Գյումրեցի զբոսավար Գոռ Թորոսյանն Aravot.am-ի հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց այն մասին, որ Գյումրիի համայնքապատկան թանգարանների մուտքավճարի ավելացումը վատ անդրադարձ է ունեցել ․ Գյումրի ժամանող զբոսաշրջիկների հոսքը դեպի թանգարաններ պակասել է։
«Զբոսաշրջիկների հոսքը դեպի Գյումրի անցած տարվա հետ համեմատ պակասել է, բացի այդ զբոսաշրջիկների մոտ 50-60 տոկոսն է գնում թանգարաններ։ Եթե անցած տարի Գյումրի ժամանած զբոսաշրջային խմբերը պարտադիր պիտի մտնեին գոնե երեք թանգարաններ, հիմա ընդամենը մեկ թանգարան են մտնում, երկրորդ թանգարան մտնելու համար մի կերպ ենք համոզում․ կամ այցելում են, կամ ոչ։
Դա կապված է մուտաքավճարի թանկացման հետ, եթե անցած տարի 600 դրամ էին տալիս, 200 դրամ երեխայի համար, 400 դրամ՝ ծնողի, այս տարի 1000 դրամ պիտի տան մտնելու համար՝ 300 դրամ երեխայի, 700 դրամ՝ ծնողի համար։ Իրենք ասում են, եթե անցած տարի երեք թանգարանի համար տալիս էինք 1800 դրամ, այս տարի պիտի տանք 3000 դրամ։
Թանգարանների տնօրեններն էլ այս մասին կփաստեն, քաղաքապետարանի համապատասխան բաժինն էլ թող հանի վիճակագրությունն ու տեսնի անցած տարվա ու այս տարվա նույն ժամանակահատվածի այցելությունների քանակը։
Կարդացեք նաև
Մենք անցած տարի անզեն աչքով տեսնում էինք թանգարանների մուտքի հերթերը, Մհեր Մկրտչյանի անվան թանգարանի դիմաց այնպիսի հերթեր էին գոյանում, կարծես միտինգ լիներ, երկու կողմից մարդիկ հերթ էին կանգնած, փողոցը փակ էր։ Հիմա երբ գնաս, թանգարաններն ազատ են, իսկ անցած տարի երկու-երեք շաբաթ շուտ էի զանգում՝ օր ու ժամ ֆիքսելու համար, որ հյուրերին տանեի, չսպասեին, գիտեի ինչ հերթեր էին։ Իսկ հիմա այդ խնդիրը չկա, երբ ուզեմ, կտանեմ, ազատ մտնում ենք կամ լավագույն դեպքում 5-10 րոպե ենք սպասում»,- ասաց Գոռ Թորոսյանը։
Զբոսավարն ասում է՝ եթե թանգարանը դիտակենք որպես բիզնես, մուտքավճարի թանկացումը գուցե տեղին է․ չէ՞ որ ամեն ապրանք թանկացել է, սակայն այն առաջին հերթին կրթական օջախ է։
«Ես խոսում եմ մեր քաղաքացիների մասին, ոչ օտարերկրացիների, նրանց համար 500 կամ 1000 դրամն արժեք չի կազմում։ Եթե ուզում ենք, որ մեր սերունդը մի բան ավել սովորի, եթե աշակերտները դպրոցում մի բան բաց են թողել մեր մեծերի մասին ու պիտի գան թանգարանում սովորեն ու ոգեշնչվեն Հովհաննես Շիրազով կամ Ավետիք Իսահակյանով, ուրեմն թանգարանը չպիտի վերածենք միայն բիզնեսի, այն պարտավոր ենք դիտարկել որպես մշակութային- կրթական կենտրոն։ Երբ բարձրաձայնում ենք, մեզ պատասխանում են՝ անցած տարի 100 հոգի ենք եկել, հիմա թող 70 հոգի գան, ի՞նչ տարբերություն։ Ես նայում եմ որպես կրթական կենտրոնի, որտեղ պիտի գան մեր մեծերի կյանքին ու գործունեությանը ծանոթանալու»։
Գոռ Թորոսյանը նշում է, որ ի տարբերություն նախորդ տարվա, երբ ամեն շաբաթ-կիրակի 6-7 զբոսաշրջային խմբեր էին հյուրընկալում Գյումրի, հիմա 2-3 խումբ է գալիս ու ընդամենը մի խումբն է գնում թանգարան։
«Մայիսի 25-ին զբոսաշրջային խմբի եմ հյուրընկալելու, ընդամենը մի թանգարան են ուզում այցելել, որովհետև պետության կողմից տրված աբոնեմենտ ունեն, աշակերտներն այս դեպքում մտնելու են թանգարան՝ առանց ծնողների։ Իսկ մյուս թանգարանները, երբ առաջարկում ես, ասում են պետք չէ, պիտի վճարենք։
Իրենք 4-5 թանգարանների մեջ հիմա ընտրություն են կատարելու, բայց եթե Արարատի մարզից, Լոռուց, Վայոց Ձորից հասնում են Գյումրի, թող բոլոր թանգարաններն էլ այցելեն, ոչ թե Ավետիք Իսահակյանի ու Հովհաննես Շիրազի միջև ընտրություն կատարեն»,- ասում է մեր զրուցակիցը։
Ըստ նրա, թանկացումները վատ անդրադարձ են ունենում ներքին զբոսաշրջության վրա, թանկացել է թե՛ սնունդը, թե՛ տրանսպորտը, հետևաբար և շատ դեպքերում մարդիկ գերադասում են հաց ուտել, ոչ թե թանգարան գնալ։
«Սնվելը կարևոր է, բայց ոչ պակաս կարևոր է հոգևոր սնունդը, մինչդեռ ծնողները նախընտրում են, որ երեխան կուշտ լինի այդ օրը», -ասում է Գոռ Թորոսյանը։
Նա Գյումրու համայնքապետարանի պատասխանատուներին, ավագանու անդամներին առաջարկում է վերանայել այս հարցը ու քննարկում կազմակերպել նաև զբոսաշրջային ոլորտի մասնագետների հետ։
Ըստ նրա, անցած տարի թանկացման հարցը դրվել էր ավագանու համապատասխան հանձնաժողովի քննարկմանը, իրենք, ներկա գտնվելով, հանգամանալից բացատրել են, որ այս դեպքում թանգարանը որպես կրթամշակութային օջախ քչերին կծառայի։
«Ես կետ-կետ հաշվարկներով ներկայացրել եմ, թանգարանի տնօրեններից մեկն էլ ներկա էր, նաև ևս ներկայացրեց հաշվարկներ, ավագանու անդամները հասկացան, որ մենք ճիշտ բան ենք ասում։ Գիտեք, ես ոչ մեկի դեմ չեմ խոսում, որոշում ընդունողներից մեկը գուցե պատկերացրել է խնդիրը, մյուսը չի պատկերացրել, բայց վստահ եմ, որ թանգարաններով այս տարի համայնքային բյուջե ավելի քիչ գումար կմտնի, քան անցած տարի, երբ մուտքավճարն ավելի ցածր էր։
Ես առաջարկում եմ վերանայել, ոլորտի մասնագետների հետ նստենք, քննարկենք, մենք պատահական ենք իմացել, որ թանգարանների մուտքավճարը թանկացել է, չէ՞ր կարելի կարծիք հարցնել, ընդ որում ինչպես ենք իմանում, որ մուտքավճարը թանկացել է․ մի օր զանգում եմ թանգարաններից մեկը այցելություն ամրագրելու համար, ասում են՝ գիտես գներն արդեն բարձրացրել են։ Մեզանից ոչ մեկը տեղյակ չի եղել, մենք քաղաքի թշնամի՞ն ենք, որ պիտի ասեինք թող քաղաքը բյուջե չունենա, ձրի լինեն թանգարանները, բոլորս էլ հասկանում ենք, որ քաղաքի բյուջեի համար է այս ամենը, բայց մտածելով անենք, որ չվնասենք։
Հասկանում եմ, որ Հովհաննես Շիրազի թանգարան այցելելու համար 200 դրամը շատ ցածր գին է, բայց նաև պիտի հասկանանք, որ թանգարանն առավել կրթամշակությաին օջախ է։ Ես այս հարցին բիզնեսի տեսանկյունից չեմ մոտենում, մենք խոսում ենք պետական թանգարանի մասին, եթե մասնավորը թանկացնի, բան չունենք ասելու, բայց պետությունը պարտավոր է կրթության մասին հոգ տանելու, իսկ սա կրթության մի մասն է, որը դպրոցում հաստատ բաց է մնում, պիտի լրացնել թանգարանում։
Գուցե ասեն՝ պետությունը աբոնեմենտ է տալիս, էլ ինչ եք ուզում, շատ լավ է անում, բայց թող 1 հատ չտա, այլ 3-4 թանգարանի աբոնեմենտ տա,անվճար գնան։ Ասենք աբոնեմենտով Երևանում թանգարան է մտել, հիմա եկել է Գյումրի, վճարի պատճառով չի մտնում։ Կրթության որակը դպրոցներում տեսնելով եմ սա ասում, եթե բիզնեսի տեսանկյունից նայենք, թող 700 չլինի, այլ 1700 դրամ լինի, գին բարձրացնելով թանգարանի համար խնդիր չենք լուծում, թանգարանները մնացել են նույն վիճակում, ինչ անցած տարի ու նախորդ տարի էին»,- ասում է Գոռ Թորոսյանը։
Գյումրու համայնքապետարանից էլ հավաստիացնում են, որ թանգարաններ այցելուների թիվը չի պակասել։ Նրանք մեզ տրամադրել են 2021 և 2022 թվականների ապրիլ ամսին Գյումրու համայնքապատկան թանգարաններ այցելունների քանակը ու ստացած եկամուտը։ Այսպես, ըստ Գյումրու քաղաքապետարանի տրամադրած տվյալների, Ասլամազյան քույրերի պատկերասրահ 2021 թվականի ապրիլինի այցելել են 368 հոգի, թանգարանը ստացել է 167 650 դրամի եկամուտ, 2022 թվականի ապրիլին այցելուների թիվը ՝ 944 է, եկամուտը՝ 521 000 դրամ։ Մհեր Մկրտչյանի թանգարան 2021 թվականի ապրիլինի այցելել է 358 հոգի, եկամուտը կազմել է 118 200 դրամ, 2022 թվականին այցելուների քանակը եղել է 1096, եկամուտը՝ 461 000դրամ։ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը 2021 թվականի ապրիլին ունեցել է 136 այցելու, եկամուտը կազմել է 62 000 դրամ, 2022 թվականի ապրիլին այցելուների թիվը եղել է 596, եկամուտը՝ 108 000դրամ։
Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանը 2021 թվականի ապրիլինի ունեցել է 242 այցելու, եկամուտը կազմել է 27 300 դրամ, 2022 թվականի ապրիլին ունեցել է 1215 այցելու, եկամուտը կազմել է 297 200 դրամ։
Կումայրիի պատմամշակութային արգելոց-թանգարանը 2021 թվականի ապրիլին ունեցել է 89 այցելու, վճարի չափը կազմել է 40 200 դրամ, 2022 թվականի ապրիլին ունեցել է 251, վճարի չափը կազմել է 164 200 դրամ։
Գյումրու համայնքապետարանից մեզ նաև տեղեկացրեցին, որ փետրվար-մարտ ամիսներին՝ կորոնավիրուսի թեստ կամ պատվաստված լինելու պահանջի առկայության պայմաններում այցելուների թիվը պակաս է եղել։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ