Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի տնտեսությունը, պատժամիջոցները և «Ֆինանսական մեկուսացումը». «Ամերիկայի ձայն»

Մայիս 18,2022 23:44

«Ամերիկայի ձայն». ԱՄՆ ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկողության վարչությունը կարող է չերկարաձգել Ռուսաստանի գլխավոր լիցենզիան, որի ժամկետը լրանում է մայիսի 25-ին, երեկ հայտնել է Bloomberg-ը՝ հղում կատարելով ԱՄՆ-ի վարչակազմի մի պաշտոնյայի։ Այս քայլը կարող է Մոսկվային դեֆոլտի վտանգի ենթարկել:

ԱՄՆ-ը դիտարկում է նաև ռուսական նավթի համար ավելի բարձր մաքսատուրքեր սահմանելու հնարավորությունը։

Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի գործընկերների հետ Բեռլինում հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե չնայած ՆԱՏՕ-ն կցանկանար, որ Ուկրաինայում պատերազմն ավարտվեր հնարավորին չափ շուտ, սակայն Արեւմուտքը պատրաստ է շարունակել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն ու դիվանագիտական ճնշումը «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»։

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը երեքշաբթի օրը ‘’պատերազմ’’ է անվանել Ռուսաստանի դեմ արևմտյան երկրների գործողությունները։

Ուկրաինայում Ռուսաստանի ներխուժման սկզբից ի վեր Ռուսաստանում գործող արևմտյան մոտ հազար ընկերություններ հրապարակայնորեն հայտարարել են երկրից դուրս գալու կամ այստեղ իրենց գործունեությունը կամավոր կերպով կրճատելու մասին։ Համաշխարհային մեծաթիվ բրենդներ են հայտարարել Ռուսաստանում իրենց բիզնեսի ամբողջական կրճատման մասին։

Պատերազմի արդյունքում Ռուսաստանը սկզբում վերածվեց «ֆինանսական բորոտների գաղութի», – ‘’Ամերիկայի Ձայն’’-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում նշել է տնտեսական վերլուծաբան և հրապարակախոս Մաքսիմ Բլանտը։ Ըստ նրա՝ արդյունքում աշխարհում որեւէ լուրջ բանկ չի ցանկանում երկար ժամանակով գործ ունենալ ռուսական փողերի ու ընկերությունների հետ։ «Այժմ այդ միտումն այնքան է բազմապատկվել, որ իրավիճակը նմանվել է ժանտախտի խրճիթի»,- ասել է նա։ «Ցանկացած ֆինանսական գործարք մանրադիտակի տակ է ուսումնասիրվում, «ախտահանվում» և այնուհետև դեռ փաստ չէ` գործարքը տեղի կունենա, թե ոչ:

Միջազգային պատժամիջոցների գործընթացը մեկնարկել է և արդեն գործում է ինքնուրույն, ասում է վերլուծաբանը։ Բայց, նրա կարծիքով, Ռուսաստանի տնտեսությանը ամենամեծ վնասը հասցնում են այն ընկերությունները, որոնք ինքնուրույն կերպով են կայացնում Ռուսաստանից իրենց բիզնեսը դուրս բերելու մասին որոշումներ:

Նախօրեին ամերիկյան McDonald’s արագ սննդի ռեստորանների ցանցը, Ռուսաստանում ավելի քան 30 տարի աշխատելուց հետո հայտարարեց, որ վերջնականապես հեռանում է երկրից։ McDonald’s-ը Ռուսաստանի Դաշնությունում ունի 850 ռեստորան, և ընդհանուր առմամբ ցանցը աշխատանք է ապահովել 62000 ռուս աշխատակցի համար։

Բացի այդ, ընդլայնվում է Ուկրաինայի հետ համերաշխության արշավը, ընդգծում է Մաքսիմ Բլանտը. «Այսպիսով, ԵՄ-ն, ինչպես գիտեք, որոշել է աստիճանաբար հրաժարվել ռուսական նավթից։ Բայց գործնականում այն արդեն ենթարկվում է բոյկոտի։ Օրինակ՝ հոլանդական նավահանգիստները հրաժարվում են բեռնաթափել ռուսական «սև ոսկով» լցանավերը, նույնիսկ եթե դրանք նավարկում են օֆշորային դրոշների ներքո։ Բազմաթիվ ապացույցներ կան նաև այն մասին, որ նրանք, ովքեր աշխատում են արևմտյան շուկայում, երբեք ռիսկի չեն դիմի և չեն ներքաշվի Ռուսաստան առաքումների կամ միջազգային պատժամիջոցները շրջանցելու ինչ-որ սխեմաների մեջ»:

Իրավիճակը Ռուսաստանի տնտեսության բնագավառում միայն կվատթարանա, և որքան ավելի երկար սա շարունակվի, այնքան այն ավելի շատ կտուժի, եզրափակում է վերլուծաբանը։

Իր հերթին, Ռուսաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Անդրեյ Նեչաևը կարծում է, որ երկարաժամկետ հեռանկարում Ռուսաստանի համար տարբեր պատժամիջոցների հետ կապված իրավիճակը այլ կերպ կզարգանա։ Միաժամանակ, ըստ նրա, իրավիճակն արդեն չափազանց բացասաբար է անդրադարձել բնակչության կենսամակարդակի վրա՝ բարձր գնաճի պայմաններում։ «Նույնիսկ պաշտոնական տվյալներով, այն կազմում է 17,5 տոկոս»,- պարզաբանել է նա «Ամերիկայի Ձայն»-ի ռուսական ծառայության հետ զրույցի ժամանակ։ «Բայց պարզ է, որ գործնականում այն կգերազանցի 20%-ը’’, ասում է նա:

Արամ Վանեցյան

Վիկտոր Վլադիմիրով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031