Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞նց է եղել՝ երեկ Գարիկը մի շիշ շպրտեց, էսօր բերման ենթարկեցիք, իսկ Նիկոլ Փաշինյանը 5000 հոգու գլուխա կերել, մի հատ հարցաքննության չեք կանչել». զոհվածների ծնողեր

Մայիս 18,2022 14:11

Քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության բակում  քաշքշուկ տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատների, ոստիկանների և ՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանի միջև: Զոհվածների ծնողներին չբավարարեցին այն պատասխանները, որոնք Ռոբերտ Վարդանյանը տվեց նրանց: Հարազատները պահանջում են, որպեսզի անհապաղ ազատ արձակեն Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին:

Զոհվածների հարազատները Ռաֆայել Վարդանյանի հետևից գոչում են՝ «վախկոտ, Ռաֆո»:

Հիշեցնենք՝ զոհված զինծառայողների հարազատները եկել են պարզաբանումներ ստանալու, թե ինչու է հետաձգվել  Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությունը, ինչու է քննիչն անգործություն դրսեւորել: Այս առիթով Ռաֆայել Վարդանյանը պարզաբանեց. «Այն հարցը, որ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցաքննությանը, այդ առիթով ասեմ՝ քրեական գործի շրջանակներում փաստաբաններն իրավիճակին լավատեղյակ են: Կա դատախազի կողմից տրված ցուցում, որի պահանջները կատարվելու են»:

Դիմելով փաստաբան Արա Զոհրաբյանին՝ նա ասաց. «Հայտարարեցիք, որ խոսել եք պարոն Քյարամյանի հետ. առաջիկայում հանդիպում է լինելու: Այդ ժամանակ ժամկետների հետ կապված հարցերը կհստակեցվեն»:

Արա Զոհրաբյանի հստակեցմանը՝ Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու եք, ուղղակի ժամկետնե՞րը պիտի հստակեցվեն, Ռաֆայել Վարդանյանը պատասխանեց. «Ժամկետների հետ կապված հարցերը կհստակեցվեն»:

Խոսելով Գարիկ Գալեյանի ձերբակալության  մասին՝ նա ասաց. «Անձը ձերբակալվել է զորամասի տարածքում բարձրաստիճան սպայի  օրինական ներկայացված պահանջը չկատարելու կասկածանքով: Հարուցված է քրեական գործ, որի շրջանակներում, ենթադրում եմ, նա ունի պաշտպան: Պարոն Գալեյանի պաշտպաններն իրավասու են քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված բողոքարկել ներկայացված ձերբակալության իրավաչափության վերաբերյալ, և եթե որոշում կայացվի կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրել, ապա դատարանում կներկայացվեն փաստաբանների հակափաստարկները»:

Զոհվածների հարազատները վրդովվեցին ու գոչեցին՝ ի՞նչ դատարան:  Նրանցից մեկը հայտարարեց. «Դուրս է գալիս՝ 5000 երեխու գլուխ կերած մարդասպանին հարցաքննության կանչելու ժամկետները պիտի քննարկվեն, իսկ զոհվածի ծնողին միանգամից բերման են ենթարկո՞ւմ՝  շշով հարվածելու համար: Մեկուկես տարի է՝ մի անգամ կանչե՞լ եք Նիկոլ Փաշինյանին հարցազրույցի: Տարիուկես է վրան հաղորդում կա»:

Ռաֆայել Վարդանյանն ասաց՝ միայն շշով հարվածելու հարց չէ: Ծնողներն էլ արձագանքեցին. «Եթե Գարիկին անհապաղ բաց չթողեցին, մենք մեր քայլերի համար պատասխանատու չենք: Ո՞նց ա եղել՝ երեկ Գարիկը մի շիշ շպրտեց, էսօր բերման ենթարկեցիք, իսկ Նիկոլ Փաշինյանը 5000 հոգու գլուխ ա կերել, մի հատ հարցաքննության չեք կանչել: Մենք բոլորս Գարիկ ենք: Շատ վատ բաներ են լինելու: Ավելի դաժան բաներ կանենք, ՊՆ-ն իրենց համար երազանք է լինելու»: Ռաֆայել Վարդանյանը հորդորեց՝ սպառնալիքի լեզվով մի խոսեք:

Քիչ առաջ զոհված զինվորների հարազատներին այցելեցին ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը: Նրանք տեղեկացան, որ Գարիկ Գալեյանը շենքի ներսում չէ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031