Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդպիսի ղեկավարի անբարոյական օրինակով անբարոյական մարդիկ են ծնվում, որոնք բիրտ ուժ են կիրառում պատերազմով անցած մեր գործընկերների նկատմամբ»․ Օհանյան (տեսանյութ)

Մայիս 18,2022 20:55

Ֆրանսիայի հրապարակում մեկնարկած «Դիմադրություն» շարժման հանրահավաքին  պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանն իր ելույթում անդրադարձավ բանակը վերականգնելու ծրագրերին։  Նա ներկայացրեց այն մոտեցումները, որոնք կիրականացնեն, եթե գան իշխանության, ընդ որում, նա վստահեցրեց, որ շատ կարճ ժամանակում հնարավոր է վերականգնել բանակի մարտունակությունը։

«Քայլ 1-ին՝  նման բարդ իրավիճակներում սովորաբար գնահատում են իրավիճակը, աշխարհաքաղաքական զարգացումները, մեր տարածաշրջանի զարգացումները, անվտանգության միջավայրն Արցախի եւ Հայաստանի շուրջ, եւ ներքին եւ արտաքին  սպառնալիքները։  Ընդ որում` անդրադառնալով ամենակարեւոր սպառնալիքին՝ տնտեսական աճ, ժողովրդագրական խնդիրներ, քաղաքական ռեսուրսների աճ։ Եւ դրա հիման վրա անց է կացվում պաշտպանական, ռազմավարական վերանայում։ Այսինքն, ստեղծվում է միջգերատեսչական հանձնաժողով, որը աշխատում եւ շատ կարճ ժամանակահատվածում ստեղծում է զինված ուժերի զարգացման, սպառազինության, ռազմական տեխնիկայի զարգացման պլաններ։  Այն, ինչ մտահոգում է ժողովրդին՝ բանակի զարգացման մեջ կա փակ կողմ՝ գաղտնի, եւ կա բաց կողմ։ Բաց կողմն այդ պաշտպանական ռազմավարական վերանայումից հետո իշխանությունները պարտավոր են ներկայացնել ժողովրդին, որպեսզի ժողովուրդը վստահ լինի, որ բանակը վերափոխվում է, բարեփոխումներն ընթացքի մեջ են, սահմաններն ամուր են եւ այն շարունակում   է մեր անվտանգության երաշխավորը դառնալ։ Այդ ամենի մասին այս իշխանությունները լռում են։

Քայլ 2` նման դժվար իրավիճակներում, եթե առօրյա կյանքում օրինականության ղեկավարման կարգապահության խնդիրները համապատասխան պայմաններ ունեն, ապա ճգնաժամային պայմաններում այդ զգաստությունը, պահանջկոտությունը, օրինականության եւ կարգապահության վերաբերյալ պահանջկոտության աստիճանը  բազմակի անգամ ավելանում է, որպեսզի ավելի սեղմ ու կարգապահ պայմաններում ստեղծվի հրամանատարական ուղղահայաց, բանակը զբաղվի ուսուցմամբ եւ դաստիրակությամբ, պայմանները պաշտպանությունն իրականացնեն նոր իրավիճակի համաձայն, որովհետեւ ուսուցման, զորավարժությունների ընթացքում է զինվորի մոտ ի հայտ գալիս վստահություն, պարզ լեզվով ասած՝ իմ դեմ խաղ չկա, ես ուժեղ եմ, լավ եմ կրակում։ Սահմանների պաշտպանության գործում, երբ պաշտպանությունն ամուր է, դու տիրապետում ես քո զենքին, միանշանակ, հակահարձակումների, պատասխանների, դիպուկահարների դեմ պայքարի, վճռական կանխարգելիչ միջոցառումների, թուրքին, ադրբեջանցուն մեր սահմաններից դուրս շպրտելու, այդտեղ է ձեւավորվում նաեւ ինքնավստահությունը մարտական ոգու ձեւով։

Քայլ` 3-րդ, սա երկարատեւ գործընթաց է, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի պետական ծրագրի իրականացնում է։ Դրա համար անհրաժեշտ է նորմալ արտաքին հարաբերություններ, անհրաժեշտ է ուշադրություն հայրենի արտադրությանը, տեմպերն արագացնել, որոնք սպառազինությամբ պետք է համալրեն մեր բանակը»։

Օհանյանը նաեւ նշեց, որ զինվորի մարտական ոգին պետք է չափազանց բարձր մակարդակի լինի։ Ասաց, որ այս քայլերին բանակը տիրապետում է․«Եւ եթե բանակը հմուտ ղեկավարության, այս իշխանություններին հեռացնելուց հետո նոր եկող ազգային իշխանությունների օրոք, հավատացեք, կարճ ժամանակում այս քայլերն իրականացվելու են այն, ինչ չեն կատարել այս 1,5 տարվա ընթացքում այսօրվա իշխանությունները»։

Սեյրան Օհանյանի խոսքով՝ շարժումն անցել է բեկումնային փուլը, եւ շարժման թափանիվը պարտավոր են պտտացնել մինչեւ վերջ․«Այս պայքարը վերկուսակցական պայքար է, այս պայքարը յուրաքանչյուր անհատի պայքար է, որեւէ քաղաքական ուժի պայքար չէ, դրա համար ամեն օր մեր քաղաքացիների քանակն ավելանում է, այս պայքարը հայապահպանության պայքար է, արժանապատվության պայքար է, եւ հայ ժողովրդի հետ միասին այս պայքարին մասնակցում են Հայաստանն իրենց հայրենիքն ընտրած մեր քույրերն ու եղբայրները՝ եզդի, քուրդ, ասորի, ռուս, ուկրաինացի, բելառուս, վրացի, հույն, հրեա, պարսիկ, նույնիսկ մարտական ընկեր ունեմ Էստոնիայից եկած։Մենք պարտավոր ենք հանրային ճնշումները հասցնենք  սաստկության, այնպիսի  սաստիկ ճնշման, որ այս իշխանությունները հեռանան, որովհետեւ այդպիսի ղեկավարի անբարոյական օրինակով այսպիսի անբարոյական մարդիկ են ծնվում, որոնք բիրտ ուժ են կիրառում եւ պահվածք ունեն մեր հայրենակիցների, պատերազմով անցած մեր գործընկերների նկատմամբ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031