Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սահմանադրական եւ Վճռաբեկ դատարանների դատավորների վարձատրությունը կավելանա (տեսանյութ)

Մայիս 19,2022 12:28

Սահմանադրական դատարանի եւ Վճռաբեկ դատարանի դատավորների վարձատրությունները գործող օրենսդրությամբ չեն համապատասխանում  նրանց կարգավիճակին եւ պատասխանատվությանը։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը։

Նախարարությունը  առաջարկում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքներում։

Նախագծով առաջարկվում է  ավելացնել նշված դատավորների վարձատրությունը՝ նրանց տրվող հավելավճարների միջոցով։

Վճռաբեկ դատարանի դատավորների համար առաջարկվում է սահմանել հավելում պաշտոնական դրույքաչափի 50 տոկոսի չափով, իսկ Սահմանադրական դատարանի բոլոր դատավորների համար հավելավճարի չափը սահմանվել ֆիքսված՝ պաշտոնային դրույքաչափի 80 տոկոսի  չափով։

Նախագիծը զեկուցող Գրիգոր Մինասյանի ներկայացմամբ՝ որպեսզի նախագծի ընդունման արդյունքում ՍԴ դատավորների կենսաթոշակի չափն զգալի չտարբերվի մյուս ատյանի դատավորների կենսաթոշակի չափից, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում նախատեսվել է կարգավորում, ըստ որի՝ եթե դատավորի համար սահմանված հավելավճարի չափը գերազանցում է պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսը, ապա կենսաթոշակի հաշվարկի մեջ ընդգրկվում է հավելավճարի գումարի միայն 30 տոկոսը։

Տարեկան կտրվածքով ակնկալվում է պետական բյուջեից հատկացնել 283 մլն դրամի լրացուցիչ միջոցների հատկացում, որից Սահմանադրական դատարանի մասով՝ 86 մլն դրամ, Վճռաբեկ դատարանի համար՝ 197  մլն դրամ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սա շատ կարեւոր որոշում է։ Նա նշեց՝ սա միայն ֆինանսական հարց չէ, սա նաեւ հանրային աջակցության ձեւ է բոլոր այն դատավորներին, ովքեր ծառայում են իրենց խղճին, համոզմունքին, Սահմանադրությանն ու օրենքին․«Շատ կարեւոր է ունենանք վճռականություն այս միջոցներն իրականացնելու, որքան էլ հասկանանք, որ դրանք ոչ պոպուլյար  որոշումներ են»։

Փաշինյանի խոսքով՝  շատերն ասելու են՝ այս սոցիալական ծանր վիճակում  դատավորների աշխատավարձն եք բարձրացնում․«Մենք այս որոշումները  կայացնում ենք ոչ թե հանուն դատավորների, այլ հանուն այն քաղաքացիների, ովքեր առնչվում են այդ դատարանների հետ։ Պատշաճ արդարադատությունն ամենակարեւոր հնարավորությունն է, որ երկրում պետք է ունենանք, սա ունի ե՛ւ սոցիալական, ե՛ւ քաղաքական, ե՛ւ իրավական նշանակություն։  Մենք հետեւողականորեն պետք է գնանք այս ճանապարհով։ Մենք ուզում ենք, որ ՀՀ-ում լինի այնպիսի դատական համակարգ, որը պայմանականորեն ասած՝ նայում է մարդկանց աչքերին, եւ ոչ թե մարդկանց ձեռքերին։  Մենք այս որոշումները կայացնում ենք նաեւ այն պատճառով, որ երբ ասում ենք՝ մենք ուզում ենք, որ երկրում լինի իսկապես անկախ դատական համակարգ, դա քաղաքական կարգախոս չէ, դա համոզմունք է, նպատակ է, որին հետեւողականորեն պետք է հասնենք։ Մենք այն կանխավարկածով չենք առաջնորդվում, որ այսօր բոլոր դատավորները նայում են մարդկանց ձեռքերին, կան բազմաթիվ դատավորներ, որոնք առաջնորդվում են օրենքով եւ իրենց խղճով, եւ նաեւ այս մարդկանց պետք է աջակցենք՝ որպես կառավարություն, երկիր, հանրություն, եւ քաջալերենք»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031