Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞վ էր անարժանը, երբ որ ասում են՝ անարժանի են կոչում տվել, թող ասեն նաեւ՝ որ անարժանին ինչ են տվել»

Մայիս 19,2022 14:30

Սեյրան Օհանյանն ասում է՝ անարժանները պատերազմի ժամանակ կոչումներ են ստացել, Տիրան Խաչատրյանը օդի մեջ անհասցե հայտարարությունները անբարոյական է համարում:

ՊՆ նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը քննադատում է իշխանությանը, որ անարդարացիորեն պատերազմի ընթացքում բաշխել է կոչումներ: Մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, նա լրագրողների հետ զրույցում հայտարարեց. «Նրանք պատերազմի ողջ ընթացքում խրախուսել են նահանջը, Նիկոլ Փաշինյանն անձամբ, 4-րդ նախագահն անձամբ, իրենց ձեռքով՝ չտիրապետելով իրավիճակին, տվել են տարբեր կոչումներ»: Ըստ Օհանյանի, պատերազմի ժամանակ մեծ խառնաշփոթ ու «բարդակ» էր տիրում ե՛ւ առաջին գծում, ե՛ւ հանրապետության ներսում ու այդ անօրինականությունների, նահանջի համար պիտի պատասխաններ տան, բայց առանց քննելու, հենց պատերազմի ժամանակ կոչումներ են տալիս:

Պատերազմի ժամանակ կոչում ստացածներից մեկը ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանն է, որը հոկտեմբերի 22-ին ստացել է Ազգային հերոսի կոչում: Ընդ որում, նույն օրը, ինչ ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը, որին մեղադրանք է առաջադրվել կոռուպցիոն գործարքի համար:

«Առավոտը» Տիրան Խաչատրյանին հարցրեց՝ ի՞նչ տեսակետ ունի Սեյրան Օհանյանի գնահատականի մասին, որ այսպես ասած՝ անարժաններն են կոչումներ ստացել: Նա պատասխանեց, որ չի ուզում անհասցե խոսել. «Ո՞վ էր անարժանը, երբ որ  ասում են՝ անարժանի են տվել, թող ասեն նաեւ՝ որ անարժանին ինչ են տվել եւ ինչով են հիմնավորում այդ անարժանությունը: Միգուցե անարժան են, իսկ միգուցե իրենք սխալ են: Արտակարգ իրավիճակների նախկին նախարարի պատմությունը……քրեական գործը շարունակվում է, դա կոչում տալու հետ կա՞պ ունի: Եթե հերոսը, ես կոնկրետ Փիլոյան Անդրանիկի մասին չեմ ասում, սրիկայություն է անում, պե՞տք է պատժվի: Մարդը կատարել է արարք, որը հերոսին վայել է, կամ իրական գնահատմամբ այդպիսին է, հերոս պե՞տք է դառնա ու հետո դրանից հետո սրիկայություն է անում, պե՞տք է պատժվի»:

Տիրան Խաչատրյանն ասաց, որ ինքը որեւէ այդպիսի դեպք չգիտի, որ պատերազմին, դրանից հետո իշխանությունները հանիրավի կոչումներ են տվել. «Սեյրան Օհանյանին հարցրեք: Ինքը եթե գիտի կոնկրետ այդպիսի դեպք, թող ասի, ես բոլորը չէ, որ հատ-հատ ուսումնասիրել եմ, խորացել եմ կամ նրբություններին բոլոր անկյուններով տեղյակ եմ: Ես հանձնաժողովի անդամ չեմ եղել: Ում հետ ես առնչություն ունեցել եմ, իրենց մասին կարող եմ ասել, դրանից դուրս կա՞ն անարդարացի ներկայացվածներ, անարժաններ՝ թող կոնկրետ ներկայացնեն: Ես կոնկրետ չգիտեմ»: Ճշտեցինք, չգիտե՞ք այսպես ասած՝ «ասֆալտի» ֆիդայիների, որոնց տվել են գեներալի կոչում, Տիրան Խաչատրյանը պատասխանեց. «Կարող է մարդուն իմ անձնականը դուր չի գալիս: Դա չի նշանակում, որ այն արարքը, որ ես արել եմ, պետք է համադրել դրա հետ ու ասեն: Նույն ձեւով եթե ինչ-որ մեկը մինչեւ ինչ-որ գործողություն անելը, կամ ինչ-որ պաշտոն զբաղեցնելը, կամ  պատասխանատվության վերաբերմունքի արժանանալը չի ունեցել համապատասխան գնահատում, այդ պահին այդպիսի արարք է անում, կոնկրետ արարքի հետ կապված կա կոնկրտ գնահատում: Օդի մեջ անհասցե հայտարարությունները ես ուղղակի անբարոյական եմ համարում, թող ասեն՝ Պողոսյան Պետրոսը անարժան է, ինչու եք կոչում տվել: Թող ասեն՝ այս մարդու գիտելիքները, կարողությունները, հնարավորությունները թույլ չէին տալիս այդ պաշտոնում նշանակելու, ինչո՞ւ եք նշանակել, թող այդպես ասեն: Պատերազմից հետո շատ հարցեր կան իհարկե, որ իմ համար անհասկանալի է, բայց ես չեմ կարող այդ հարցերի մասին հայտարարություններ անել մերկապարանոց»:

Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավի առաջին օրերին Նիկոլ Փաշինյանը մարզային այցերից մեկի ժամանակ անդրադարձավ Տիրան Խաչատրյանին հերոսի կոչում տալուն ու հայտարարեց. «Երբ Օնիկ Գասպարյանն ինձ ասել է, որ Տիրան Խաչատրյանին պետք է տալ Ազգային հերոսի կոչում, որովհետեւ ինքն այնտեղ հիմա միջոցներ է ձեռնարկում, որպեսզի հակագրոհ կազմակերպի եւ այլն, դա պետք է քաջալերվի, ես չեմ էլ քննարկել։ Ասել եմ, որ եթե այսօր պետք է դա արվի, որպեսզի ռազմի դաշտում հաջողություններ գրանցենք, ես դա կանեմ։ Եվ այսօր Տիրան Խաչատրյանը, ասենք, վեր է կենում ու իմ հասցեին ամենավերջին բաներն է ասում։ Բայց ես ուրիշ բան եմ ասում, եթե Տիրան Խաչատրյանը գտնում է, որ ես այդ գնահատականին եմ արժանի, թող իրեն տված Ազգային հերոսի կոչումից հրաժարվի, որովհետեւ եթե արժանապատիվ սպա է եւ գտնում է, որ այն մարդը, որն իրեն հերոսի կոչում տալու որոշումը ստորագրել է եւ այդ մարդը ոչ մի բան չի հասկանում, ուրեմն՝ ինքը պետք է հրաժարվի այդ կոչումից»:

Տիրան Խաչատրյանը մինչ օրս կոչումից չի հրաժարվել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031