«ԱՐՄԵՆՊՐԵՍԸ» այսօր ներկայացրել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ հարցազրույցի ամբողջական տարբերակը, որում անդրադարձ կա նաեւ ԼՂ հարցին:
– Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ՝ վերահաստատո՞ւմ եք արդյոք 2020 թ. տեղի ունեցած 44-օրյա պատերազմից հետո Ձեր կողմից բազմիցս արտահայտված այն դիրքորոշումը, որ Միացյալ Նահանգները լուծված չի համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, քանի դեռ լուծված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, եւ որ հիմնախնդիրը պետք է համապարփակ լուծում ստանա: Ճի՞շտ եմ արդյոք հասկանում Վաշինգտոնի դիրքորոշումը, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցված հայտնի սկզբունքների հիման վրա:
– Անշուշտ, Միացյալ Նահանգների դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռեւս մնում է չլուծված: Մենք շարունակում ենք կարծել, որ տեւական լարվածության հիմքում գտնվող եւ 2020 թ. ռազմական գործողություններին հանգեցրած խնդիրները պետք է կարգավորվեն բանակցությունների միջոցով ու համապարփակ լուծմամբ՝ հիմք ընդունելով տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման եւ ուժի չկիրառման միջազգայնորեն ճանաչված սկզբունքները: Մենք խրախուսում ենք շարունակել խաղաղության բանակցությունները եւ պատրաստ ենք ներգրավվել երկկողմ ձեւաչափով եւ համախոհ գործընկերների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:
– Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե «Մինսկի խմբի համանախագահները չպետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի հարցով, քանի որ Ադրբեջանը արդեն լուծել է այդ խնդիրը նրանց փոխարեն»: Ադրբեջանի ղեկավարությունը բազմիցս հնչեցրել է այս միտքը, ընդ որում՝ շատ ագրեսիվ ու քամահրական տոնով՝ ինչպես արձանագրված է պաշտոնական հայտարարություններում եւ մամուլի հրապարակումներում: Ուրեմն ինչպե՞ս կարելի է վերականգնել Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղ բանակցությունների գործընթացը՝ նկատի ունենալով Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը Մինսկի խմբի գործունեության առնչությամբ: Ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել Միացյալ Նահանգներն այդ ուղղությամբ:
Կարդացեք նաև
– Թույլ տվեք ընդգծել, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել խաղաղ, ժողովրդավար եւ բարեկեցիկ ապագայի կերտմանը Հարավային Կովկասում: Սա նաեւ ներառում է ուղիղ կապի գործող մեխանիզմների օգտագործումը՝ գտնելու համապարփակ լուծումներ բոլոր չկարգավորված խնդիրներին եւ նորմալացնելու հարաբերությունները՝ խաղաղության համապարփակ համաձայնագրի ստորագրմամբ: Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի այս ջանքերին, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակում՝ տեւական եւ համապարփակ խաղաղության հարցում այդ երկրներին օգնելու նպատակով:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուրում: