Լրահոս
Օրվա լրահոսը

Գալյանը հաստատեց՝ ընդդիմադիրներից ոմանք անցնում են ապօրինի ծագման գույքին առնչվող վարույթներով

Մայիս 19,2022 12:46

«Շատ լավ է, որ ուսումնասիրությունների շրջանակն ընդլայնում ենք, բայց հնարավո՞ր է, որ նախկին պաշտոնյաների հանդեպ վարույթ կա, ու լինեն մարդիկ, որոնք կապ ունեն նրա հետ, բայց օրենքը թույլ չտա իրենց հանդեպ եւս վարույթ իրականացնել։ Հնարավո՞ր են նման դեպքեր»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանից (լուսանկարում) հետաքրքրվեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվում է «Ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է ընդլայնել «պաշտոնատար անձ» հասկացությունը եւ, բացի հանրային պաշտոն զբաղեցրած անձանցից, այդ հասկացության շրջանակում ներառել նաեւ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց: Առաջարկվել է  նաեւ, որ վարույթ իրականացնող մարմինը հնարավորություն ունենա պահանջելու պատասխանողից գույքի ձեռքբերման արժեքը, իսկ եթե գույքը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, պատասխանատուից պահանջել այդ գույքի ձեռքբերման պայմանագրային արժեքը:

Սրբուհի Գալյանը պատասխանեց․ «Գույքն ինչ-որ կետում կապվում է  կոնկրետ անձի հետ։ Օրենքը հնարավորություն է տալիս վարույթ իրականացնել այն դեպքում, երբ կա քրեական գործով վարույթ, այսինքն՝ անձն ունի մեղադրյալի կարգավիճակ։ Կամ կա մեղադրական դատական ակտ։ Մյուս դեպքում ՕՀՄ մարմինները հայտնաբերում են, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձը կամ նրա հետ կապված անձինք տիրապետում են ապօրինի ծագման գույքի։ Մեր հիմքերն օրենքի մասով սպառիչ են։ Հիմա հնարավորություն ենք տալիս վարույթ իրականացնող մարմնին նախաձեռնել ինքնուրույն վարույթ՝ այն դեպքում, երբ մեր իսկ կողմից քննվող ուսումնասիրությամբ ի հայտ կգան տվյալներ, որ պաշտոնյան կամ նրա հետ կապված անձն ունեն ապօրինի ծագման գույք»։

Սրբուհի Գալյանը շեշտեց՝ չենք կարող ակնկալել, որ այս օրենքը կիրացնի բոլոր նպատակները, որոնք կապված են գույքի բռնագանձման հետ․ «Մեր երկրում կան նաեւ այլ ինստիտուտներ, որոնց բաժին  է ընկնում պայքարել ապօրինի ծագման գույքի հետ։ Պաշտոնատար անձանց շրջանակը լայն է ընտրված, բայց ոչ այնքան լայն, որ ունենանք, օրինակ, համաչափության խնդիր»։

Հովիկ Աղազարյանը նաեւ ասաց․ «Մեր ընդդիմադիր գործընկերները տեւական ժամանակ արտախորհրդարանական պայքար են մղում իրենց «գաղափարները» կյանքի կոչելու համար։ Շատ անգամ շոշափվում է  հարցը, որ եթե նրանք գան իշխանության, ապա թալանածը կամ թալանը հետ կբերեն։ Մեր գործընկերների շարքում կա՞ն մարդիկ, որոնց հանդեպ այս համատեքստում վարույթ կա։ Անուններ կարող եք չտալ»։

Սրբուհի Գալյանը պատասխանեց․ «Այո, կան։ Իրավական պետության կառուցման ճանապարհին կան միջազգային իրավական գործիքներ, որոնք պետք է ունենան զարգացած պետությունները։ Ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին օրենսդրությունն այս կարեւոր գործիքներից է, եւ ոչ մի դեպքում մենք, որպես իրավական պետություն, այս գաղափարներից հրաժարվել չենք կարող։ Այս նախագիծը միտված է օրենքի արդյունավետությանը՝ բոլոր ժամանակներում»։

Իսկ թե քանի ընդդիմադիր պատգամավոր կա, որ անցնում է ապօրինի ծագման գույքի մասին օրենքով, Սրբուհի Գալյանը նշեց․ «Թիվն այս պահին չեմ հիշում, բայց դատախազության համար նշանակություն չունի՝ անձն ընդդիմադի՞ր է, թե իշխանական։ Մեզ համար տարբերություն չկա, սա իրավական գործընթաց է։ Ազգությունը եւս կապ չունի, նման գործեր էլ ունենք»։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031