Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն ակնկալում է վիզաների ազատականացման հարցում Չեխիայի քաղաքական աջակցությունը. ԱԺ փոխնախագահ

Մայիս 18,2022 19:40

Հակոբ Արշակյանն ընդունել է Չեխիայի Սենատի առաջին փոխնախագահ Յիրժի Ռուժիչկայի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մայիսի 18-ին ընդունել է Չեխիայի խորհրդարանի Սենատի առաջին փոխնախագահ Յիրժի Ռուժիչկայի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են Սենատի՝ մեդիայի հարցերով մշտական հանձնաժողովի անդամներ:

Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը ու Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը:

Հակոբ Արշակյանը գոհունակությամբ ընդգծել է, որ թե՛ բարեկամական խմբերի մակարդակով, թե՛ միջազգային տարբեր հարթակներում հայ-չեխական համագործակցությունն արդյունավետ զարգանում է: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանն ակնկալում է վիզաների ազատականացման հարցում Չեխիայի քաղաքական աջակցությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընթացիկ տարվա երկրորդ կեսին Չեխիան ստանձնելու է Եվրոպական միության խորհրդի նախագահությունը:

Անդրադառնալով մեր երկրում ազատ մամուլի դերին ու ժողովրդավարության ամրապնդման հարցում իրականացվող քայլերին՝ ԱԺ փոխխոսնակը վստահեցրել է, որ 2018 թ. հեղափոխությունից հետո Հայաստանն առաջընթաց է արձանագրել այդ հարցերում: Նրա խոսքով՝ ընդդիմադիր մամուլը՛ գերակշռում է դաշտում, եւ ընդդիմության ձայնն ամբողջովին լսելի է:

Տարածաշրջանային եւ 44-օրյա պատերազմի հետեւանքով ստեղծված հումանիտար խնդիրներից խոսելով՝ Հակոբ Արշակյանը բարձրացրել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների եւ պահվող այլ անձանց ազատ արձակման հարցը: Նշվել է, որ «Human rights watch» կազմակերպության վերջին զեկույցում փաստեր կան հայ ռազմագերիների պահման անմարդկային պայմանների եւ խոշտանգումների վերաբերյալ:

«Ակնկալում ենք մեր չեխ գործընկերների գործուն աջակցությունը հայ ռազմագերիներին օր առաջ հայրենիք վերադարձնելու, ինչպես նաեւ Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության փրկության ուղղությամբ տարվող մեր ջանքերին»,- ասել է Հակոբ Արշակյանը:

Չեխիայի Սենատի փոխնախագահը նշել է, որ իր երկիրը նույնպես հետաքրքրված է Ադրբեջանում գերության մեջ գտնվող անձանց ազատ արձակման հարցով: Նրա խոսքով՝ որպես ԵՄ անդամ եւ քրիստոնյա երկիր՝ Չեխիան կարեւորում է հայկական քրիստոնեական արժեքների պահպանումը: Շեշտվել է խաղաղ ճանապարհով խնդիրների կարգավորման անհրաժեշտությունը:

Կարեւորելով տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունը՝ ԱԺ նախագահի տեղակալը վերահաստատել է Արցախի ազատությունն ու անվտանգությունը, Արցախում ապրող ժողովրդի ինքնորոշման եւ իր պատմական հայրենիքում ապրելու իրավունքը պաշտպանելու հայկական կողմի վճռականությունը: Նրա գնահատմամբ՝ Լեռնային Ղարաբաղի անվտանգության եւ կարգավիճակի հարցը կարող են լուծվել միայն բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդությամբ:

Հակոբ Արշակյանը երախտագիտություն է հայտնել Չեխիայի խորհրդարանի երկու պալատների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու համար՝ նշելով, որ մարդկության դեմ հանցագործությունների դատապարտումն այլընտրանք չունի:

«Մեզ համար ողջունելի են ձեր ձգտումներն ու քայլերը մեդիայի, ժողովրդավարության ոլորտներում, օրենսդրական դաշտի ժողովրդավարացման ուղղությամբ»,- շեշտել է Յիրժի Ռուժիչկան:

Հակոբ Արշակյանն անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված հայկական կողմի ջանքերին: Ներկայացվել են երկրի ներքաղաքական իրավիճակին առնչվող հարցեր:

Կողմերը քննարկել են մեդիաոլորտի խնդիրները, անդրադարձել ԶԼՄ-ների անկողմնակալ աշխատանքի համար իրականացվող օրենսդրական քայլերին ու միջոցառումներին: Կարեւորվել է այս բնագավառում հայ-չեխական փոխգործակցությունը:

ՀՀ ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031