Գարեգին Նժդեհի հրապարակից այսօր առավոտյան մեկնարկած անհնազանդության խաղաղ երթի մասնակից ԱԺ «Հայաստան» խմբակցության ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանը Արշակունյաց պողոտայում Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ «Դիմադրության» շարժման ներկայացուցիչների եւ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի երեկ ուշ երեկոյան կայացած հանդիպումից հետո այսօր իրենց երթը առանց միջադեպերի է առաջ ընթանում: «Երթի դեռ սկիզբն է ու առայժմ սահուն ընթանում է: Իսկ մյուս ուղղությունների մեր գործընկերներից տեղեկություն չունեմ: Մենք ընթացքում նաեւ կարճ ժամանակով խաչմերուկներ ենք արգելափակում ու առայժմ ուժ չի կիրառվել: Չգիտեմ, թե հետո ինչ կլինի»,- ասաց պատգամավորը: Ի դեպ, մինչեւ կրկեսի խաչմերուկ այս խմբին ուղեկցող ոստիկանների շարքերում կարմիր ու սեւ բերետավորներ չկային:
Երթն ուղեկցող ոստիկաններից մեկը նույնպես նշեց, որ ամեն բան ընթանում է իր հունով, որ կազմակերպիչների հետ նախապես բանակցել են, ճշգրտել փոխադարձ պահանջներն ու առաջարկները, եկել ընդհանուր համաձայնության:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ