«Այսօր մենք մեր ծավալներով ավելի ընդգրկուն ենք եղել, շրջափակվել է շուրջ 70 խաչմերուկ, բազմաթիվ փողոցներ:Եվ այն խնդիրը, որ դրել էինք մեր առջեւ, ձեր շնորհիվ հաջողվել է ամբողջությամբ»,-Դիմադրության շարժման հանրահավաքի ժամանակ ասաց Իշխան Սաղաթելյանը:
Նրա խոսքով, բազմաթիվ վարորդներ ժամերով մնալով խցանումների մեջ՝ դադարեցնում էին մեքենաների երթեւեկությունը, դուրս գալիս եւ միանում իրենց. «Օր օրի մեր շարքերն ավելանում են, մեր քաղաքացիները ըմբռնումով են մոտենում այն անհնազանդության աշխատանքներին, որ միասին իրականացնում ենք…Չնայած այսօրվա ծավալներին՝ մենք ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառում, ինչպես նախորդ երկու օրերին էր, չենք արձանագրել: Այսօր բերման ենթարկվածների թիվը մեկ տասնյակից չի անցնում, ի տարբերություն նախորդ օրերի 600-700 հոգու: Սա նաեւ ձեր ձեռքբերումն է, բոլորի միասնական աշխատանքի արդյունքը»:
Իշխան Սաղաթելյանի ձեւակերպմամբ, իշխանության որոշ բանսարկուներ փորձում են ներկայացնել, որ այն ինչ կատարվում է Ֆրանսիայի հրապարակում, անօրինական է,Սահմանադրության եւ օրենքների խախտում է. «Այն ինչ անում ենք, ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքն է, սա բացարձակ օրինական է…Նաեւ հանուն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության է այս պայքարը»:
Նրա խոսքով, ստոր քարոզչություն է իրականացվում հետեւյալ համատեքստում. «Ասում են, պայքարող եք, գնացեք Արցախի համար պայքարեք, Երեւանի փողոցներում Արցախի համար չեն պայքարում, սրանով կրկին վիրավորում են մեզ, վիրավորում են ՀՀ արժանապատիվ քաղաքացուն: Ես վստահեցնում եմ՝ այս հրապարակում ներկա մարդկանց մեծամասնությունը անմիջական մասնակցություն է ունեցել եւ 44-oրյա պատերազմին, եւ Ապրիլյան պատերազմին, շատերը՝ նաեւ Արցախյան առաջին պատերազմին են մասնակցել»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ