Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռիում եւ Կոտայքում ոստիկանության կամայականության համաթվերը բավականին ցածր են

Մայիս 19,2022 13:30

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները ցույց են տալիս, որ 2019 թ. Հայաստանում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվը 6089 է, 2021 թ.-ին՝ 6431, որն ըստ բնակչության թվի կազմում է 2019 թ.-ին՝  0,20% եւ 2021 թ.-ին՝ 0,22% (հանցագործությունների թիվ/բնակչության թիվ)։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացրած աղյուսակից երեւում է, որ ըստ բնակչության թվի՝ հանցագործությունների տոկոսը 2019 թ. հանրապետության միջին մակարդակից (0,20%-ից) բարձր է Երեւանում՝ 0,27%, Լոռու եւ Կոտայքի մարզերում՝ 0,22% եւ 0,19% եւ միջին մակարդակից ցածր է Արարատի (0,12%) եւ Վայոց ձորի (0,12%) մարզերում։ 2021 թ. հանցագործությունների տոկոսն, ըստ բնակչության թվի, հանրապետության միջին մակարդակից (0,20%-ից) բարձր է Երեւանում՝ 0,30%, Լոռու  (0,21%), Կոտայքի (0,21%) եւ Տավուշի (0,12%) մարզերում, ցածր է՝ Շիրակի (0,13%) եւ Սյունիքի մարզերում (0,13%)։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացրել է «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» հասարակական կազմակերպության (APR Group) ներգրավմամբ 2021 թ.-ին իրականացված «ՀՀ իրավապահ մարմինների գործունեությունը բնորոշող համաթվերը 2015-2017, 2019, 2021» հետազոտության արդյունքները, որը նպատակ ունի հաշվարկելու ՀՀ իրավապահ մարմինների (ոստիկանություն, դատարաններ, դատախազություն) կամայականության  համաթվերը եւ ոստիկանության վստահության համաթիվը: Ի դեպ, ըստ նրանց էլ. «Կարելի է ասել, որ գոյություն ունի որոշակի կախվածություն եւ օրինաչափություն ոստիկանության կամայականության եւ վստահության համաթվերի ու կատարված հանցագործությունների թվի միջեւ։ Որքան շատ են հանցագործությունները, դրանց բացահայտման ուղղությամբ ոստիկանությունն իր պարտավորությունները կատարելիս ապօրինի մեթոդներ է կիրառում՝ դրսեւորելով կամայականություն»:

Խումբը փորձել էր համադրել ոստիկանության կամայականության եւ վստահության համաթվերը հանցագործությունների ցուցանիշների հետ եւ գտնել օրինաչափություններ։ Համեմատելով 2019, 2021 թթ. հետազոտության  արդյունքները՝ նույն տարիների հանցագործությունների վիճակագրական տվյալների հետ, պարզենք՝ կա, արդյոք, կապ հանցագործությունների թվի, ոստիկանության կամայականության եւ վստահության համաթվերի միջեւ, թե՝ ոչ։

Ըստ իրավապաշտպան ՀՔԱՎ կազմակերպության, երկու տարիներին էլ հանցագործությունների թվի ամենաբարձր տոկոսը կազմել է Երեւանում, Լոռիում, Կոտայքում, Տավուշում։ Իսկ Արարատի մարզում 2021 թ.-ին, 2019 թ.-ի համեմատ, ավելացել է հանցագործությունների ցուցանիշը՝ 0,12%-ից հասնելով 0,18%։ Հակառակ պատկերն է Շիրակում. 2021 թ.-ին հանցագործությունների ցուցանիշը նվազել է՝ 0,18%-ից  0,13%։

Իրավապահ մարմինների կամայականության համաթիվը հասարակության զանգվածային տրամադրությունների ընդհանրացված համաթիվն է, որն արտացոլում է ոստիկանության (դատախազության եւ դատական մարմինների) կամայական՝ օրենքով չսահմանված գործողություններից հասարակության անպաշտպանվածության զգացումները: Համաթվի հաշվարկման համար օգտագործվել են հարցեր իրավապահ մարմինների գործունեության վերաբերյալ հասարակության գնահատականները բացահայտելու համար: Որքան շատ են ոստիկանության ապօրինությունները, այնքան մեծ է ոստիկանության կամայականության համաթիվը։ Ոստիկանության վստահության համաթիվը  հասարակության զանգվածային տրամադրությունների ընդհանրացված համաթիվն է, որն արտացոլում է ոստիկանության հանդեպ վերաբերմունքի եւ վստահության, քաղաքացի-ոստիկան համագործակցության պատրաստակամության աստիճանի զգացումները:

«Դիտարկելով Հայաստանի բոլոր մարզերում ոստիկանության կամայականության համաթվերը եւ հանցագործությունների տոկոսները (ըստ բնակչության թվի), պարզ է դառնում, որ 2019 թ. ոստիկանության կամայականության ցուցանիշն ամենացածրն է Երեւան քաղաքում՝ 29, եւ  հանցագործությունների թիվն ըստ բնակչության քանակի՝ ամենամեծը՝ 0,27%: Լոռիում եւ Կոտայքում ոստիկանության կամայականության համաթվերը բավականին ցածր են՝ 35 եւ 32, հանցագործություններն էլ, ըստ բնակչության քանակի, բավականին մեծ տոկոս են կազմում՝ 0,22% եւ 0,19%»-նշել էին հետազոտողները:

Հետազոտողները արձանագրել էին, որ 2021 թ. ոստիկանության կամայականության համաթիվն ամենացածրն է կրկին Երեւան քաղաքում՝ 15, եւ  հանցագործությունների ամենաբարձրը տոկոսը՝ 0,30%։ Ոստիկանության կամայականության ամենաբարձր ցուցանիշները Արագածոտնի եւ Գեղարքունիքի մարզերում են՝ 42 եւ 41։ Վերոհիշյալ մարզերում բնակչության թվի համեմատ հանցագործությունները, համեմատած այլ մարզերի հետ, քիչ են՝ երկու մարզերում էլ 0,14%։

Համեմատելով 2021 թ.-ի արդյունքները 2019 թ.-ի հետ՝ արձանագրվել է, որ բոլոր մարզերում էլ նկատվում է ոստիկանության վստահության համաթվի աճ, կամայականության համաթվի նվազում  եւ հանցագործությունների թվի աճ:

Հանցագործությունների թվի աճման հետ ավելանում է նաեւ հասարակական ընկալումների մակարդակը՝ ոստիկանության ապօրինությունների վերաբերյալ՝ նվազեցնելով հասարակության պաշտպանվածության զգացումները։ Դա կարող է պայմանավորված լինել նաեւ հանցագործությունների բացահայտման ժամանակ ոստիկանության աշխատակիցների ոչ իրավաչափ գործողություններով. «Եվ որքան քիչ է հանցագործությունների տոկոսը, այնքան ոստիկանության հետ համագործակցության պատրաստակամությունը մեծ է»:

Ինչ վերաբերում է ոստիկանության անելիքներին, ըստ խմբի, ոստիկանությունը քաղաքացիների հետ հարաբերությունների հաճախականության բարձր մակարդակի պայմաններում պետք է կարողանա պահպանել հանրային վստահությունն իր նկատմամբ։

Պատրաստեց Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
18.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031