Լրահոս
Օրվա լրահոսը

«Անկլավների մասին խոսք լինել չի կարող, քանի որ ներկայիս Ադրբեջանը չի համարում իրեն Խորհրդային Ադրբեջանի ժառանգորդ». Ռուբեն Գալիչյան

Մայիս 19,2022 17:41

«Այսօր Ադրբեջանը հայտարարում է, որ Հայաստանը շտապում է: Բայց իրենք են շտապեցնում Հայաստանին, որ իրենց ունեցած-չունեցածն այսօր ամրագրեն: Սահմանագծման և սահմանազատման հարցում շտապելն ամենամեծ վնասը կարող է մեզ հասցնել, որի պատճառով կստորագրվի մի փաստաթուղթ, որի համար մեր հաջորդ սերունդները մեզ մեղադրելու են, որ` առանց մեր շահը հաշվի առնելու ստորագրել եք»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված հարցազրույցի ժամանակ վստահեցրեց աշխարհագրագետ, քարտեզագետ-քարտեզաբան, ԳԱԱ պատվավոր դոկտոր, Մեծ Բրիտանիայում Հայաստանի առաջին հյուպատոս Ռուբեն Գալիչյանը:

Հարցին՝ ի՞նչ քարտեզներ են այդ խորհրդային քարտեզները, որոնցով էլ պատրաստվում են կատարել սահմանագծումը, նա պատասխանեց. «Խորհրդային օրերին՝ առաջին հերթին 1920-ականներին, ինչ-որ քարտեզներ են պատրաստվել տարբեր հանրապետությունների սահմանների համար, բայց այդ զինվորական քարտեզները մենք չենք տեսել»: Հստակեցմանը՝ Առաջին Հանրապետության շրջանում չե՞ն կազմվել քարտեզներ, Ռուբեն Գալիչյանն այսպես արձագանքեց. «Կազմվել են, բայց պաշտոնական քարտեզներ չեն եղել: 1920-ականներին միայն Մոսկվան է պահպանել այդ քարտեզները, հետո 1929-ից հետո քարտեզներ սկսեցին պատրաստվել, որոնք հույժ գաղտնի էին: Այդ քարտեզների հիման վրա գծվեցին ԽՍՀՄ սահմանները»:

ԳԱԱ պատվավոր դոկտորն ասաց, որ այսօր Ադրբեջանի և Հայաստանի սահմանները 1969-70 թ.թ. երկկողմ վավերացվածն են ու շարունակեց. «80-ականներին նորից խոսվեց այս մասին, հետո 2010-ին ՀՀ իշխանությունները ներքին բաժանումները՝ սահմանները վավերացրել են: Բայց խնդիր է առաջ գալիս: 70-ականներին Սոցիալիստական Ադրբեջանի կառավարությունը և ՀԽՍՀ ներկայացուցիչներն են վավերացրել այդ քարտեզները, բայց այսօր Ադրբեջանի իշխանություններն իրենց Սահմանադրության մեջ նշել են, որ ժառանգորդ չեն Խորհրդային Ադրբեջանի, այլ համարում են իրենց Առաջին Հանրապետության ժառանգորդ: Իսկ այդ ժամանակ որևէ անկլավ որևէ տեղ գոյություն չուներ: 1918-1920-ի քարտեզներն է դնում Ադրբեջանը, բայց անկլավների մասին խոսք լինել չի կարող, քանի որ չի ընդունում իրեն՝ որպես Խորհրդային Ադրբեջանի ժառանգորդ: Երբ Ադրբեջանն ասում է՝ մեր անկլավները պիտի տաք, պետք է նշել, որ 1918-ին անկլավ չկար, Նախիջևանը հայկական էր: Պիտի Նախիջևանը վերադարձնեք: Մենք ավելի մեծ պահանջ պիտի իրենց ներկայացնենք: Բանակցությունների մոտեցումն է դա: Եթե անընդհատ զիջելու լինես, ոչ մի տեղ չես հասնի, պետք է ավելին պահանջես, որ հետո սակարկելու տեղ ունենաս»:

Ռուբեն Գալիչյանը փաստեց՝ սահմանագծման ու սահմանազատման գործընթացը երկար է տևում ու օրինակ բերեց. «Դեռ մեր ու Վրաստանի հետ եղած սահմանագծումը, որի ուղղությամբ 25 տարի աշխատում են, չի ավարտվել հարյուր տոկոսով: Իրանի հետ խնդիր չունենք, քանի որ Արաքս գետը կա: Կարսի շրջանում տարբեր է խնդիրը, քանի որ ըստ իմ տեղեկությունների՝ ժամանակին այդ պայմանագիրը ստորագրել են դրա իրավասությունը չունեցող մարդիկ»:

Հարցին՝ ի՞նչ ուղղությամբ պետք է աշխատի սահմանագծման և սահմանազատման աշխատանքային խումբը և ո՞ր թվականի քարտեզների հիման վրա, քանի որ Ադրբեջանը խոսում է Տավուշի հինգ գյուղերի և Տիգրանաշենի մասին,  Ռուբեն Գալիչյանը պատասխանեց. «Դրանք ԽՍՀՄ ժամանակ սարքված անկլավներն են: Ըստ Ադրբեջանի որոշման՝ իրենք 1918-20 թվականի Ադրբեջանի ժառանգորդ են եւ ոչ թե Սովետական Ադրբեջանի, ուստի իրենք չեն կարող պահանջել: Իսկ եթե ուզում ենք՝ սահմանազատում, սահմանգծում սկսվի մեր երկու հանրապետությունների միջև, ՀՀ-ն ու Ադրբեջանը պիտի գնան նորից ելման դիրքեր: Ուզենք, թե չուզենք՝ չենք կարող խորհրդային սահմաններից սկսել, քանի որ Ադրբեջանն իրեն չի համարում Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ: Ադրբեջանը անցյալ տարվա մայիսից անցել է այդ սահմանները, ներխուժել ՀՀ սուվերեն տարածք՝ Շորժա, Սև լիճ: Առաջին հերթին Ադրբեջանը պիտի իր զինվորներին հետ տանի խորհրդային ժամանակներում գծված սահմանների վրա, որ հետո սկսենք: Եթե սահմանագծում սկսվեց, ադրբեջանցի զինվորը կասի՝ իմ սահմանն է, կանգնած եմ այստեղ: Եթե սահմանը ընդունել ես ժամանակին, ուրեմն հետ պիտի գնաս այնտեղ: Մենք կրկնակին պիտի պահանջենք: Անկլավ են ուզում, մենք էլ կասենք՝ Արցախը հայկական անկլավ պիտի լինի, քանի որ այնտեղ ապրում է հայությունը»:

Ռուբեն Գալիչյանի համոզմամբ՝ հանձնախումբը պետք է անձինք ներառի, որոնք ծանոթ են սահմանագծման գործընթացներին, պետք է դրա կազմում լինեն միջազգային իրավունքի մասնագետներ, որ այնտեղ ապրող ժողովրդի շահերը հաշվի առնվեն. «Անպայման չեզոք մի երկիր պետք է տեղում ներկայություն ունենա: ՌԴ-ն չեզոք երկիր չէ: Մեր հողերը, որ տրվել են Ադրբեջանին, ՌԴ-ն է տվել, ուստի ինչո՞ւ պիտի այսօրվա ՌԴ-ն ասի, որ նախկինում Ռուսաստանը սխալ է արել: Չեզոք երկիրը Մինսկի խմբից կարող է լինել՝ եվրոպական երկիր»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031