուռ կառույց է, որը համախմբում է հայերին 30 տարի շարունակ, շենացրել է ՀՀ-ն ու Արցախը։ Հենց հիմնադրամի շնորհիվ եմ դարձել ավելի հայրենասեր, ավելի շատ եմ սիրել Արցախը»։ Վստահեցնելով, որ դեռ 2018-ի ապրիլից է սկսվել իր ու իր ընկերների պայքարը, Աննա Մանուկյանն այսպես եզրափակեց ելույթը․ «Մենք պայքարում ենք հանուն մեր զոհված զինվորների հիշատակի, պայքարում ենք Եռաբլուրը մեծացնողների դեմ, Արցախի 70 տոկոսը հանձնողների, Հայոց ցեղասպանությունը ներողների և Արցախի դրոշից սարսափողների դեմ և հաջողելու ենք»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հ. Գ. «Հայաստան» հիմնադրամի տարածած ավելի ուշ տարածած հաղորդագրության համաձայն՝ «Սույն թվականի մայիսի 19-ին մի շարք ԶԼՄ-ների կողմից շրջանառության մեջ են դրվել Հիմնադրամի նախկին աշխատակից Աննա Մանուկյանի կողմից իր ֆեյսբուքյան էջում տեղադրված գրառումը՝ ««Հայաստան» հիմնադրամի աշխատակցին հեռացրել են «Դիմադրության» շարժմանն աջակցելու պատճառով» վերնագրով, ինչպես նաև նույն օրը Ֆրանսիայի հրապարակում անցկացված հանրահավաքի ժամանակ նրա կողմից հնչեցրած նույնաբովանդակ ելույթը։
Կարդացեք նաև
Իրականում «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին աշխատակից Աննա Մանուկյանի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է աշխատանքային կարգապահությունը պարբերաբար խախտելու համար՝ խստորեն պահպանելով ՀՀ Աշխատանքային օրենսգրքի պահանջները։
Հիշեցնում ենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը համազգային նշանակության ապաքաղաքական կառույց է և Հիմնադրամի հեղինակությունն ու բարի համբավն արատավորող ապատեղեկատվության տարածումը, Հիմնադրամի գործունեության քաղաքականացման փորձերն անընդունելի են և կարող են վնասել Հիմնադրամի գործունեության արդյունավետությանը»: