«Երեկ որոշ անձինք, օգտվելով իրենց կարգավիճակից, խոչընդոտել են ոստիկանների օրինական գործողություններին։ Այս ընթացքում քիչ են եղել դեպքեր, որբ բողոքներ ենք ստացել ոստիկանների ոչ օրինական գործողությունների մասին։ Հետագայում պարզվում է, որ բողոքների մեծ մասի դեպքում ոստիկանների գործողություններն օրինաչափ են եղել»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով բողոքի գործողությունների ժամանակ ոստիկանության արարքներին՝ ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։
«Որեւէ մեկի մոտ հարց չի առաջանո՞ւմ՝ ինչպե՞ս է ստացվում, որ առաջին շարքերում միշտ հայտնվում են կանայք, պատգամավորներ, ծերեր, եւ ոստիկանների գործողություններն այս առումով սահմանափակվում են»,-հավելեց նա։ Ինչ վերաբերում է ընդդիմության պնդումներին, թե ոստիկանները դուրս են գալիս համակարգից, Արա Ֆիդանյանը պնդեց, որ դրանք տարրական մանիպուլյացիաներ են։
«Հրապարակվեցին հավաքների ժամանակ անուններ, որոնք վաղուց լքել են ոստիկանության շարքերը։ Այո, ոստիկանությունից դուրս եկող անձինք կան, դա որեւէ մեկը չի թաքցնում, եւ դա մշտական գործընթաց է։ Ի դեպ, այս պահից արձանագրենք, որ տարեվերջին ունենալու ենք ոստիկանությունից ավելի շատ դուրս եկող մարդիկ, քան նախորդ տարի, որովհետեւ ոստիկանության որոշ ծառայողներ տեղափոխվում են հակակոռուպցիոն կոմիտե, որոշներն էլ շարունակելու են ծառայել քննչական կոմիտեում։ Բայց այն, որ աղաղակում են, թե ոստիկանները դուրս են գալիս համակարգից, դա տարրական մանիպուլյացիա է»,-հավելեց նա։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ