Aravot.am-ի հարցին, թե ինչպե՞ս են վերաբերվում նրան, որ քաղաքական մեծամասնություն կազմող պատգամավորները, կարծես, ընդդիմադիր իրենց գործընկերներին նիստերից բացակայելու համար պատգամավորական մանդատից զրկելու ուղղությամբ առաջարկներ են նախապատրաստում, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն ասաց. «Նրանց այդ հայտարարությունները այնքա՜ն ծիծաղելի են, որովհետեւ մենք ի սկզբանե չենք գնացել խորհրդարան՝ մանդատ ստանալու եւ այդ մանդատից բխող որոշակի առավելություններից օգտվելու համար: Մենք մանդատները վերցրել ենք այն նպատակով, որ նաեւ խորհրդարանական հարթակը օգտագործենք այս իշխանությանը օր առաջ հեռացնելը մոտեցնելու համար:
Օգտագործեցինք խորհրդարանական հարթակը եւ խորհրդարանում գտնվելու ժամանակ մենք գրեթե ամենօրյա ռեժիմով նաեւ հայտարարում էինք, որ չենք բացառում փողոց դուրս գալը: Եվ այն պահից, երբ կհասունանա դրա անհրաժեշտությունը, մենք դուրս կգանք եւ մեր հասարակությանն էլ կհրավիրենք մեզ հետ միասին փողոցում պայքարելու այս իշխանությանը հեռացնելու համար: Այդ օրը հասունացել է: Մենք քաղաքացիներին հրավիրել ենք, ու տեսնում եք, թե որքան արժանապատիվ քաղաքացիներ են միացել մեզ, ու ամեն օր նրանց թիվը ավելանում է, մեր գործողություններն ավելի ծավալուն են դառնում: Այնպես որ, այդ մանդատներից զրկվելը մեզ բացարձակ չի հետաքրքրում: Մեզ վախեցնելու նրանց քայլերը, թե ա՛յ, ձեզ մանդատներից կզրկենք, որպեսզի փողոցային պայքարը դադարեցնենք ու նորից գնանք խորհրդարան, պարզապես ծիծաղելի են:
Մեկ անգամ նշել եմ ու կարող եմ կրկնել. մենք խորհրդարան կվերադառնանք կա՛մ այլ կարգավիճակով, կա՛մ այս իշխանության հեռացնելու համար կոնկրետ գործողություն իրականացնելու համար, կամ էլ՝ պարզապես, չենք վերադառնա:
Մանդատից զրկելու առումով իրենք մտածելու բան ունեն, որովհետեւ կարող են խնդիրներ առաջանալ առանց ընդդիմության: Իրենք պետք է հետեւություններ անեն: Կարող է իրավիճակ լինել, որ ինքներս մանդատներից հրաժարվենք, ինչն իրականում մանդատ ստանալու օրվանից մեզ մոտ քննարկվել է: Դա էլ չենք բացառում: Մենք պատրաստ ենք յուրաքանչյուր քայլի, որը կնպաստի այս իշխանության հեռացմանը: Կարող է այնպիսի իրավիճակ առաջանալ, որ ճգնաժամի հաղթահարման խնդիրը լուծվի հենց Ազգային ժողովում: Իսկ այդ ժամանակ մանդատները ընդդիմությանն անհրաժեշտ են լինելու:
Կարդացեք նաև
Դրանք հիմա էլ անհրաժեշտ են ոստիկանական բաժանմունքներում բերման ենթարկված մեր հայրենակիցներին այցելելու, երթերի ժամանակ ոստիկանության հետ բանակցելու եւ նրանց ու քաղաքացիների միջեւ բախումները կանխելու, կողմերին հանդարտեցնելու, ինչպես նաեւ քրեակատարողական հիմնարկներ մուտք գործելու նպատակով»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ