Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես, իհարկե, պատերազմի լրագրող չեմ, բայց սա պարզապես աշխատանք չէ». Լիկա

Մայիս 19,2022 14:00

Լիկայի օրագրում  ապրում էին ամենատարբեր եւ հետաքրքիր հերոսներ՝ Ստեփանակերտի խիզախ կանայք, հեքիաթային ձկներ եւ «բլա բլա բլա» գոչող դիվանագետները

«Պատերազմից հետո մեր տունը վերանորոգված չէր: Տատիկիս հարցնում էի, թե ինչու չենք վերանորոգում այն: Ասում էր. «Վախումում ռեմոնտ անինք, էդքան չըրչարվինք, փող տինինք, վերջում էլի մին բոմբ քցին, լոխ վյարի տան…Չէի հասկանում, թե ինչից է վախենում, չէի տեսել պատերազմի երեսը»,- իր օրագիրն այսպես է սկսում լրագրողը:

Լույս է տեսել Լիկա Զաքարյանի «Օրագիր անտեսանելի պատերազմից. 44 օր» գիրք-ալբոմը: Հրատարակիչներն են Կարին Հովհաննիսյանն ու Ալեք Մուհիբյանը: Այն նվիրվում է Արցախի ժողովրդին:

Հեղինակի՝ «ՍիվիլՆեթ» հայկական մեդիաընկերության լրագրող, լուսանկարիչ եւ գրող Լիկա Զաքարյանի մասին Կարին Հովհաննիսյանը գրում է. «Լիկան կեղծ օբյեկտիվություն չէր ցուցաբերում: Ի վերջո, նրա եղբայրն ու զարմիկն առաջնագծում էին, իսկ մայրը հիվանդանոցում խնամում էր վիրավորված զինվորներին: Փոխարենը նա վճռականորեն ազնիվ էր: Նա ազատ արտահայտում էր իր մտքերը եւ զգացմունքները, շարադրում պատերազմի պատմությունները եւ ամեն օր դրանք հրապարակում «ՍիվիլՆեթում»: Լիկայի օրագրում  ապրում էին ամենատարբեր եւ հետաքրքիր հերոսներ՝ Ստեփանակերտի խիզախ կանայք, հեքիաթային ձկներ եւ «բլա բլա բլա» գոչող դիվանագետները: Բայց այնտեղ կային նաեւ խաղացող վախ եւ ահազանգ: Լիկան գիտակցում էր, որ ցանկացած պահի այս պատերազմը կարող էր վերածվել ցեղասպանության»:

Օրագրի առաջին գրառումը սկսվում է. «Բայց այսօր մի ուրիշ տեսակ էր: Այսօր Ստեփանակերտում արթնացանք պայթյունի ձայներից…»:

Լիկան ամեն օր ներկայացրել է՝ ինչ է կատարվել: Ահա նրա ժամանակագրությունից մի հատված. «Այսօր մենք այցելեցինք նրանց, ովքեր մնացել են Արցախի նկուղներում: Դա առանձին թեմա է, որն ավելի շատ խոսքերի է արժանի: Կանայք, երեխաները, տարեցները, որոնք ոչ ուտելու տեղ ունեն, ոչ էլ լվացվելու: Իսկ նկուղները ցուրտ են, մութ եւ տխուր»:

Ու այս ֆոնի վրա՝ «Մենք թափառեցինք քաղաքում: Մաքուր ու աշխույժ Ստեփանակերտից մնում է միայն մաքրությունը: Կարծես անկենդան քաղաք լինի, մանավանդ, եթե չիմանայինք, որ քաղաքի նկուղներում դեռ երեխաներ կային»:

Լիկան, որպես ականատես, ամենայն մանրամասնությամբ է ներկայացնում պատերազմի մարդկանց ապրումները, թիկունքի ցավը: «Պատկերացրեք մի նկուղում երեսունհինգ-քառասուն մարդ է ապրում: Նրանցից յուրաքանչյուրը հարազատ ունի առաջնագծում, որը չի զանգում: Անհանգստությունից խենթանալն այդքան էլ դժվար բան չէ: Յուրաքանչյուրը դուրս է իր հարմարավետության գոտուց եւ ապրում է քաոսի մեջ՝ առանց որեւէ գաղափար ունենալու, թե երբ այս ամենը կավարտվի: Եվ այստեղ է միակ ելքը՝ միմյանց զիջելն ու դիմանալն է, ոչ թե բարկանալն ու փնթփնթալը…Գիտականորեն ապացուցված փաստ է, որ գրկախառնությունն իսկապես օգնում է մարդկանց հանգստացնել: Շատ հաճախ հարցազրույցների ժամանակ, մարդիկ հուզվում են, լաց լինում, ծիծաղում…Երբեմն ուզում եմ դեն նետել տեսախցիկը, հարցաշարը եւ պարզապես գրկել նրանց: Հենց այդպես էլ անում եմ»:

2020թ: Հոկտեմբերի 3: Լիկան նկարագրում է, թե ինչպես են մարդիկ եկեղեցի գնում, «Եկեղեցու նկուղը ապաստան է նրանց համար, ովքեր որոշում են մնալ»,-գրում է նա, եւ ապա՝ «Նրանք բարձրանում են վերեւ՝ աղոթելու եւ իջնում ներքեւ՝ ապրելու»:

Անչափ հուզիչ պատմությունները հաջորդում են մեկը մյուսին, պատերազմի դեմքը հենց դա է: Լիկան պատմում է տասնվեց տարեկան մի տղայի մասին, որի հայրը, եղբայրը ռազմադաշտում են, մայրը հիվանդ, եւ նա ապաստանելով Երեւանում՝ գտնում է…աշխատանք, արհեստանոց, ուր դագաղներ են պատրաստում: «Ես չգիտեմ, ինչպես կշարունակեմ ապրել այս ինֆորմացիայի հետ».-գրում է նա:

Պատերազմի վերջին օրվա նկարագրությունն, ասես, արցախցիներից յուրաքանչյուրինը լինի. ընդհանրական է. «Ով եմ ես, որ երկրի քաղաքացի: Որտեղ եմ ապրելու… Ես այլեւս չունեմ այս հարցերի պատասխանները: Հասկանում եմ, որ Հայաստանի եւ Արցախի միջեւ միջանցք կա Քարվաճառով, բայց կոստյումով տղամարդիկ որոշեցին նոյեմբերի 15-ին այն նվիրել ադրբեջանցիներին: Մինչդեռ Շուշիով անցնող մյուս ճանապարհը փակ է…»:

Օրագիրն ուղեկցվում է խոսուն լուսանկարներով:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031