Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Աբու Դաբիի Մասդար ընկերության համատեղ ծրագրի` «Այգ-1» ֆոտովոլտային 200 մՎտ հզորությամբ կայանի կառուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են:
Ներկայում ընթանում են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) աշխատանքները։ ՇՄԱԳ աշխատանքները ներառում են` բոլոր հնարավոր բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատում, համապատասխան մեղմման միջոցառումների մշակում, մասնավորապես՝ ազդեցություն կենսաբազմազանության վրա, պատմահնագիտական արժեք ներկայացնող տարածքների վրա, սոցիալական ազդեցություն և այլն։
Աշխատանքներն իրականացվում են Մասդար ընկերության կողմից որդեգրած ամենախիստ միջազգային չափանիշներով` ներգրավելով տեղական եւ արտերկրյա մասնագետների խմբեր։
Այդ աշխատանքները համակարգող Ի էյ Էներջի Ըդվայզորի կազմակերպության կողմից արդեն տեղադրվել է միջազգային չափանիշներին համապատասխան արևային և կլիմայական պայմանների մոնիտորինգի համար մետեո կայան` համալրված տարբեր տեսակի չափիչ սարքերով և տվիչներով։
Կարդացեք նաև
Միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ, Ի էյ Էներջի Ըդվայզորի և Գեոդիզայն ընկերությունների կողմից իրականացվել է տարածքի գեոդեզիական քարտեզագրման աշխատանքներ, ճարտարագիտա-երկրաբանական հետազոտություններ, էլեկտրաէներգետիկական համակարգի վրա ազդեցության գնահատում և համակարգին միացման հնարավորությունների ուսումնասիրություն:
Իրականացվել են ՇՄԱԳ փորձաքննության ընթացակարգի առաջին փուլով նախատեսված առաջին հանրային քննարկումները։ Ընթացքի մեջ են տարածքի պատմահնագիտական ուսումնասիրությունները։ Մեկ կամ երկու շաբաթվա ընթացքում կմեկնարկեն կենսաբազմազանության դաշտային ուսումնասիրությունները, ինչպես նաև սոցիալական ազդեցության գնահատման համար անհրաժեշտ դաշտային աշխատանքները։
Կազմակերպության կողմից ներգրավված են տեղական և միջազգային փորձագետներ, որոնց հետ համատեղ պատմահնագիտական ուսումնասիրությունների շրջանակում մանրակրկիտ իրականացվում են դաշտային հետազոտական աշխատանքներ։ Տարածքի լազերային սկանավորման միջոցով մշակվել և պատրաստվել է ողջ տարածքի թվային քարտեզը: Հաշվետվության համար դիտարկվում են տեղական օրենսդրությամբ սահմանված պահանջները, ինչպես նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից կիրառվող համապատասխան ստանդարտները։ Նախագծման ընթացքում դիտարկվելու են բոլոր հնարավոր միջոցառումները և ներգրավված կազմակերպությունների համապատասխան փորձը՝ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը նվազագույնի հասցնելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ 2021 թվականի նոյեմբերի 26-ին ՀՀ կառավարության և Արաբական Միացյալ Էմիրություններում գործող «Մասդար» ընկերության միջև 200 մՎտ հզորությամբ «Այգ-1» ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման շրջանակում ստորագրվել է կառավարության աջակցության համաձայնագիր։ Ծրագրի ընդհանուր ներդրումային արժեքը 174 մլն ԱՄՆ դոլար է, իսկ արտադրվող էներգիայի սակագինը` 0,0290 ԱՄՆ դոլար՝ մեկ կիլովատ/ժամի (կՎտժ) համար: «Այգ-1» ծրագրի իրականացման համար ստեղծված «Մասդար Արմենիա» համատեղ ընկերության բաժնետոմսերի 85 տոկոսը պատկանում է «Մասդար» ընկերությանը, 15 տոկոսը՝ ԱՆԻՖ-ին:
Ֆոտովոլտային էլեկտրակայանի շահագործման մեկնարկը նախատեսվում է 2025 թվականին:
Մասնակցելով պոտենցիալ հաջող և ռազմավարական բիզնես ծրագրերին՝ ԱՆԻՖ-ն աջակցում է տնտեսության դիվերսիֆիկացիային, պետական միջոցները տնտեսության տարբեր ճյուղերում ներդնելով՝ ստեղծում հավելյալ արժեք, ինչպես նաև նպաստում է ներքին, արտաքին ներդրողների և Հայաստանի պետության՝ որպես հուսալի գործընկերոջ հանդեպ վստահության ամրապնդմանը:
Ծրագիրն ունի ռազմավարական կարևոր նշանակություն թե՛ ներդրումային, թե՛ նաեւ Հայաստանի Հանրապետության ընդհանուր էներգետիկ հաշվեկշռում վերականգնվող էներգիայի մասնաբաժնի մեծացման, էներգետիկ անվտանգության և անկախության մակարդակի բարձրացման տեսանկյունից: