Ռուս-ուկրաինական հակամարտության հետեւանքով շուրջ 6 հազար քաղաքացի ուկրաինական փաստաթղթերով հատել է Հայաստանի սահմանը եւ մուտք է գործել մեր երկիր, որոնց մեծ մասը մեր հայրենակիցներն են: Այս մասին այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում ասաց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության եւ հետազոտությունների վարչության հայրենադարձության բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը: Նրա խոսքով, քանի որ Ուկրաինայի երկինքը փակ է եղել, նրանք եկել են Վիեննայի, Վարշավայի, Բուխարեստի կամ Բուդապեշտի օդանավակայաններից:
Հովհաննես Ալեքսանյանի ներկայացմամբ՝ գրասենյակն իրականացնում է Ուկրաինայից ժամանած մեր հայրենակիցների համար ինտեգրման ծրագիր, որն ունի 4 բաղադրիչ: Այս պահի դրությամբ ծրագրից օգտվելու համար դիմել են 80 ընտանիքներ:
Մինչեւ 70 հազար դրամի չափով, կսուբսիդավորվի բնակարանի վարձը, Հայաստան տեղափոխվածների ուսման վճարը: Երրորդ բաղադրիչն, ըստ Հովհաննես Ալեքսանյանի, առողջապահական բուժօգնությունն է, չորրորդը՝ միանվագ աջակցությունը, որը տրվում է այն ընտանիքներին, որոնք նախորդ կետերից օգտվելու համար չունեն համապատասխան փաստաթղթեր: Խոսքն այն ընտանիքների մասին է, որոնք Հայաստանում ունեն բնակարան: Նրա խոսքով՝ փոխհատուցումներն արդեն իրականացվում են:
Ասաց, որ Ուկրաինայի հայ համայնքի հետ կապը մշտապես պահպանվում է, համայնքը մեծությամբ 4-րդն է: Այն հայերին, որոնք Ուկրաինայից դուրս են եկել դեպի եվրոպական երկրներ, գրասենյակը աջակցել է տեխնիկական հարցերով, իսկ տվյալ երկրների հայ համայնքը տարբեր տիպի օգնության ձեռք է մեկնել:
Ըստ պարոն Ալեքսանյանի՝ սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակը վերջին 4 ամիսների ընթացքում ստացել է 4 հազար դիմում, նամակներ, զանգ եւ այցելություն, որոնք վերաբերում են հայրենադարձության գործընթացի տարբեր խնդիրներին: Մեծ մասամբ ցանկացել են ծանոթանալ քաղաքացիություն ձեռք բերելու ընթացակարգերին, հետաքրքրվել են երեխաներին Հայաստանի դպրոցներում, ուսումնական այլ հաստատություններում տեղավորելու, բիզնեսը եւ անձնական իրերը Հայաստան տեղափոխելու հարցերով: Հովհաննես Ալեքսանյանի խոսքով՝ 2021 թվականին ՀՀ քաղաքացիություն ձեռք է բերել 7300 մեր հայրենակից՝ աշխարհի 45 երկրներից: ՌԴ-ից 2 հազարից ավելի քաղաքացի է դիմել, Լիբանանից՝ նույնպես 2 հազարից ավելի: Դիմել են Իրանից, Սիրիայից, Վրաստանից ու ԱՄՆ-ից: Նրանց մի մասն էլ ԵՄ 18 երկրներից են:
Կարդացեք նաև
Հովհաննես Ալեքսանյանն ասաց, որ անցյալ տարի 2070 մեր հայրենակիցներ Հայաստանում մշտական կացության եւ հատուկ կացության կարգավիճակ են ձեռք բերել. «Դժվար է ասել նրանցից, որ տոկոսն է բնակվում Հայաստանում, բայց կեսն այստեղ են բնակվում»:
Նրա խոսքով՝ սիրիահայ հայրենակիցների համար շարունակվում են ծրագրերը, մասնավորապես՝ առողջապահական ոլորտում սիրիահայերը ծառայությունները ստանում են պետպատվերով:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ