Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղության տեսլական չկա

Մայիս 19,2022 12:00

Անկարան ու Բաքուն ինչ-որ մեղադրանքներ են հնչեցնում Հայաստանի հասցեին, ցույց են տալիս «ճիշտ ուղին», թե ինչպես չպետք է վարվի Հայաստանը, իսկ ՀՀ իշխանություններն ի պատասխան թուրք-ադրբեջանական կեղծ մեղադրանքների, արդարանում են, թե՝ «տարածքային պահանջ չունենք»

Սկիզբը՝ այստեղ:

Մինչ պաշտոնական Երեւանը խոսում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակից, հայտարարում է, թե Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագրի շուրջ անցնել գործնական քայլերի, պաշտոնական Բաքուն Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների վերջին եռակողմ հանդիպումից հետո կրկին հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հարց այլեւս գոյություն չունի: «Հակամարտությունն անցյալում է, եւ այժմ մեր գլխավոր խնդիրն է վերականգնել ազատագրված տարածքները, ապահովել երկարաժամկետ խաղաղություն եւ կայունություն` վերականգնելով տնտեսական եւ տրանսպորտային կապերը», – Դուշանբեում ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստում ասաց Ջեյհուն Բայրամովը։

Կողմերի միմյանց հակասող հայտարարությունները հնչում են Միրզոյան-Բայրամով-Լավրով եռակողմ բանակցություններից հետո, ինչը փաստում է, որ Բաքուն ու Երեւանը գոնե հրապարակավ ցույց են տալիս, որ չեն հաղթահարել հիմնական տարաձայնությունները։ Այս պայմաններում այս շաբաթ Մոսկվայում ծրագրվում էր անցկացնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի առաջին նիստը։ Ադրբեջանի արտգործնախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ Բաքուն ներկայացված կլինի փոխվարչապետի մակարդակով։

Հիշեցնենք, որ անցած ամիսներին նաեւ Եվրամիությունն էր ջանքեր գործադրում, որպեսզի Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը նպաստի։ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Փաշինյանի եւ Ալիեւի հետ մի քանի հանդիպում անցկացրեց Բրյուսելում, իսկ արդյունքում կողմերը պայմանավորվել էին մինչեւ ապրիլի վերջ սահմանազատման հարցերով հանձնաժողով ստեղծել, որն այդպես էլ չի ստեղծվում:

Իսկ Բաքուն շարունակում է հրապարակավ ներկայացնել ոչ միայն իր պահանջները հայկական կողմին, այլեւ 44-օրյա պատերազմի արդյունքով է պարբերաբար հպարտանում: Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Էրդողանն ու Իլհամ Ալիեւը անցյալ շաբաթվա վերջին կայացած հանդիպմանը մտքեր էին փոխանակել նաեւ հետկոնֆլիկտային շրջանի, Ադրբեջանի եւ Հայաստանի, Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները նորմալացնելու հարցերի շուրջ։

Ադրբեջանի նախագահը Թուրքիայում մասնակցում էր Ռիզե-Արտվին նոր օդանավակայանի բացմանը։ Ալիեւն իր ելույթում նշել է, որ լավ ու վատ պահերին Թուրքիան ու Ադրբեջանը միշտ միասին են, եւ ղարաբաղյան երկրորդ պատերազմը դա ցույց տվեց ամբողջ աշխարհին։ «Պատերազմի առաջին ժամերից մինչեւ վերջին օրը իմ եղբայրը մեզ հետ էր, եղբայրական թուրք ժողովուրդը մեզ հետ էր։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը մեր ընդհանուր փառահեղ պատմությունն է, մենք վերջ տվեցինք 30-ամյա օկուպացիային։ Պատերազմի հենց առաջին օրը հարգելի նախագահի, իմ եղբոր, նախագահ Ռեջեփ Էրդողանի խոսքերը, որ Ադրբեջանը միայնակ չէ, Թուրքիան Ադրբեջանի հետ է՝ լուրջ ազդանշան էր շատերի համար։ Մինչեւ պատերազմի վերջին րոպեները, քանի դեռ Շուշիում չէր բարձրացվել Ադրբեջանի դրոշը, Թուրքիան մեզ աջակցում էր, մեր հենարանն էր։ Ադրբեջանական ժողովուրդը երբեք չի մոռանա այդ եղբայրությունը», Թուրքիայում հայտարարել է Ալիեւը։

Զարմանալի է, բայց Ալիեւի հրապարակային նշյալ խոսքերը պաշտոնական Երեւանն այդպես էլ չի մատնանշում՝ փաստելու Թուրքիայի ակնհայտ աջակցությունը Ադրբեջանին թե՛ պատերազմի օրերին, թե՛ պատերազմից հետո: Պաշտոնական մակարդակով Հայաստանի իշխանությունները մոռացության են մատնել 44-օրյա պատերազմում գործածված ե՛ւ ֆոսֆորային զենքերը, ե՛ւ առհասարակ, պաշտոնական Անկարայի կողմից Հայաստանի հանդեպ թշնամական գործողություն իրականացնելու 3 տասնամյակ վարվող քաղաքականությունը՝ Հայաստանը շրջափակման մեջ փակելու հանգամանքը:

Սրա հիմքում մենք ականատես ենք դառնում թուրքական եւ ադրբեջանական իշխանությունների կողմից Հայաստանի ուղղությամբ «մեծահոգաբար» արված «հարեւանության ժեստերին»: Ընդամենը 3 շաբաթ առաջ, օրինակ, Ալիեւը խոսում էր, թե Ղարաբաղում ապրող հայերից դրական ազդակներ կան նախնական շփումներ սկսելու համար։ «Նրանք կարող են մասնակցել տնտեսական զարգացմանը միասնական Ադրբեջանում եւ իրենց լիովին անվտանգ զգալ։ Բայց դրա համար, առաջին հերթին նրանք պետք է վերջ տան անջատական միտումներին եւ գիտակցեն իրողությունները։ Նրանք պետք է նայեն քարտեզին եւ հասկանան, որ հարյուր հազարավոր ադրբեջանցիներ մոտ ժամանակում կվերադառնան Քելբաջար, Լաչին, Շուշի, Աղդամ եւ ստիպված են լինելու ապրել այդ միջավայրում եւ հարեւանությամբ։ Նրանք պետք է վերջ տան թշնամանքին»,- ասել էր Ալիեւը, հավելելով, թե Ղարաբաղի հայերին համարում են իրենց քաղաքացիները եւ հույս ունեն, որ նրանք շուտով կհասկանան՝ որպես Ադրբեջանի քաղաքացիներ ունեն բոլոր իրավունքներն ու անվտանգության երաշխիքները։

Ալիեւն արդեն մի քանի անգամ նշել է, թե 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում իրավիճակը փոխվել է եւ պետք է ճանաչել ու ընդունել նոր իրողությունները։ Օրինակ բերելով էներգետիկ եւ տրանսպորտային ոլորտում Ադրբեջանի եւ Վրաստանի համագործակցությունը, նա ասել է, որ Հայաստանը եւս տարածաշրջանային ծրագրերին միանալու դեպքում օգուտներ կստանա. «Կարծում եմ՝ հնարավորություն կա Հայաստանին հրավիրելու միանալ տարածաշրջանի զարգացմանը։ Նրանք կարող են օգուտ ստանալ մեր էներգառեսուրսների հասանելիությունից եւ որոշակի աստիճանով մաս կազմել միջազգային տրանսպորտային միջանցքներին։ Դա կարող է որոշակի եկամուտներ բերել։ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի համար հնարավորություններ կբացի, որոնց մասին հիմա նույնիսկ հնարավոր չէ կանխատեսել»։

Հայաստանը հայտնվել է մի շրջապտույտի մեջ, երբ Անկարան ու Բաքուն պարբերաբար ինչ-որ մեղադրանքներ են հնչեցնում Հայաստանի հասցեին, ապա՝ ցույց են տալիս «ճիշտ ուղին», թե ինչպես չպետք է վարվի Հայաստանը, որպեսզի «բարգավաճի ու զարգանա», իսկ Հայաստանի իշխանություններն ի պատասխան թուրք-ադրբեջանական կեղծ մեղադրանքների, արդարանում են, թե Հայաստանը որեւէ տարածքային պահանջ չունի:

Շուշիում ընթացող «Հարավային Կովկաս. զարգացում եւ գործակցություն» համաժողովում, օրինակ, Ալիեւն ասում էր՝ «Հայաստանը պետք է հասկանա, որ չի կարելի մնալ տարածաշրջանում մեկուսացված, «կղզու» ռեժիմով, «Հայաստանը պետք է կարգավորի հարաբերություններն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ՝ հրաժարվելով տարածքային հավակնություններից», «եկել է խաղաղության համաձայնագիր ստորագրելու ժամանակը»… Ապա այս ամենն ասելով՝ նրանք սպառնում են, թե Հայաստանը «պետք է հրաժարվի տարածքային պահանջներ ներկայացնել Ադրբեջանին եւ աշխարհի ամենամեծ բանակներից մեկն ունեցող Թուրքիային», «պետք է վերջ տան բանակը վերականգնելու, հզորանալու եւ տարածքները հետ բերելու պատրանքներին»՝ հակառակ դեպքում դա կարող է լինել Հայաստանի պետականության ավարտը…

Այս սպառնալիքի լեզուն դեռ որքա՞ն է գործածելու Ալիեւը, եւ այս տոնայնությամբ Հայաստանի հետ խոսող երկրի ղեկավարի առջեւ պաշտոնական Երեւանը դեռ որքան է «արդարանալու»:

Բաքվի նպատակը պարզ է. Ադրբեջանն առաջ է մղում իր առաջարկած 5 կետերը, դրանք արդեն իսկ Բաքուն ազդարարել է որպես Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի հիմք, ու այդ կետերի հարցում, ակնհայտորեն, զիջման գնալու մտադրություն չունի: Այս պայմաններում պարզապես անհասկանալի է, թե խաղաղության հասնելու ճանապարհին որո՞նք են պաշտոնական Երեւանի մշակած ծրագրերը, գաղափարները, սկզբունքները, դրանց հասնելու մեխանիզմները, ընդհանուր առմամբ՝ խաղաղության հասնելու տեսլականը:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 18.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031