«Եթե իրենք փորձեն շարունակել այս վարքագիծը՝ խախտելով Սահմանադրությունն ու օրենքները՝ պատասխանը կլինի շատ համարժեք»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով բացակայությունների համար ընդդիմությանը մանդատից զրկելու իշխանական նախաձեռնությանը:
Նա անհեթեթություն որակեց դա ու վստահեցրեց, որ իրավական լուրջ խնդիր կա այդտեղ:
Այսօր ԱԺ նիստում քննարկվում էր «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը, ու իշխանականները վստահեցնում էին, որ ընդդիմադիրները դրա համար են նաեւ փողոցում: Այս առնչությամբ հարցին ի պատասխան՝ Արծվիկ Մինասյանն ասաց. «Ստում ու կեղծում են, դա իրենց էությունն ու բնույթն է, իսկական օրակարգը Ֆրանսիայի հրապարակում է: Թող իրենց պատգամավորների թիվն ասեն, թե քանիսն են անցնում այդ օրենքով, իշխանության մեջ եղած պաշտոնատար անձանց թիվը թող ասեն, վստահ եմ, որ կանցնեն: Երբ որ լիազորություն ունենանք դատախազության եւ այլն, մանրամասն բոլոր դեպքերով պատշաճ քննություն կիրականացվի ու հրապարակվի: Մենք իրենց նման անպատասխանատու չենք, որ առանց պատշաճ ուսումնասիրության՝ հրապարակենք: Անկախ քաղաքական հայացքներից, դիրքից՝ մենք դեմ չենք այս օրենքին: Մենք դեմ ենք այս օրենքի իրավական անորոշությանը, ՍԴ-ում էլ վիճարկում ենք հենց այդ հարցը: Ակնհայտ ապուշություն է, թե իբր մենք դեմ ենք օրենքին»:
Խոսելով ոստիկանության պարգեւավճարների ու ոստիկանության պարզաբանման մասին, որ գերլարված են աշխատում՝ Մինասյանն ասաց. «Եթե խոսքը գնում է այն բորենիների խմբի մասին, որոնք հարձակվում են մարդկանց վրա, նրանք ոչ միայն գերլարված, սուպերլարված էլ կարող են աշխատել, որովհետեւ ստանում են այդ գումարները, որպեսզի ավելի շատ ջարդեն քաղաքացիներին: Իմ խորին համոզմամբ, մի օր, երբ իշխանափոխություն տեղի ունենա, անպայման կբացահայտվի, որ այս անձինք նաեւ պատվերներ են ստանում առանձին անձանց կողմից, որ հատկապես թիրախավորված այս կամ այն անձի նկատմամբ լինեն դաժան»:
Կարդացեք նաև
Անուններ նա չտվեց, բայց օլիգարխների շրջանակը մատնացույց արեց. «Երբ որ կան իշխանական պատգամավորներ, որոնց սիրտը փառավորվում է այդ ոստիկանական գործողություններով, վաղը մյուս օրը իրենց գլխին է այդ ամեն ինչը գալու: Այն ժամանակ իրենք մեկուսարանում կամ բանտում փառավորված կսկսեն ստեղծագործել»:
Անդրադառնալով ընդդիմության անհնազանդության գործողություններին՝ Արծվիկ Մինասյանն ասաց, որ շարժման վերջը հաղթանակն է. «Լաոն զարթնել է ու շարունակում է մնացած տարածքներում զարթնել»: Հարցին՝ բա որ լաոն զարթնել է, Փաշինյանն ինչո՞ւ հրաժարական չի տալիս, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Դա արդեն իրեն հարցրեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ