ԱԺ արտահերթ նիստում այսօր ՔՊ խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը խոսքն ուղղեց ոստիկանությանը, հիշեցրեց, որ 2020թ․ պատերազմում հազարավոր ոստիկաններ մեկնել էին հայրենիքը պաշտպանելու։ «Ցավոք, ձեզանից շատերը զոհեցին ամենաթանկը՝ կյանքը։ Երկրի համար այդ ճգնաժամային իրավիճակում, ՀՀ սահմանների պաշտպանությանը զուգահեռ, դուք իրականացնում էիք նաեւ անմիջական պարտականությունները՝ հանցագործությունների կանխում եւ բացահայտում, հասարակական կարգի պահպանում, ճանապարհային երթեւեկություն։ ՀՀ քաղաքացիների համար այլեւս հստակ է, որ ոստիկանն իր իրավունքների եւ ազատությունների պաշտպանն է»,-նշեց Ծովինար Վարդանյանը։
Նրա խոսքով՝ ոստիկաններին հաջողվել է դժվար ժամանակահատվածում վերականգնվել տարիներով վտանգված իրենց համբավը․ «Նախկին ռեժիմը, ի թիվս այլ ինստիտուտների, քավության նոխազ էր դարձրել նաեւ ոստիկանական համակարգը՝ ծառայեցնելով այն սեփական շահերի սպասարկմանն ու սեփական ռեժիմի պաշտպանությանը։ Սակայն 2018թ․-ի թավշյա հեղափոխությունը ՀՀ-ն կանգնեցրեց ժողովրդավարության ռելսերին»։
Կարդացեք նաև
Ըստ պատգամավորի․ «Այսօր կարող ենք արձանագրել, որ իրավական համակարգը բարեփոխումների շրջափուլում է, ոստիկանությունը ժողովրդավարության կայացման ինստիտուցիոնալ գործընթացի առաջամարտիկներից է։ Սիրելի ոստիկաններ, անգնահատելի է ձեր ներդրումը պետության կայացման գործում։ Խորին երախտագիտությունս եմ ուզում հայտնել՝ որպես պատգամավոր եւ ՀՀ քաղաքացի»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ