Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԽՔ․«Կենսալաբորատորիաների վերաբերյալ ռուս գործընկերների կողմից բարձրացվող բոլոր հարցերը ստացել են սպառիչ պատասխաններ»

Մայիս 19,2022 14:12

«Ուզում եմ արձանագրել, որ վարչապետ Փաշինյանը Հայաստանի ներքաղաքական բոլոր հարցերում միշտ էլ ապավինել է հայ ժողովրդի կամքին։ Նույնիսկ նոյեմբերի 9-ից հետո ստեղծված լուրջ ճգնաժամի ժամանակ նա ապավինել է միայն ժողովրդի կամքին եւ ճգնաժամի լուծումը տեսել է ներքաղաքական ինստիտուցիոնալ կարողությունների շրջանակում»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Դիմադրություն» շարժման բողոքի ցույցերին անդրադառնալով՝ Գրիգորյանն ասաց՝ ցույցերի կազմակերպիչներն ավելի քան 1 ամիս է՝ իրացնում են բողոքի ցույցեր իրականացնելու իրենց իրավունքը․«Դրանց անցկացման վերահսկողությունն իրականացնում է ՀՀ ոստիկանությունը։ Ակնհայտ է, որ ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիաները չեն ստացել հանրության աջակցությունը։ Բնականաբար, բողոքի ցույցերի հանգուցալուծումը մենք բացառապես տեսնում ենք Հայաստանի ներքաղաքական ինստիտուցիոնալ միջոցներով»։

Լրագրողի դիտարկմանը՝ ՀՀ-ն կենսանվտանգության առումով խնդիրներ ունի, եւ ռուսական կողմը դրա վերաբերյալ հարցեր է բարձրացնում, Գրիգորյանը պատասխանեց․ «ՀՀ վարչապետի հրամանագրով գործում է աշխատանքային խումբ, որը Հայաստանի ներսում համակարգում է կենսանվտանգության ոլորտը։ Այդ աշխատանքային խումբը համակարգում է անվտանգության խորհրդի քարտուղարը։ Աշխատանքային խումբն ինտենսիվ աշխատում է մեր բոլոր միջազգային գործընկերների հետ, աշխատանքային խմբի համակարգմամբ ժամանակին Ռուսաստանից մասնագետներ են այցելել Հայաստան, եւ այդ մասնագետների կողմից բարձրացված բոլոր հարցերին հայկական կողմը տվել է սպառիչ պատասխաններ։ Այս համատեքստում նաեւ ցանկանում եմ արձանագրել, որ Հայաստանում բոլոր լաբորատորիաներում աշխատում են միայն ՀՀ քաղաքացիներ, այդ լաբորատորիաները գործում են ՀՀ օրենսդրության համաձայն եւ միտված են սպասարկելու միայն ՀՀ շահերը։ Բացի այդ, կենսանվտանգությանը վերաբերող հարցերը մշտապես եղել են ՀՀ եւ ՌԴ անվտանգության խորհուրդների գրասենյակների համագործակցության օրակարգում։ Մեր ռուս գործընկերների կողմից բարձրացվող բոլոր հարցերը մշտապես ստացել են սպառիչ պատասխաններ։ Վերջերս նաեւ ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանը եղել է Մոսկվայում, որտեղ միջգերատեսչական հանձնաժողովի հետ քննարկել են գոյություն ունեցող բոլոր հարցերը։ Եվ հայկական կողմը բոլոր հարցերին տվել է սպառիչ պատասխան»։

Նա ասաց, որ այդ աշխատանքային խումբը քննարկել է ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ կենսանվտանգության ոլորտում համագործակցությունը խորացնելու հարցեր, գոյություն ունի կենսանվտանգությանը վերաբերող հուշագիր․«Մեր համագործակցությունը կարգավորվում է նաեւ այս հուշագրով։ Մենք շարունակում ենք աշխատել՝ անցած տարի ստորագրված հուշագիրը իրականություն դարձնելու վրա։ Հայաստանը շարունակում է կենսանվտանգության հարցերով համագործակցել իր բոլոր գործընկերների հետ, որպեսզի շարունակական բարելավի երկրի կարողությունները տարաբնույթ սպառնալիքներին դիմագրավելու հարցում։ Այդ համագործակցությունն իրականացվում է թափանցիկության եւ միջազգային բարձր չափանիշների հիման վրա»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031