Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամենամեծ թվով քննություն հանձնողներն անգլերենից են` 5429». Կարո Նասիբյան (տեսանյութ)

Մայիս 19,2022 15:52

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) փոխտնօրեն Կարո Նասիբյանը «Արմենպրեսի մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում նախ խոսեց այս տարվա ընդունելության կարգի փոփոխություններից: Ասաց, որ եթե նախորդ տարի գործում էր 36 միասնական քննությունների քննական կենտրոն, ապա այս տարի գործելու է 41-ը:

«Հայտագրվողների թիվը նախորդ տարվա հետ համեմատած ավելի մեծ է, եւ դա ունի իր պատճառները: Դիմորդների թիվը կազմել է 13573, իսկ նախորդ տարի եղել է 13120: Այս թվի մեջ ներառված են նաեւ ներբուհական քննություն հանձնողները: Ներբուհական քննություն հանձնողների թիվը անցյալ տարվա համեմատ կրկին աճել է»,-ասաց պարոն Նասիբյանը: Հավելեց, որ հայտագրումն ավարտվել է մայիսի 10-ին:

«Հայտագրման արդյունքում ամենամեծ թիվը գրանցվել է անգլերեն առարկայից` 5557: Երկրորդ տեղում մաթեմատիկան է`  5429,  իսկ երրորդ տեղում  հայոց լեզու եւ հայ գրականություն առարկան` 5323: Մնացած առարկաները 1600 եւ պակաս թվեր են: Ի՞նչն է պատճառը, որ անգլերենի դիմորդների թիվն այդքան մեծ է…Երբ նայում ենք միասնական ընդունելության քննությունների ցանկը, տեսնում ենք, որ չնչին բացառությամբ անգլերենի քննություն նշանակված կամ ընտրված է համարյա բոլոր մասնագիտություններով»,- հավելեց ԳԹԿ փոխտնօրենը:

«Փորձը ցույց է տալիս, որ անգլերեն հանձնողների մեծամասնությունն ավելի բարձր միավորներ է ստանում: Երևի անգլերեն պարապողները ավելի հեշտ են կարողանում յուրացնել դասընթացը կամ ծրագիրը եւ ստանում են ավելի բարձր միավորներ, քան մյուս առարկաներից»,-անգլերենից քննություն հանձնողների մեծաթիվ լինելը այսպես հիմնավորեց ԳԹԿ փոխտնօրենը:

Նրա խոսքով. «Երկու առարկայի ներդրման շնորհիվ ավելացել է նաեւ բնագիտամաթեմատիկական առարկաներից քննություն հանձնողների թիվը: Օրինակ, եթե նախկինում ֆիզիկայից  շատ քիչ դիմորդներ էինք ունենում, այս տարի ֆիզիկայից քննություն է հանձնելու 1585 դիմորդ: Գիտեք որ մյուս բնագիտական առարկաներից` կենսաբանություն եւ քիմիա, հիմնականում բժշկական մասնագիտության դիմորդներն էին հանձնում, ֆիզիկա առարկան էլ շատ քիչ էին ընտրում, իսկ այս տարի 1585 թիվը  նշանակում է, որ բնագիտամաթեմատիկական հոսքերի կամ մասնագիտությունների դիմորդները նախընտրել են ֆիզիկան»:

Կարո Նասիբյանը նշեց, որ առաջին անգամ ԳԹԿ աշխատակիցները վերջին 5-6 տարիների ընթացքում շրջել են բոլոր մարզերում եւ տարածաշրջաններում,12-րդ դասարանի շրջանավարտներ ունեցող տնօրեններին բացատրել նոր կարգը: Նա անդրադարձավ նաեւ ամենապահանջված մասնագիտություններին, ըստ այդմ`  առաջին տեղում Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի բուժական գործն է, երկրորդ տեղում՝ ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկան, երրորդ տեղում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարումը, չորրորդ տեղում՝ ԵՊՀ-ի իրավագիտությունը:

ԳԹԿ տնօրենը հավելեց նաեւ, որ 160 մասնագիտությունների գծով ընդհանրապես դիմորդ չի եղել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031