«Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը» երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամից դուրս գալու վերաբերյալ իր տարբերակն ունի: Կուսակցության առաջնորդ Արամ Գ. Սարգսյանը Ֆրանսիայի հրապարակում իրենց առաջարկների մասին պատմեց Aravot.am-ին:
«Մեր ժողովուրդն արդեն հաստատեց, որ այս իշխանությունից ուզում է հրաժարվել ու կապ չունի՝ 30 հազարն է, 50 հազար, թե 100 հազար: Սա ժաղովրդի այն հատվածն է, որը վստահաբար գիտի, թե հանուն ինչի է դուրս եկել փողոց: Ովքեր մնացել են տանը, նրանք կամ անորոշության մեջ են, կամ ընդհանրապես տեղյակ չեն, կամ էլ անտարբեր են: Թողնենք նրանց, ինչպես ասում են, տապակվեն իրենց յուղում:
Ինչ վերաբերում է հեռանկարին, մեր կուսակցությունը կոնկրետ առաջարկ ունի, եւ ես ուզում եմ ասել: Այսօրվա իրավիճակում գլխավոր թիրախը մեկն է, չէ՞. Նիկոլ Փաշինյան: Ուրեմն, պետք է դիմել Ազգային ժողովի երեք խմբակցություններին, իշխող խմբին էլ ասել՝ հաշվի առնելով ժողովրդի ցանկությունը, եւ որ ներքին իրավիճակը գնալով թեժանում է, ինչը երկրին շատ լուրջ վնաս է հասցնելու, մենք առաջարկում ենք, որ դուք էլ հրաժարվեք ձեր այդ առաջնորդից, պետք է ձեւավորել կոալիցիոն կառավարություն, որը պետք է իր վրա ստանձնի այդ պատասխանատվությունը: Եվ եթե ունեք արհեստավարժ եւ իսկապես կարող ուժ, նրանք էլ կարող են ընդգրկվել: Այդ կոալիցիոն կառավարությունը պետք է մեկուկես տարվա ընթացքում կարգի բերի երկիրը, որից հետո կգնանք ընտրությունների:
Ինչի՞ ենք ասում, որ նրանց՝ ՔՊ-ին, էլ է պետք առաջարկել: Որովհետեւ իրենք այսօր ամեն դեպքում ԱԺ-ում մեծամասնություն են: Բայց եթե այդ միակ անձը հրաժարական տա, հասկանում եք, չէ՞, թե ինչ հետեւանքներ կլինեն: Ես կարծում եմ՝ ժողովուրդը պետք է իմանա, որ այդպիսի կոմպրոմիսային տարբերակ ենք առաջարկել: Հանուն այն բանի, որ պետությունն ավելի լավ իրավիճակում հայտնվի, մենք ասում ենք՝ գնանք, այդ բանն անենք: Թող խորհրդարանական երկու խմբակցությունների պատվիրակությունը գնա եւ նրանց ներկայացնի այս ամբողջը: Եթե համաձայնեն, կարծում եմ, դա ամենալավ տարբերակն է:
Կարդացեք նաև
Բոլորը, նաեւ արտախորհրդարանական կուսակցությունները, իրավունք պետք է ունենան մասնակցելու ընտրությունների: Իսկ խորհրդարանական մեծամասնության համար հարցն այն է լինելու, թե ում են առաջարկելու որպես թեկնածու: Եթե լինեն մարդիկ, որոնք մրցակցության մեջ կարող են լինել, խնդրեմ: Բայց ես կարող եմ ասել, որ եթե նրանից ազատվենք, այդ խմբակցությունից կմնա ռուսի ասած «Рожки, да ножки»: Հիշում եք, չէ՞ 1995-96 թվականը, երբ նման իրավիճակ ստեղծվեց, ՀՀՇ-ի ամբողջ կազմը մի գիշերվա մեջ դարձավ երկրապահ»,-ասաց Արամ Սարգսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ