Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոսք բարձրագույն եսի. ինքնարարների հավատամք». Տիգրան Գորշի նոր գիրքը

Մայիս 19,2022 12:30

Լույս է տեսել Տիգրան Գորշի` հերթական՝ «Խոսք բարձրագույն եսի. ինքնարարների հավատամք» գիրքը: «Ներհայեցումներից մեկի ժամանակ հանդիպեցի նախամարդուն` ճիշտ այն պահին, երբ գտնվում էր կենդանական վիճակից մարդկայինին անցնելու կամրջին, բայց ինձ համակած, երբեւէ չտեսնված ամոթը թույլ չտվեց զրուցելու չափ մոտ գնալ նրան, իսկ երբ նա ինձ նայեց մարդու կողմից երբեւէ տրված բոլոր հարցերը մարմնավորող հայացքով` անմեղություն ճառագող ժպիտով, ես մտաբերելով մարդկային իմացության բոլոր հետեւանքները, ուժերի առավելագույն լարումով միայն կարողացա գոռալ. «Չիմացությունդ քո պաշտպանությունն է, չիմացությունդ քո պաշտպանությունն է…», ու սթափվեցի սեփական աղաղակումից` շուրթերիս զգալով ծորացող, նրան չասված բառեր, որոնք զգուշացմանս շարունակությունն էին. «…Ինքդ` քեզանից, ինքդ` քեզանից…»:

Հետո ես նրան հանդիպեցի եւս մեկ (վերջին) անգամ իր նախաձեռնությամբ, երբ ինքս էի կանգնած մարդուց Բարձրագույն Ես-ին անցնելու կամրջին, որտեղ նա, մահին նախորդող ու մահն ազդարարող վերջին շնչի հանգստությամբ շշնջաց զգուշացմանս պատասխանը. «Գիտեմ…Գիտեմ», ու հեռացավ` շուրթերիս թողնելով անմեղություն ճառագող իր ժպիտը, որ ինքնարարումն այլընտրանք չունի»,-գրված է նախաբանի փոխարեն:

Գրքույկում հետաքրքիր խոհափիլիսոփայական բյուրեղացումներ կան: Ներկայացնում ենք  որոշ պատառիկներ.

– Իշխաններն անցողիկ են, ծառա լինելու տգիտությունը` հավերժ:

– Մենակությունը տաղտկալի է նրան, ով երբեք չի տարվել փակ կոպերի գունային խաղով:

–  Ոչ տարիքը, ոչ էլ փորձը, ծնողի մահն է վերջը մանկացման, հաջորդող ուրախություններում էլ, այդուհետ, կա ալեւոր տխրություն…

– Բնությունն այրիացել է, իսկ մարդը դեռ արդարանում է` նրան անվանելով մայր, երբ կոչված է լինել սիրող այր…

Հեղինակը գրքի վերջին էջերից մեկում հրապարակել է բարձրագույն եսի խորհրդանիշը կամ պարզապես Գորշի Եռանկյունին, որ կազմված է հայերեն երեք ի տառերից: Նրա խոսքով` գորշը խորհրդանշում է անդինը, հետեւորդության, զանգվածների առաջնորդման քարոզի, կրոնականության, ստրկության, իշխանատենչության եւ այլնի մերժումը:

«Առավոտ» օրաթերթ
18.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031