Գյումրու Շառլ Ազնավուրի հրապարակի մոտ գտնվող Բարեկամության այգին, որը վերակառուցվում է ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանին պատկանող «Զբոսաշրջության և քաղաքաշինության» բարեգործական TUF հիմնադրամի միջոցով, կունենա գերժամանակակից Վերնիսաժ, որտեղ կստեղծագործեն ու իրենց ձեռքի աշխատանքները կցուցադրեն ինչպես Գյումրիի, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերի վարպետները, կանցկացվեն արվեստների ու արհեստների վարպետության դասեր, ցուցահանդեսներ և տոնավաճառներ։
Տաղավարները կունենան յուրահատուկ դիզայն, տաղավարների ծածկը կլինեն հայկական զարդանախշերով, որոնք գունային համադրությամբ կնմանվեն հայկական ազգային կարպետի։ Տաղավարները կջեռուցվեն ու կօգտագործվեն տարվա բոլոր եղանակներին․ Գյումրու խստաշունչ ձմեռները հարկադրել են մտածել նաև այս մասին։
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց TUF հիմնադրամի Գյումրու զարգացման ծրագրերի ղեկավար Ելենա Մուրադյանը։
Նա ասաց, որ Վերնիսաժի տաղավարները պատրաստելու համար հայտարարել են բաց մրցույթ, որը շահել էր Գյումրիի «Տեխնոսիթի» ընկերությունը։ Ըստ նրա՝ առայժմ կպատրաստվեն 25 տաղավարներ՝ 4,5 քառակուսի մետրանոց, սակայն իրենց նպատակն է ունենալ մոտ 60-ը։
Կարդացեք նաև
Վերնիսաժի, ինչպես նաև սահադաշտի կառուցումը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից։
Այսօր Եվրամիության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչներն այցելեցին «Տեխնոսիթի» ընկերության արհեստանոց, որտեղ պատրաստվում են Վերնիսաժի 25 տաղավարները, ծանոթացան աշխատանքների ընթացքին։
Եվրամիությունն այն իրականացնում է «ԵՄ-ն՝ բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար (ITTD)» ծրագրի շրջանակում։
Ինչպես լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության պատասխանատու Անտոնիս Ցամուլիսը՝ Եվրամիությունն այս նպատակի համար տրամադրում է 300 հազար եվրո, նույնքան գումար էլ տրամադրում է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» բարեգործական TUF հիմնադրամը։
«Որպես ԵՄ ներկայացուցիչ՝ կասեմ՝ մենք անչափ ուրախ ենք այս նախագծին մեր ներդրումն ունենալու համար։ Բարեկամության այգու վերակառուցումը նպաստում է տնտեսության ու զբոսաշրջության զարգացմանը։ Վստահ ենք, որ այն կդառնա Գյումրիում ամենաայցելվող վայրերից մեկը: Տեղեկացանք, որ վերակառուցված Բարեկամության այգին աշխատելու է ամբողջ տարին։ Սա ևս մեկ լրացուցիչ խթան է զբոսաշրջիկների համար՝ այցելելու Գյումրի տարվա ցանկացած եղանակին»,-ասաց Անտոնիս Ցամուլիսը։
ITTD ծրագրի թիմի ղեկավար Վիլհելմ Հուգոն էլ հավելեց, որ Բարեկամության այգին ոչ միայն յուրահատուկ նվեր կլինի պատմական քաղաքին, այլ շրջադարձային կլինի Գյումրիում զբոսաշրջության զարգացման համար։
Վերնիսաժի 25 տաղավարների կառուցումը, նախատեսվում է ավարտել այս տարվա սեպտեմբերի կեսին։ Զբոսայգին պատրաստ կլինի 2023 թ․ աշնանը․ վերակառուցման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 12 մլն դոլար։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ