Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խզմալյանն անդրադարձել է Ֆրանսիայի հետ համատեղ կինոարտադրության և այդ համատեքստում միջպետական պայմանագրի ստորագրման հնարավորությանը

Մայիս 18,2022 15:08

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը և Ալֆրեդ Քոչարյանն ընդունել են ՀՀում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:

Հանդիպմանը քննարկվել են մշակույթի ոլորտում երկու երկրների միջև հարաբերությունների առավել ամրապնդման, ինչպես նաև հայ-ֆրանսիական համագործակցության օրակարգի ընդլայնման ու հարստացման հարցերը:

Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նշել է, որ երկկողմ համագործակցությունը պետք է դրվի ինստիտուցիոնալ հիմքերի վրա՝ ռազմավարական ծրագրեր իրականացնելու տեսանկյունից:

«Մենք երկու երկրների խոշոր մշակութային կառույցների միջև հարաբերությունների հաստատման խնդիր ունենք, օրինակ՝ կինոոլորտում համագործակցությունն արդյունավետ կլինի, եթե մեր ծրագրերը չսահմանափակվեն մեկական վարպետության դասերով, այլ լինի փոխգործակցություն Հայաստանի ազգային կինոկենտրոնի և ֆրանսիական CNC-ի միջև: Ցանկալի կլինի, որ այդ նախագծերն ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնեն, օրինակ՝ FEMIS-ի կրթական մեթոդը ներդրվի Հայաստանում, կամ հայ ուսանողներն այդ ուսումնական հաստատությունում կրթություն ստանալու հնարավորություն ունենան»,- նշել է փոխնախարարը՝ ընդգծելով, որ կինոկրթության խնդիրը կարելի է դիտարկել նաև ՀՀ-ում գործող ֆրանսիական հաստատությունների տրամաբանության մեջ:

Արա Խզմալյանն անդրադարձել է համատեղ կինոարտադրության և այդ համատեքստում միջպետական պայմանագրի ստորագրման հնարավորությանը, ինչպես նաև կարևորել ֆրանսահայ համայնքի առավելագույն ընդգրկվածությունը համատեղ ծրագրերում:

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի կառավարությանը՝ Հայաստանի մշակույթի ոլորտում դրամաշնորհային ծրագիր իրականացնելու համար: Փոխնախարարը վստահեցրել է՝ դրա շրջանակում կիրականացվեն մշակութային մի շարք կարևոր նախագծեր, որոնք մնայուն կլինեն մեր երկրի համար: Այդ համատեքստում Ալֆրեդ Քոչարյանը կարևորել է գործողությունների ճանապարհային քարտեզ մշակելու անհրաժեշտության հարցը:

Դեսպան Անն Լույոյի խոսքով՝ պետք է սահմանել երկու երկրների միջև տարեկան առաջնահերթությունները՝ մշակութային ժառանգության հարցերը քննարկելու համար: Անդրադառնալով կինոարտադրության հարցերին՝  դեսպանը  շեշտել է, որ կարող են կազմակերպել ֆրանսիական CNC-ի և FEMIS-ի ներկայացուցիչների, ինչպես նաև փորձագիտական առաքելության այցը Հայաստան՝ հետագա համագործակցության հարցերը քննարկելու համար:

Անն Լույոն ներկայացրել է նաև Ֆրանսիայի կառավարության՝ Հայաստանի մշակույթի ոլորտում նախատեսվելիք դրամաշնորհային ծրագրի երեք կարևոր ուղղությունները՝ մշակութային ժառանգության վերականգնման վերաբերյալ դասընթացներ, Տաթևի մեծ անապատի վերականգնման աշխատանքներ և Էրեբունի թանգարանի ցուցադրության վերակազմակերպման աջակցություն: Նրա խոսքով՝ նշված ուղղություններով գործընկեր կառույցներ են հանդիսանում Ֆրանսիայի մշակութային ժառանգության ազգային ինստիտուտը, ՀՀ պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը, Լուվրի թանգարանը և Էրեբունի թանգարանը: Դեսպանը կարևորել է վերոնշյալ ծրագրի շրջանակում կառավարման խորհրդի ձևավորման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև մշակույթի ոլորտում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031