«Երթի դուրս ենք գալիս, օրինակ, 1000 հոգով, Ֆրանսիայի հրապարակ ենք վերադառնում՝ 3000 հոգով, դուրս ենք գալիս 500 հոգով, վերադառնում ենք՝ 4000 հոգով եւ այսպես. երթերի եւ պայքարի արդյունավետության գնահատականը սա է»,- լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀկ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը՝ հարցին՝ տեսակետ կա, թե ընդդիմության պայքարի այս ձեւն արդյունավետ չէ: Երիտհանրապետական գործիչը պնդում է, որ ընդդիմությունը թույլ չի տալու, որ Նիկոլ Փաշինյանը շարունակի իր ազգադավ գործունեությունը՝ նոր զիջումների տեսքով, եւ դա անելու են բացառապես ժողովրդի ճնշումով, քանի որ դա ճիշտ մեթոդ է:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը տեղեկացրել է, որ պահանջել են ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին վարչական պատասխանատվության ենթարկել: Հենրիխ Դանիելյանն արձագանքում է. «2018 թվականից ի վեր, մենք ապրում ենք այնպիսի Հայաստանում, որտեղ չգիտեն ժողովրդավարական արժեքները, չգիտեն իրավունքը: Երեկ նաեւ տեսանք՝ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ ինչ վերաբերմունք էր ոստիկանների կողմից, ինչպես էին քաշքշում, եւ ինչ բիրտ ուժ էր կիրառվում. իրենք չգիտեն՝ ինչ է նշանակում պառլամենտ, ԱԺ պատգամավոր, եւ նորմալ եմ համարում, որ իրենք նման հռետորաբանությամբ են հանդես գալիս: Իրենք իրավիճակին չեն տիրապետում, անիմաստ է նրան մեկնաբանելը. եթե մարդիկ լսեն Դանիել Իոաննիսյանին՝ տասնյակ հազարավոր ցույցերը ասում է 10-20 մարդ, թեեւ չգիտեմ, ո՞վ է իրեն լսում: Քահ-քահ ծիծաղ. այսպիսի ազդեցություն է թողնում դա մարդկանց վրա»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ