Լրահոս
Օրվա լրահոսը

«Մաշեցնում են Երեւանի ասֆալտը, իջնում թանկարժեք մեքենաներից, փողոց փակում ու թաքնվում»․ ՔՊ պատգամավորներ

Մայիս 19,2022 13:40
ՔՊ-ականներ-QP

«Ահա եւ վերջ․ ասաց մի ծեր ձի՝ տեսնելով առաջին ավտոմեքենան։ Իրականում դրսում իրականացվող քաղաքական գործընթացների հիմնական մեկնարկն ու սկզբնաղբյուրն այս օրենքն է։ Սրանով էր պայմանավորված մեր ընդդիմադիրների բուռն պայքարը, որ այս օրենքն այդպես էլ չհասներ ԱԺ»,-խորհրդարանի արտահերթ նիստում այսօր հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։

ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվում է «Ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է ընդլայնել «պաշտոնատար անձ»  հասկացությունը եւ բացի հանրային պաշտոն զբաղեցրած անձանցից՝ այդ հասկացության շրջանակում ներառել նաեւ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց: Առաջարկվել է նաեւ, որ վարույթ իրականացնող մարմինը հնարավորություն ունենա պահանջելու պատասխանողից գույքի ձեռքբերման արժեքը, իսկ եթե գույքը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս:

ՔՊ խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Գեւորգ Պապոյանը, եւս խոսքն ուղղեց ընդդիմությանը․ «Ընդդիմության որոշ փոքրիկ խմբակների կողմից Երեւանի փողոցները մի քանի րոպեով փակելու, սակայն դրա դիմաց իրենց տիրապետության տակ եղած մեդիամիջոցներով մի քանի ժամանոց աղմուկ տարածելու պատճառով ստվերվում են իրապես կարեւոր մի շարք նորություններ։ Օրինակ՝ կառավարության նախորդ նիստում վարչապետը խոսեց կարեւոր ծրագրի մեկնարկի մասին, որը ենթադրում  է տասը տոկոսի չափով գումարի վերադարձի հնարավորություն կենսաթոշակառուներին, եթե նրանք գնումները կատարում են անկանխիկ եղանակով»։

ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն էլ նշեց․ «Մինչ մենք այստեղ այս օրենքի փոփոխությունն ենք քննարկում, օրենքի հիմնական շահառուները մաշեցնում են Երեւանի ասֆալտը, ավելի ճիշտ՝ փորձում են մաշեցնել դեռեւս եւ վստահաբար՝ անհաջող։ Արցախի փրկության անվան տակ փորձում են փրկել իրենց թալանածը՝ զբաղվելով իրենց թալանի ազատագրմամբ»։

ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն էլ շեշտեց՝ այս քննարկմանը եւս ընդդիմադիրները ներկա չեն, որովհետեւ հեշտ ճանապարհ են գտել․ «Իջնում են թանկարժեք մեքենաներից, նստում փողոցում, հետո նորից թաքնվում թանկարժեք մեքենաներում, հետո ասում, իբր 40-50 000 քաղաքացիներ իրենց կողքին են, թե հանրային պահանջ կա։ Չկա հանրային պահանջ։ Դա ձեր պատրանքն է ու երազանքը։ Մոլորվել եք եւ չեք հասկանում, թե ինչի համար եք դուրս եկել փողոց։ Վստահ եմ, որ այս օրենքի քննարկումն ուղիղ կապ ունի ձեր՝ փողոց փակելու եւ տարօրինակ պահանջների հետ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031