Քիչ առաջ ավարտվեց ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի եւ «Դիմադրության» շարժման անդամների հանդիպումը: Հանդիպումից հետո, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ պահանջների հիմնական մասը համարում են բավարարված, բայցեւ լինելու են հետեւողական:
Հիշեցնենք, ընդդիմադիր լիդերները երեք պահանջ էին ներկայացրել Վահե Ղազարյանին:
Հանդիպումից հետո, Իշխան Սաղաթելյանը փոխանցեց, որ առաջին պահանջի՝ անհապաղ կասեցվի բոլոր այն ոստիկանների լիազորությունները, ովքեր այսօր եւ երեկ գործել են ապօրինություններ, եւ նրանք բոլորը ենթարկվեն պատասխանատվության, ոստիկանապետը փոխանցել է, որ մեկ հոգու գործունեություն արդեն կասեցվել է, 37 հոգու նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել, մեկ տասնյակից ավել քրեական գործեր են հարուցվել: Այսօրվա դեպքերով էլ ուսումնասիրություններ են տեղի ունենում եւ կարճ ժամկետում, ոստիկանությունը հանդես կգա՝ կոնկրետ դեպքերով:
Կարդացեք նաև
Ավտոերթերի ժամանակ 80-ից ավել բռնագրավված մեքենաները եվս կվերադարձվեն տերերին:
Իշխան Սաղաթելյանը հուսով է, որ ոստիկանությունում ըմբռնումով կմոտենան օրենքի սահմաններում գործելու եւ պետությանը ծառայելու՝ ընդդիմադիրների կոչին: Նա կրկնեց, որ ընդդիմադիրները ոստիկանության հետ խնդիր չունեն, կա մեկ մարդ, որի հետ խնդիր կա՝ դա Նիկոլ Փաշինյանն է:
Երթի մասնակիցները շարժվեցին դեպի Ֆրանսիայի հրապարակ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ