Ինչպես հայտնում են Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանից, բուհում ավանդույթ է դարձել Վարդատոնի կազմակերպումը՝ նվիրված միջնադարի խոշորագույն բանաստեղծ, փիլիսոփա, աստվածաբան Գրիգոր Նարեկացուն:
Նարեկյան վարդատոնն այս անգամ ևս մեկնարկեց համալսարանի բակում վարդաթերթերի անձրևով ու Նարեկացու պատվանդանին ծաղիկներ խոնարհելով, որից հետո ներկաները Ներսես քահանայի և ԱՀ Գրողների միության նախագահ, «Գրիգոր Նարեկացի» համալսարանի ռեկտոր Վարդան Հակոբյանի գլխավորությամբ հարգանքի տուրք մատուցեցին 44 օրյա պատերազմում անմահացած նարեկցիների հիշատակին:
Այնուհետև Վարդատոնը շարունակվեց Նարեկացուն ու նրա ստեղծագործություններին նվիրված ելույթներով, ուսանողների արտասանություններով, հոգևոր երգերով ու պարերով:
Միջոցառումը բացեց ԳՆՀ ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանը:
Շնորհավորելով բոլորին՝ նա նշեց, որ Վարդատոնի խորհուրդը ժողովրդի դարձն է բարությանն ու Աստծո ստեղծած աշխարհի նկատմամբ սիրուն։ Նարեկացին կարողացավ հաղորդակցվել Աստծո հետ, լսել և դառնալ Աստծո զավակը երկրի վրա:
Այնուհետև օրհնանքի խոսքով հանդես եկավ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի Մայր տաճարի հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Ասրյանը:
Միջոցառումը վարեց ԳՆՀ Որակի ապահովման կենտրոնի տնօրեն, բ.գ.թ., դոցենտ Ամալյա Գրիգորյանը,-«Գրիգոր Նարեկացի» համալսարանը կրթագիտական հաստատություն լինելուց զատ, որպես առաքելություն ստանձնել է ազգային արժեհամակարգի պահպանումը և տարածումը մեր հասարակության մեջ։ Այս համատեքստում այսօր նշում ենք արդեն ավանդույթ դարձած, Նարեկացուն նվիրված Վարդատոնը-նշեց նա:
Միջոցառման ժամանակ ելույթներով հանդես եկան նաև բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանը, ՀԼԳ ամբիոնի դասախոս բ.գ.թ., դոցենտ Ռենա Մովսիսյանը, ԳՆՀ դասախոս, տ.գ.թ. Գեղամ Միքայելյանը, ԳՆՀ դասախոս, մ.գ.թ. Արկադի Թովմասյանը, իրավագիտության ամբիոնի դասախոս, բանաստեղծուհի Սոնա Համբարձումյանը, ՀԼԳ ամբիոնի վարիչ, բ.գ.թ. Անի Շիրինյանը, ԳՆՀ իրավագիտության բաժնի երկրորդ կուրսի ուսանողուհի Անի Բալուղյանը:
Վերջում բուհի ռեկտոր Վարդան Հակոբյանը «Գրիգոր Նարեկացի» հարթաքանդակ նվիրեց Տեր Ներսես քահանային և Նարեկացի մեդալներ հանձնեց բանաստեղծ Արկադի Թովմասյանին, ԳՆՀ իրավագիտության ամբիոնի վարիչ, ԱՀ վաստակավոր իրավաբան Վոլոդյա Հովսեփյանին, բանաստեղծ Վիտալի Պետրոսյանին, ԳՆՀ հայոց լեզվի պատմություն և գրաքննադատություն բաժնի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի Նատալի Օհանյանին:
Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարան