«Մայիսի 16-ին ոստիկանությունը ստացել է 2 միլիարդ 180 միլիոն դրամ պարգևավճար: Պաշտոնական թիվ եմ ասում՝ մոտ 5 միլիոն դոլար, ոստիկանությունը Նիկոլի կողմից ստացել է պարգևավճար: Ավելին մայիսի 11-ին ևս ոստիկանությունը 700 միլիոն դրամ պարգևավճար է ստացել։ Մեկ շաբաթվա մեջ, մոտ 3 միլիարդ դրամ՝ շուրջ 6, 5 միլիոն դոլար, Նիկոլը ոստիկանությանը պարգևատրել է այս ապօրինությունները գործելու համար»,- այսօր, Ֆրանսիայի հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ, հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, ընդդիմադիր առաջնորդներից՝ Իշխան Սաղաթելյանը։
Ընդդիմադիր գործիչը, «Դիմադրության» շարժման անունից, ՀՀ ոստիկանապետին երեք պահանջ ներկայացրեց՝ ոստիկանությանը կոչ անելով՝ գործել իրենց լիազորությունների սահմաններում.
1․ Պետք է անհապաղ կասեցվեն բոլոր այն ոստիկանների լիազորությունները, ովքեր այսօր եւ երեկ գործել են ապօրինություններ, եւ նրանք բոլորը, անուն առ անուն, պետք է ենթարկվեն պատասխանատվության
Կարդացեք նաև
2․ Պետք է սկսվի իրավական գործընթաց՝ պարզելու այս հանցագործությունները կատարած ոստիկաններին հանձնարարություններ եւ երաշխիքներ տված անձանց անունները
3․ Պահանջում ենք, որպեսզի ոստիկանապետը հանդես գա հրապարակային գնահատականով այս վայրագությունների նկատմամբ, եւ այլևս բացառվի որեւէ անհամաչափ եւ բռնի գործողություն մեր քաղաքացիների նկատմամբ
Քաղաքացիները երթով շարժվեցին դեպի ոստիկանության շենք՝ այս պահանջները ուղիղ եւ անմիջական փոխանցելու համար։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ