Լրահոս
Օրվա լրահոսը

«Որքան Հիտլերը քրիստոնեության հետ կապ ունի, այնքան Նիկոլի ռեժիմը՝ ժողովրդավարության». Էդուարդ Շարմազանովը՝ Լին Թրեյսիին

Մայիս 19,2022 11:38

«Եթե մտավախություն եւ կասկած չունենայինք, ինչի՞ էինք պայքարում: Հենց այն համոզմունքը, որ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը ապազգային է, իրականացնում է թուրք-ադրբեջանական ծրագիրը, բերել է նրան, որ տասնյակ հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել փողոց»,- «Դիմադրության» շարժման երթի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին՝ մտավախություն չունե՞ք, որ մինչեւ իշխանափոխություն լինի, գործող իշխանությունը ստորագրած կլինի նաեւ խաղաղության պայմանագիրը, քանի որ այս ընթացքում նիկոլ Փաշինյանը եւ իշխանության տարբեր ներկայացուցիչներ ակտիվ հանդիպումներ, քննարկումներ, խորհրդակցություններ են ունենում միջազգային տարբեր դերակատարներ հետ:

Ընդդիմադիր գործիչը կրկնում է՝ 2018-ից սկսած Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Հայաստանն ու Արցախը տանում են դեպի ծրագրավորված պարտություն եւ ընդդիմության պայքարը հենց նրա համար է, որպեսզի կանխվի Արցախի հարցում «նշաձողի իջեցումը» եւ Հայաստանում ապազգային իշխանության գոյությունը:

Էդուարդ Շարմազանովի համար առնվազն տարակուսելի եւ զարմանք առաջացնող է, որ այս իրավիճակում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին «երկակի ստանդարտ ունեցող» հայտարարություն է անում. «Երբ պատգամավորներին, կանանց, անչափահասներին բերման են ենթարկում, ուժ են կիրառում նրանց նկատմամբ, դա համարում են ժողովրդավարություն: Որքան Հիտլերը քրիստոնեության հետ կապ ունի, այնքան Նիկոլի ռեժիմը՝ ժողովրդավարության»:

Դիտարկմանը, որ 2018-ին ԱՄՆ դեսպանությունը ՀՀԿ-ական իշխանությանը կոչ էր անում՝ զսպվածություն ցուցաբերել գործընթացների նկատմամբ, իսկ այժմ, էականորեն այլ դիրքորոշում է հայտնում. ինչպե՞ս սա հասկանալ, Էդուարդ Շարմազանովը արձագանքեց. «Շատ պարզ. մեր տղան է, մենք ենք իշխանության բերել՝ սորոսի արեւմտյան թեւով, ինքը իրականացնում է մեր աշխարհաքաղաքական ծրագիրը: Մոռացել ե՞ք, Բոլթոնն եկավ Հայաստան, ասեց՝ հայ ժողովուրդը պետք է հրաժարվի իր պատմական կաղապարներից: Բոլթոնը ո՞ր երկրի պաշտոնյան էր. ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդականն էր, պատմական կաղապարները ո՞րն էր. եկեղեցին, արցախյան հիմնահարցը, ցեղասպանության միջազգային ճանաչումը: Դա խայտառակ հայտարարություն էր»:

Անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանն էլ այն մասին, որ կարևոր է շարունակել խաղաղության պայմանագրի շուրջ այս բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և մանդատի համաձայն, եւ, որ Հայաստանի համար կարևոր է քննարկել իրավունքների և անվտանգության հարցերը Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Կարգավիճակը ո՞րն է, Ադրբեջանի կազմում ինքնավար մարզն էլ է կարգավիճակ: Ինքնորոշման իրավունքի իրացում, Արցախի միջազգային ճանաչում բառակապակցություններ տեսել ե՞ք, լսել ե՞ք, որ ասեն՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում: Ստրուկն էլ է կարգավիճակ: Դա անթույլատրելի է, այս իշխանությունը չի կարող սպասարկել Հայաստանի եւ Արցախի շահը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031