Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության ապագա մրցավայրում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղակայված մամուլի սրահում, այսօր կայացած մամուլի ասուլիսում կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը ասաց, որ մարզական այսպիսի մեծ միջոցառում Հայաստանը վաղուց չի հյուրընկալել եւ արվում է առավելագույնը մրցաշարը լավագույնս կազմակերպելու համար: «Համենայն դեպս, այն գնահատականները, որ մենք այսօր ստանում ենք մեր միջազգային գործընկերներից, շատ դրական են: Մենք ցանկանում ենք նոր նշաձող սահմանել առնվազն բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունների համար:
Ուզում եմ տեղեկացնել, որ հաստատված է 39 երկրների պատվիրակությունների եւ թիմերի ժամանում, մարզիկների թիվը գերազանցում է 200-ը, իսկ ժամանողների ընդհանուր թիվը կգերազանցի 400-ը: Մենք հոգ ենք տարել բոլոր հարմարությունների համար եւ պատրաստվում ենք արդեն մայիսի 22-ին տալ առաջնության պաշտոնական մեկնարկը՝ շատ գեղեցիկ բացումով:
Մենք տրամադրված ենք մարտականորեն՝ սահմանելու լավագույն արդյունքը կամ լավագույն արդյունքներից մեկը Եվրոպայի առաջնությունում: Այս հարցում հանդիսատեսի ու լրագրողների դերը կարեւոր է լինելու»,-ասաց Արայիկ Հարությունյանը ու նաեւ հավելեց, որ ԵԱ օրերին Հայաստանում հյուրընկալվելու են մարզաձեւի բարձրաստիճան պաշտոնյաներ՝ IBA-ի, ինչպես նաեւ Եվրոպայի կոնֆեդերացիայի ղեկավարը, ինչը նշանակում է, որ այս մրցաշարին ամենաբարձր մակարդակով ուշադրություն է ցուցաբերվում:
Արայիկ Հարությունյանը բացման արարողությունից մանրամասներ չներկայացրեց՝ ասելով, որ դա կլինի սխալ քայլ: Սակայն հավաստիացրեց, որ այն լինելու է մարզաձեւի նման մրցումների պատմության մեջ բացման լավագույն արարողություններից մեկը:
Կարդացեք նաև
Պատասխանելով հարցին, թե ԵԱ-ում մեր բռնցքամարտիկներից ի՞նչ արդյունք կարելի է սպասել, Արայիկ Հարությունյանն ասաց. «Որպես ԵԱ կազմկոմիտեի ղեկավարության ներկայացուցիչ կասեմ, որ առնվազն ակնկալում ենք, որ ֆեդերացիան եւ մեր մարզիկները կապահովեն մեկ առաջնությունում մեր լավագույն արդյունքի կրկնությունը՝ երկու ոսկե մեդալ: Իսկ թե դա որքանով կգերազանցենք, դա ֆեդերացիայի պատիվն է»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ