Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Գիլոյան. «Որպեսզի մեր բռնցքամարտիկները հասկանան, որ տանն են մենամարտում եւ դրանից թեւավորվեն, պետք է տրիբունաներում շատ մարդ լինի ու ամեն կերպ աջակցի»

Մայիս 19,2022 19:11

ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը բռնցքամարտի Եվրոպայի առաջնության առիթով լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ավելի վաղ խոսվում էր  40-42 երկրների մասին: «Սակայն հասկանալի պատճառներով Ռուսաստանի եւ Բելառուսի հավաքականները չեն կարող մասնակցել, Ադրբեջանի հավաքականն էլ հրաժարվեց ժամանել Հայաստան, թեպետ մենք բոլորի համար ապահովել էինք բոլոր պայմանները եւ որեւէ խնդիր չէր լինելու: Այնպես որ, գալիս է ճիշտ այնքան երկիր, ինչքան մենք սպասում էինք: Կարող եմ ասել, որ մեր աշխատանքների 95 %-ը արդեն կատարված է եւ մարզական առումով եւ բացման արարողության հետ կապված:

Բացման արարողությունից հետո գիշերը ռինգերը կտեղադրվեն եւ մայիսի 23-ից կսկսվեն նախնական մենամարտերը: Դրանք երկու ռինգերում կշարունակվեն մինչեւ մայիսի 27-ը: Ամսի 28-ը ազատ օր է: Հաջորդ օրը կկայանան կիսաեզրափակիչները, իսկ մայիսի 30-ին՝ եզրափակիչ մենամարտերը»,-հայտարարեց Կարեն Գիլոյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ Եվրոպայի առաջնության պաշտոնական գործընկերը երկու հեռուստաալիքներով ուղիղ հեռարձակմամբ ցուցադրելու է բոլոր մենամարտերը, իսկ հանրայինը ունենալու է առաջնության օրագրեր եւ կիսաեզրափակիչներն ու եզրափակիչները նույնպես հեռարձակելու է  ուղիղ եթերում:

«Միանում եմ կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանին եւ բոլորին կոչ անում՝ երկրպագել Հայաստանի հավաքականին: Որպեսզի մեր մարզիկները հասկանան, որ իրենք տանն են մենամարտում եւ դրանից թեւավորվեն, պետք է որ տրիբունաներում շատ մարդ լինի ու ամեն կերպ աջակցի: Հրավիրում ենք մարզադահլիճ՝ նպաստելու մեր բռնցքամարտիկների հաղթանակների կայացմանը»,- ասաց նա:

Պատասխանելով տոմսերի արժեքի մասին հարցին՝ Կարեն Գիլոյանն ասաց. «Տոմսերն արժեն 2000, 5000, 8000 եւ 10000 դրամ: Եվրոպայի առաջնության մակարդակի մրցումների համար, սա իրականում ցածր գին է, բայց հաշվի ենք առել, որ այս առաջնությունը բոլորի համար է եւ բոլորն էլ պետք է հնարավորություն ունենան գալ ու հետեւել մրցման ընթացքին: Այս պահին գիտեմ, որ շատ լավ վաճառվում են կիսեզրափակչի ու եզրափակչի տոմսերը: Սակայն մասնագետներն ասում են, որ ընդունված է տվյալ օրը գալը, տոմսը տեղում գնելն ու ներս մտնելը:

Պիտի մի կարեւոր բան էլ ասեմ: Կազմկոմիտեն որոշել է հատկապես բռնցքամարտի մարզադպրոցներին, բռնցքամարտի վետերաններին, երախտավորներին հատկացնել հրավիրատոմսեր ու ԵԱ օրերին իրենց սիրելի մարզաձեւի հետ շփվելու հնարավորություն ընձեռել»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031