Այսօր, զոհվածների ծնողների հետ հանդիպման ժամանակ, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ առավոտյան, անհնազանդության գործողությունների ժամանակ, քաղաքացիներից մեկն աչքի վնասվածքով տեղափոխվել է «Մալայան» կենտրոն. «Ոստիկանները, կարծես, քաղաքացիներից մեկի աչքն են հանել. տարել են Մալայան, տեսնենք»:
Aravot.am-ին հայտնի դարձավ, որ աչքի վնասվածք ստացած անձը Զոհրաբ Իգիթյանն է:
«Ս. Վ. Մալյանի անվան ակնաբուժական կենտրոն» աչքի կլինիկա ՓԲԸ-ում, միջադեպի, տուժածի մասին տեղեկություններ խուսափեցին տրամադրել: Տեղեկանալով, որ զանգահարողը լրագրող է՝ աշխատակիցը նախ շփոթվեց, ապա խնդրեց ավելի ուշ զանգահարել, որպեսզի ինքը կարողանա պատասխանել հարցերին: Իսկ ավելի ուշ, արդեն, մեր բոլոր հեռախոսազանգերն անպատասխան մնացին:
«Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ կենտրոնում Զոհրաբին բուժօգնություն են ցուցաբերել. պարզվել է, որ նա աչքի լուրջ վնասվածք է ստացել: Իրենք խնդրել են, որպեսզի բժշկական եզրակացություն տրամադրվի, որպեսզի կարողանան հանցագործության մասին հաղորդում ներկայացնել: Վնասվածք պատճառած ոստիկանի ինքնությունը դեռ ճշտված չէ:
Կարդացեք նաև
Հիշեցնենք նաեւ, որ այսօր Ազգային ժողովում պատգամավորները եւ իրավապահները միաձայն պնդում էին, թե ոստիկանները գործում են օրենքի տառին համապատասխան:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ