Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխան Սաղաթելյանը՝ Լին Թրեյսիին. «Խորը ափսոսանք եմ հայտնում» (տեսանյութ)

Մայիս 18,2022 20:45

Չնայած ոստիկանության կիրառած բիրտ ուժին եւ ապօրինություններին, այսօր առավոտից մենք կրկին կատարել ենք մեր առջեւ դրված խնդիրները. Ֆրանսիայի հրապարակում, այսօր կայացած ընդդիմության հանրահավաքում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, ընդդիմադիր լիդերներից Իշխան Սաղաթելյանը: Նա արձանագրեց, որ ոստիկանության հալածանքներից հետո, «Դիմադրության» շարժումը հզորանում է:

Ընդդիմադիր գործիչն անդրադարձավ նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հայտարարությանը: «Մենք հանձնառու ենք օգնել հայ ժողովրդին կառուցելու այնպիսի ապագա, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են ու այն ճանապարհը, որ հայ ժողովուրդն ընտրեց 2018 թվականին և մեկ անգամ ևս վերահաստատեց 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ», – ասել է դիվանագետը:

«Հարգարժան դեսպան, ես խորը ափսոսանք եմ հայտնում, Ձեր այսօրվա հայտարարության առիթով: 2018 թվականին հայ ժողովուրդը գնաց լավ կյանքի սուտ խոստումների հետեւից, ոչ թե Արցախի կորստի ու արյունալի պատերազմի: Գնաց ավելի ժողովրդավար պետություն ստեղծելու հետեւից, ոչ թե բռնապետություն հաստատելու եւ ժողովրդավարությունը բռնաբարելու հետեւից: Իսկ ինչ վերաբերվում է 2021 թվականի ընտրություններին, չնայած այդ խայտառակ ընտրություններին, հիշեցնում եմ քեզ, հարգելի դեսպան, հայ ժողովուրդը Նիկոլին Արցախը զիջելու եւ, առհասարակ, Նիկոլին, երկիրը նոր զիջումների տանելու մանդատ չի տվել: Եթե որոշ շրջանակներ կարծում են, որ հայ ժողովուրդը դառնալու է նրանց շահերի սպասարկուն, նրանց շահերի մանրադրամը, խորապես սխալվում են: Հայ ժողովուրդը հիմա այս հրապարակում է՝ հենց դա կանխելու համար: Սա իշխանության պայքար չէ, սա Հայաստանի ինքնիշխանության համար պայքար է եւ որեւէ մեկը չփորձի ժողովրդավարությունը հակադրել անվտանգության հետ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:

Նա վերահաստատեց որ ՌԴ-ն Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, իսկ ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն՝ կարեւոր գործընկերները. «Ի տարբերություն Նիկոլի, մենք Մոսկվայում չենք բամբասում ամերիկացիներից եւ եվրոպացիներից, իսկ Վաշինգտոնում եւ Բրյուսելում՝ Մոսկվայից: Մենք շատ հստակ ձեւակերպել ենք մեր օրակարգը եւ պատկերացնում ենք շատ հստակ համագործակցություն»:

Դիմելով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին, միջազգային դիվանագիտական ներկայացուցիչներին, կազմակերպություններին ընդդիմադիր գործիչը հորդորեց, որ վերջ տան երկակի ստանդարտներին. «Դուք լռել եք, երբ օրվա իշխանությունը շրջափակում էր դատարանները, դուք լռում եք տասնյակ քաղբանտարկյալների դեպքում, դուք այսօր լռում եք, երբ ոստիկանությունը ժողովրդի նկատմամբ կիրառում է բռնի եւ անհամաչափ ուժ, դուք ձեր լռությամբ նպաստում եք, որպեսզի Հայաստանում լինի բռնապետություն»: Իշխան Սաղաթելյանն ասաց, որ ընդդիմադիրներն այս եւ մնացած թեմաներով պատրաստ են հանդիպել ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ եւ ներկայացնել ամբողջական պատկերը:

«Դիմադրության» շարժման անունից այսօր նամակ է փոխանցվել նաեւ Լիտվիայի նախագահին, ով վաղը ժամանելու է Երեւան՝ տեղեկացնելով, որ Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում հայ ժողովրդի կամքը եւ նա այլեւս լեգիտիմ չէ: Ընդդիմադիրները ցանկություն են հայտնել Լիտվիայի նախագահի հետ հանդիպելու եւ նրան իրականությունը ներկայացնելու:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031