«Եթե հանրահավաքը համեմատենք հանրահավաքի, երթը՝ երթի հետ, ապա համադրության արդյունքում ստացվում է, որ հիմնականում ունենում ենք անշեղորեն աճող թվեր։ Ուստի առավոտյան 7-ին կամ հորդ անձրևի տակ Ֆրանսիայի հրապարակը նկարելը, որպեսզի ասեն, թե մարդ չկա, որպեսզի Փաշինյանը երջանկանա եւ այդ օրը հանգիստ անցկացնի, իրենց խնդիրն է, բայց իրենց խնդիրները թող չտարածեն հասարակության վրա», – Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով դիմադրության գործողությունների ժամանակ այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով մեկնաբանություններին, թե հավաքների մասնակիցների թիվը գնալով նվազում է՝ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Նա անդրադարձավ իշխանական պատգամավորների քննադատություններին, որ ընդդիմությունը բացակայում է, եւ հնարավոր է՝ նրանց մանդատներից զրկելու հարցը քննարկվի։ «Այդ մանդատը մեզ իրենք չեն տվել, որ մի հատ էլ քննարկեն՝ զրկե՞ն, թե ոչ։ Դա ժողովուրդն է տվել։ Իսկ բացակայությունների մասին խոսելիս կարեւոր է շեշտել, որ իրենք են բացակա քաղաքական գործընթացից։ Մենք մեր ընտրողների եւ հայրենակիցների կողքին ենք։ Իրական գործընթացը հիմա փողոցում է։ Մենք այդ մանդատն իրացնում ենք այն ուղղությամբ, որով ստացել ենք՝ հեռացնել կապիտուլյանտին եւ երկիրը դուրս բերել այս վիճակից»,-նշեց Հայկ Մամիջանյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ