«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ մրցակցության պետական հանձնաժողովն այս տարվա ապրիլի 5-ին «Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին որոշում է կայացրել:
Ընկերությանը տրվել է նախազգուշացում, ինչպես նաեւ «հանձնարարվել մեկամսյա ժամկետում շտկել օրենքի խախտումը՝ դադարեցնել մինչեւ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրն արտադրված «ԷԿՈ» բառի մակնշմամբ հավկիթների իրացումը, այդ թվում՝ այլ տնտեսվարող սուբյեկտների միջոցով դրանք իրացնելու դեպքում գրավոր հետ կանչել կամ համապատասխանեցնել «Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքի պահանջներին»: Ապրիլի 19-ին նման բովանդակությամբ որոշում է կայացվել նաեւ «Պրոյեկտ ինտեր ինվեստ» ընկերության մասով:
Պարզվում է՝ «Շիրակ» թռչնաֆաբրիկան էլ, ըստ ՏՄՊՊՀ-ի, հասարակությանը մոլորեցնելով, «Էկո», «էկոդեմոնստրատոր» եւ «օրգանիկ» բառերով հավկիթ է արտադրել, ինչը օրենքի խախտում է: Իհարկե, «Շիրակ»-ը ծիծաղելի պարզաբանում է տվել, թե «ԷԿՈ» մակնշումը ոչ թե ձվին, այլ տուփի վրայի ինքնաթիռին է վերաբերում, բայց, ամեն դեպքում, ապօրինության համար «Շիրակ»-ը տուգանվել է 3 մլն 44 հազար ՀՀ դրամով:
Ավելին՝ Հանձնաժողովը հանձնարարել է նաեւ «Շիրակ» ընկերությանը, որ ամբողջությամբ հավաքի արտադրված հավկիթները բոլոր խանութներից: «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրել է, որ մինչ օրս մի շարք խանութներում վաճառվում են «ԷԿՈ» մակնշմամբ հավկիթներ՝ շրջանցելով Հանձնաժողովի որոշում-արգելքը: Ինչպե՞ս է ստացվում, որ արգելքի որոշման առկայության պայմաններում այսօր առեւտրի կենտրոններում վաճառվում են «Արզնի» եւ «Շիրակ» թռչնաֆաբրիկաների կողմից արտադրված «ԷԿՈ» մակնշմամբ հավկիթներ:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։