Լրահոս
Օրվա լրահոսը

Դատաիրավական բարեփոխումների 2019-2023թ․ ռազմավարությունից բխող 2019-2021թթ գործողությունների կեսից ավելին՝ 56%-ը չի կատարվել

Մայիս 18,2022 20:15

Հրապարակվել է ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրերի 2019-2021 թվականների կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման զեկույցը, որը կազմվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից։

Մշտադիտարկման աշխատանքները հնարավորինս մասնակցային և արդյունավետ դարձնելու նպատակով, ի թիվս այլ գործիքների, իրականացվել են թվով 12 ֆոկուս խմբային քննարկումներ, որոնց մասնակցել են Ռազմավարությունից բխող 2019-2022 թվականների Գործողությունների ծրագրով իրավասու պետական մարմինները, մասնագիտացված ՔՀԿ-ները և ոլորտային փորձագետները, փաստաբաններ և այլ շահագրգիռ կողմեր։

Զեկույցում ոչ միայն ներկայացվել են մշտադիտարկման աշխատանքները, այլև ներկայացվել են մեթոդական նկատառումներ, առաջարկություններ՝ ըստ ոլորտների։

Ռազմավարությունից բխող գործողությունների պլաններով հաշվարկվել են 103 գործողություն և ենթագործողություն, որից ժամկետում կատարվել է միայն 32%-ը։ Գործողությունների կեսից ավելին՝ 56%-ը չի կատարվել, իսկ շուրջ 10%-ը կատարվել է ժամկետի որոշակի կամ էական խախտմամբ։ Գործողությունների մի մասի իրավական վերլուծությունը, ինչպես նաև գործողությունների թերակատարումը թույլ է տալիս եզրակացնել, որ Ռազմավարությամբ սահմանված նպատակները չեն իրականացել, մասնավորապես չի ամրապնդվել դատական իշխանության անկախությունը և անաչառությունը, էականորեն չեն բարելավել դատական իշխանության հանրային հաշվետվողականության կառուցակարգերը, իսկ օրենսդրական բարեփոխումները չեն իրականացվել նախատեսված ծավալներով և բովանդակությամբ։

Մշտադիտարկման արդյունքները հրապարակվել նաև թվային ցուցանիշների տարբերակով։

 

 

Ռազմավարության գործողությունների քանակական գնահատման արդյունքում 50 տոկոս և ավելի կատարողական ցուցանիշ ունեցող նպատակներից առանձնացված ու իրավական վերլուծության ենթարկված հետևյալ` «4. Ընտրական օրենսդրություն», «5. Դատական իշխանության անկախության և անաչառության ամրապնդում», «5,6,7. Դատական իշխանության անկախության և անաչառության ամրապնդում, դատական իշխանության հանրային հաշվետվողականության կառուցակարգերի բարելավում, կոռուպցիայից և հովանավորչությունից զերծ դատական համակարգ», «11. Քրեական և քրեական դատավարության օրենսդրության բարեփոխումներ» նպատակների ներքո գրանցած ազդեցության մակարդակի արդյունքները և ռազմավարական ուղղությունների ներքո իրականացված գործողությունները, սույն ռազմավարական նպատակնների և ռազմավարական ուղղությունների համապատասխանության և լրիվության տեսանկյունից, գնահատվել են «Չեն համապատասխանում և ամբողջական չեն»:

Նկատի ունենալով Ռազմավարության և դրանից բխող գործողությունների կատարողականի բավականին ցածր ցուցանիշները և առանձնացված ու իրավական վերլուծության ենթարկված ռազմավարական նպատակների և ռազմավարական ուղղությունների ներքո գրանցած ազդեցության մակարդակի արդյունքների ու իրականացված գործողությունների ոչ համապատասխան և ոչ ամբողջական լինելը, Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից առաջարկվել է մշակել հիմնովին նոր Դատական և իրավական բարեփոխումների հնգամյա ռազմավարություն՝ հիմք ընդունելով զեկույցում բարձրացված դիտարկումները, հատկորոշած բացթողումները և առաջարկությունները, այդ թվում չկատարված գործողություններին ուղղված վերանայման առաջարկները՝ ապահովելով գործընթացի բարձր մասնակցայնություն՝ ոլորտի բոլոր դերակատարների ներգրավվմամբ։

Հարկ է նաև նշել, որ սկզբնական ժամանակացույցով նախատեսված էր մշտադիտարկման արդյունքների առաջին նախագիծը ներկայացնել շահագրգիռ կողմերի դիտարկմանը մինչև 2022թ․ ապրիլի 15-ը։ Սակայն, նկատի ունենալով ՀՀ արդարադատության նախարարության խնդրանքը՝ հնարավորության դեպքում տրամադրել զեկույցի նախագիծը մարտ ամսվա ընթացքում՝ այն նոր Ռազմավարության մշակման աշխատանքներում նկատի ունենալու նպատակով, ուստի զեկույցի առաջին նախագիծը պատրաստ է եղել 2022 թ․ մարտի 10-ին, և շրջանառության մեջ է դրվել նույն թվականի մարտի 15-ից։ Այն նաև ուղարկվել է շահագրգիռ իրավասու մարմիններին՝ նախագծի վերաբերյալ կարծիքներ, դիրքորոշումներ և առաջարկներ հավաքագրելու նպատակով։ Իրավասու մարմինների որոշ դիրքորոշումներ ու առաջարկներ ընդունվել են ԻՀԱ-ի կողմից և դրանք ներառվել են զեկույցի վերջնական տարբերակում։

Հավելենք նաև, որ զեկույցի շնորհանդեսը տեղի կունենա հունիս ամսին, որի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կտրամադրվեն բոլոր շահագրգիռ կողմերին։

Զեկույցն ամբողջությամբ ակտիվ է այս հղմամբ

Իրավաբանների հայկական ասոցիացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031