Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ եվրոպական որեւէ թատրոնում ճանաչում ես ձեռք բերում, անունդ «շրջում» է մյուս թատրոններում նույնպես»

Մայիս 19,2022 13:00

Չնայած դրսում ապրելու հնարավորություններին, ճանաչված բարիտոն Գեւորգ Հակոբյանը ցանկանում է, որ որդին իր նման մեծանա Հայաստանում

Օրերս արեւմտյան մամուլը հեղեղված էր Ամստերդամի թագավորական օպերային թատրոնում  անվանի արվեստագետներ՝ ռեժիսոր Բարի Կոսկիի եւ բեմադրող դիրիժոր Լորենցո Վիոտտիի իրականացրած Պուչինիի «Տոսկա» օպերայի բեմադրության մասին հիացական արձագանքներով։ Գլխավոր դերերգերով հանդես են եկել ճանաչված անուններ՝ սոպրանո Մալին Բիստրոմը (Տոսկա), բարիտոն Գեւորգ Հակոբյանը (Սկարպիա), տենոր Ջոշուա Գերիերոն (Կավարադոսի)։

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ հեղինակավոր օպերային թատրոնների ցանկալի հյուր Գեւորգ Հակոբյանը հավաստիացրեց, որ պրեմիերայի հաջորդ օրը հիշյալ օպերայի ընթերցումը քննադատների կողմից որակվել է մեծ իրադարձություն։ Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ մաեստրո Կոսկին Բեռլինի օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր ռեժիսորն է, իսկ Վիոտտին՝ Ամստերդամի թատրոնի գլխավոր դիրիժորը (դիրիժորի հայրը մեծանուն Վիոտտին է, որը ժամանակին հանդիսացել է այնպիսի թատրոնների գլխավոր դիրիժոր, որպիսիք են  Վիեննայի, Թուրինի եւ այլ հայտնի օպերային թատրոնները)։ Չընդունելով մշակութային ոլորտում այս կամ այն նախագծերի միջեւ զուգահեռների անցկացումը, այնուամենայնիվ, բացառության կարգով մեր զրուցակցին խնդրեցինք համեմատել Երեւանի օպերային թատրոնում Նաիրե Ստեփանյանի ռեժիսուրայով «Տոսկան» «մեծ իրադարձություն» որակված Ամստերդամի թատրոնի նույնանուն ներկայացման հետ։ «Ես էլ նման զուգահեռներ անցկացնելու կողմնակիցը չեմ, բայց, ինչպես ասացիք՝ բացառության կարգով փորձեմ հակիրճ ներկայացնել։ Կարծում եմ՝ մեր «Տոսկան» էլ մեր թատրոնի հնարավորությունների սահմաններում հետաքրքիր ներկայացում է։ Ի դեպ, ի սկզբանե դա երջանկահիշատակ Գեղամ Գրիգորյանի նախագիծն էր՝ իր ցանկությամբ, ճաշակով, տեսլականով»։

Հարցին, թե՝ ո՞վ իրեն ընձեռեց նման պատիվ՝ հանդես գալու ամստերդամյան «Տոսկայում», երգիչը հայտնեց, որ ռեժիսորը շուրջ երկու տարի առաջ ձեռնամուխ է եղել օպերայի ստեղծման աշխատանքներին եւ խնդրել է իրեն ներկայացնել մերօրյա այն օպերային աստղերի ցանկը, որոնք լավագույնս են կատարում «Տոսկայի» գլխավոր դերերգերը. «Երբ Ամստերդամի թատրոնում էի, ռեժիսորն ասաց, որ Սկարպիայի դերերգի իմ կատարումը իրեն ներկայացրել են Հռոմի օպերային թատրոնում արված տեսագրությամբ։ Հետո էլ ժպտալով ավելացրեց, թե դեմքս, կերպարս, խաղս, ձայնս իրեն գոհացրել են ու ասել է՝ սա այն է, ինչ ինձ պետք է»։ Իսկ ռեժիսորն ընդհանրապես ծանո՞թ է օպերային հայ երգիչներին կամ մեր թատրոնին ընդհանրապես, մեր զրուցակիցը ընդամենը հայտնեց, որ նա աշխատել է ճանաչված օպերային սոպրանո Հասմիկ Գրիգորյանի հետ։

Ինչ վերաբերում է Երեւանի օպերային թատրոնին ընդհանրապես եւ մասնավորապես մեր թատրոնի արտիստներին ծանոթ լինելուն, Գեւորգ Հակոբյանն ասաց. «Երբ եվրոպական որեւէ թատրոնում ճանաչում ես ձեռք բերում, անունդ «շրջում» է մյուս թատրոններում նույնպես, ճանաչում բերելով արտիստին։ Իսկ Երեւանի օպերային թատրոնը եվրոպական թատրոնների ցանցի մեջ չէ»։ Տարածված կարծիք կա, թե մեծ քաղաքում, ավելի շուտ՝ մեծ երկրում ապրելն ու ստեղծագործելը երգչին հնարավորություն է տալիս ավելի արագ ճանաչելի դառնալ աշխարհում, համբավ ձեռք բերել, մինչդեռ մեր արտիստների համար տարվա ընթացքում մի քանի հյուրախաղը չի կարող ապահովել համընդհանուր ճանաչում։ Այս մասին երգչի պատասխանը հետեւյալն է. «Գործընկերներիցս մեկ-երկուսը ժամանակին որոշեցին դրսում ապրել ու ստեղծագործել։ Ինքս ի սկզբանե հնարավորություն եմ ունեցել մասնակցելու արտասահմանյան տարբեր նախագծերի, տարբեր թատրոններում, բնականաբար, դրսում ապրելու եւ ստեղծագործելու առաջարկներ էլ եմ ստացել։ Բայց հավատացնում եմ, որ ինձ մեծ հնարավորություն է տրվել, ինչն իմ սրտով է, ապրել, արարել ու վայելել հայրենիքիս, ընկերներիս, հարազատներիս ջերմությունը։ Այս կարծիքին եղել եմ ու կլինեմ։ Ուզում եմ որդիս էլ մեծանա մեր երկրում…»։

Գեւորգ Հակոբյանը սպասված եւ ուրախալի լուր հայտնեց, ինչին, վստահ ենք, երկար ենք սպասել ոչ միայն մենք, այլեւ հանդիսատեսը. մայիսի 30-ին մաեստրո Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ կայանալիք Տիգրանյանի «Անուշ» օպերայում (ռեժիսոր՝ Գեղամ Գրիգորյան) գլխավոր դերերգերով հանդես կգան մեր օպերային աստղերը՝ Անահիտ Մխիթարյանը, Լիպարիտ Ավետիսյանն ու մեր զրուցակիցը։ Հավանաբար այս աստղաբույլի առկայությունն է պատճառը, որ ներկայացումը կտեսանկարահանի Հանրային հեռուստատեսությունը։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031