Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Ջրականում չկրակեց «թուրքերի ահ ու սարսափ զենքը», իսկ հրամանատարները փախան.  որդեկորույս մայրը պահանջում է քրեական գործ հարուցել

Մայիս 18,2022 17:27

44- օրյա պատերազմի հենց առաջին օրը Ջրականում (Ջաբրայիլ)  զոհված ժամկետային զինծառայող Նորայր Սողոմոնյանի մայը՝ Սյուզան Վարդանյանը, որդու մահվան հանգամանքների բացահայտման սեփական հետաքննությունն է սկսել: Նրա խոսքով՝ բացահայտել է կարեւոր փաստեր՝ հրամանատարական կազմի փախուստից մինչեւ հզոր զենքի չկրակելու դեպքեր, ու այդ բոլոր փաստերը փոխանցել է Քննչական կոմիտե՝ քրեական գործ սկսելու պահանջով: Սյուզան Վարդանյանի բացահայտումների հետքերով քրեական գործ չի հարուցվել, միայն օրեր առաջ հրավիրվել է հարցաքննության:

«Որդիս զոհվել է պատերազմի հենց առաջին օրը՝ մնալով առաջնագծում շրջափակման մեջ: Դիրքերում հզոր զինատեսակ է եղել, որը հիմնականում կիրառվել է մարդուժի դեմ, ու հիմնական ճեղքը եղել է որդուս՝ N մարտական դիրքից, արդյունքում երեք դիրքի տղաներ մնացել են շրջափակման  մեջ ու զոհվել, բայց զենքը չի օգտագործվել:  Հարցը մի քանի տասնյակ 20 տարեկան տղաների մասին է: Ո՞վ պետք է պատասխան տա, ինչո՞ւ զոհվեցին, ինչո՞ւ այդ զենքը, որը թուրքերի ահ ու սարսափն է եղել, չի կրակել:  Պաշտոնական տվյալներով՝ 07:20 պատերազմը սկսել է, անմիջապես հետո երեւի մոտ 08:00-ին ադրբեջանական կողմից տանկերը եկել եւ դիրքավորված են եղել կոնկրետ հրամանատարական ՀԴԿ-ոմ, այս ամենը փաստում է, որ հրամանատարներն արդեն այնտեղ չեն եղել: Տղայիս դիրքի անմիջապես ներքեւի դիրքում է եղել  հրամանատարական ՀԴԿ-ն, որը կոչվել է X: Մեր հավաստի տեղեկություններով՝ հրամանատարական կազմը պատերազմի սկսելուն պես լքել, փախել է դիրքերից: Այսօր մեր տղաները  չկան, մեզ հետ չեն ու իրենց անփութության պատճառով մեզ հետ չեն: Ո՞վ պետք է պատասխան տա:  Հրամանատարներից  մեկին Հադրութում անձամբ եմ հանդիպել, նա այսօր Եղեգնաձորի զորամասում ավելի բարձր պաշտոն է զբաղեցնում: Իրենք գիտակցաբար լքել են դիրքերը, մեր տղաներին թողել անօգնական»,- ահազանգում է որդեկորույս Սյուզան Վարդանյանը:

Նորայր Սողոմոնյանը մեկ տարի անհետ կորած է համարվել , երկու ամիս առաջ են գտել նրա դին, այդ ընթացքում, մոր պատմելով՝ ինն անգամ դիրքեր են գնացել որոնողական աշխատանքների.  «Եղբայրս, որը մասնակցում էր որոնողական աշխատանքներին, հայտնաբերել է չկիրառված զենքը: Խոսել ենք զենքի պատասխանատուի  հետ, սկզբում ոչինչ չէր պատմում, ասում էր՝ չի հիշում, կանտուզիա է տարել, բայց երբ շատ պնդեցինք, հիշողությունը վերականգնվեց: Ասաց՝  փախել ենք, չենք կրակել: Արդյունքում, երկու-երեք մարտական դիրքերի տասնյակ տղաները  զոհվեցին»:

Սյուզան Վարդանյանը պնդում է, որ ձեռքի տակ շատ փաստեր ունի, սպասում է՝ քրեական գործի հարուցմանը, որ միջնորդությունների ձեւով  ներկայացնի: Նա պահանջում է պատժել որդու ու տասնյակ զինվորների զոհվելու համար մեղավորներին:

Նորայր Սողոմոնյանը հուլիսի 1-ին կդառնար 22 տարեկան: Ավարտել էր Վայոց ձորի գեղարվեստի դպրոցը, ընդունվել Խ. Աբովյանի անվան մանկավարժական  համալսարանի գեղանկարչության բաժին ու զորակոչվել բանակ: Նորայրի բացակայությամբ ծննդավայրում ծննդյան օրը կցուցադրվեն նրա աշխատանքները՝ մոտ 100 կտավ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031