«Այն մարդիկ, ովքեր թիրախավորում են մարդկանց ինչ-որ խմբին, քաղհասարակությանը պատկանելու համար, օրինակ՝ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող քաղհասարակության անդամներին պիտակավորում են, որպեսզի իրենք, այսպես ասած՝ ավելի տղամարդ երեւան հանրության աչքում, կարծում եմ՝ շատ է բան է ասում տվյալ անձանց մասին»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով ընդդիմադիրների հայտարարություններին։
«Երկրորդ փաստարկն այն է, որ եթե իրենց հարթակում կանգնած շատ մարդիկ որեւէ կապեր են ունեցել հասարակական կազմակերպությունների հետ եւ դրամաշնորհներ են ստացել, ես երբեւէ որեւէ դրամաշնորհ որեւէ ՀԿ-ից չեմ ստացել։ Սա որպես փաստ եմ արձանագրում, ոչ թե՝ դրական կամ բացասական արձագանք։ Կարծում եմ ես այնքան մոտ եմ սորոսականությանը, որքան Իշխան Սաղաթելյանը մոտ է առողջ բանականությանը։ Կուզեի Իշխան Սաղաթելյանն իրականությունը ճիշտ ընկալի, եւ եթե գործարարները չեն ցանկանում մասնակցել իրենց հավաքներին եւ որպես փաստ նշում են, որ ՊԵԿ-ի կողմից ինչ-որ գործընթացներ կան, ապա թող անկեղծ գտնվեն ու իրական պատճառը նշեն, որ ուղղակի չեն ցանկանում իրենց հավաքներին մասնակցել»,-ասաց Բադասյանը։
Նա նշեց՝ իշխանափոխության հանրային պահանջ չի տեսնում, Հայաստանի ժողովրդի մեծամասնության կողմից իշխանափոխության պահանջ չկա․«2018-ի եւ այսօրվա իրադարձությունների մեջ չկա որեւէ աղերս, թե՛ հանրության ներգրավվածության առումով, թե՛ հանրային պահանջի ձեւակերպման, եւ թե՛ մթնոլորտի»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ