Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Դեռ վաղ է խոսել այդ գույքը վերադարձնելու մասին, ԱՄՆ-ում գործընթաց պետք է լինի»․ դատախազի տեղակալ

Մայիս 19,2022 11:50

«ԱՄՆ-ում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթաց է սկսվել։ Դատախազությո՞ւնն է դիմել։ Եթե ապացուցվի, որ ապօրինի ծագման գույքի աղբյուր կա, ինչպե՞ս է այն վերադարձվելու ՀՀ»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր դիմելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանին՝ հարցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը։ Հիշեցնենք, որ խոսքը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի՝ ԱՄՆ-ում գտնվող  առանձնատան մասին է։

Սրբուհի Գալյանը տեղեկացրեց․ «ԱՄՆ գործընկերների հետ որոշ անձանց մասին քննարկումները սկսվել են դեռեւս 2019թ․-ից, երբ այս օրենքը դեռ չկար,  երբ հարցումներ են ուղարկվել ԱՄՆ եւ այլ երկրներ։ ԱՄՆ-ի մեր գործընկերները պատրաստակամություն են հայտնել օգնելու։ Ինչ վերաբերում է գույքի վերադարձմանը` դեռ վաղ է խոսել, քանի որ ԱՄՆ-ում որոշակի գործընթացներ պետք է լինեն։ Քննարկումներն այսօր տեղի են ունենում, տեխնիկական հարցեր են։ Դատախազությունն, իհարկե, ունի ներգրավվածություն, եւ ԱՄՆ-ում վարույթի նախաձեռնման հիմքում ընկած է դատախազության գործողությունների ամբողջությունը»։

Սոնա Ղազարյանն անդրադարձավ նաեւ վերջերս արձանագրված դեպքին, որը վերաբերում է  Գալուստ Գրիգորյանին․ «Հասկանում եմ, որ սա հայտնի անձի ապօրինի գույքի բռնագանձման շրջանակում է, բայց կարո՞ղ եք ասել՝ ո՞ր գործի շրջանակում է Գալուստ Գրիգորյանից հօգուտ ՀՀ-ի գույք բռնագանձվել»։

Սրբուհի Գալյանը պատասխանեց․ «Նշված անձի գույքը դեռ չի բռնագանձվել հօգուտ ՀՀ-ի, այլ դատարանի կողմից կիրառվել է հայցի ապահովման նախնական միջոց։ Այսինքն, նշված անձի գույքերի հանդեպ դրվել է արգելանք։ Տվյալ անձին առաջադրված է եղել մեղադրանք, որը նախատեսված է հենց օրենքով»։

ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվում է «Ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է ընդլայնել «պաշտոնատար անձ»  հասկացությունը եւ բացի հանրային պաշտոն զբաղեցրած անձանցից` այդ հասկացության շրջանակում ներառել նաեւ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց: Առաջարկվել է նաեւ, որ վարույթ իրականացնող մարմինը հնարավորություն ունենա պահանջելու պատասխանողից գույքի ձեռքբերման արժեքը, իսկ եթե գույքը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, պատասխանատուից պահանջել այդ գույքի ձեռքբերման պայմանագրային արժեքը:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031