Լևոն Սահակյանը ՀՖԿՍՊԻ մարզական լրագրության բաժնի ուսանող է: Երիտասարդը մասնակցել է 44-օրյա պատերազմին, գրել գիրք՝ «Կռիվ տալով» վերնագրով, որը նախորդ տարի է հրատարակել: Վստահ է՝ կյանքի ճանապարհները տանում են այնտեղ, որտեղից սկսվեց իր և շատերի ապրելու երկրորդ, վերաիմաստավորված ուղին։
«Այդ ուղին գտնելու ու հարթեցնելու համար շատ ջանքեր են հարկավոր: Ես հաղթահարել ու շարունակում եմ պայքարել իմ առողջական խնդիրները կայունացնելու ուղղությամբ։ Շատ նպատակներ կան, բայց ձգտում եմ դրանք դասակարգել, չխառնել, յուրաքանչյուրին յուրովի մոտենալ», – ասում է Լևոնը, ավելացնելով, որ յուրաքանչյուրիս ի վերուստ տրված է մտածելու և գործելու հնարավորություն, ու ճիշտ է գտնում և՛ շատ մտածելը, և՛ շատ գործելը:
Լևոնի հեղինակային «Կռիվ տալով» գիրքը 44-օրյա պատերազմի ժամանակ անցած իր և ընկերների դժվարին ճանապարհի մասին է։ «Գրել եմ իմ հրամանատար Դավիթ Ղազարյանի խիզախության և արիության մասին, և, իհարկե, իմ զինակից ընկերների։ Նրանցից շատերը ֆիզիկապես իմ կողքին չեն, բայց վստահ եմ, որ մի օր անպայման կհանդիպեմ նրանց», – ավելացրեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ պետք է արժանի հայ լինել, որ կարողանանք ապրել ու շենացնել հայկական աշխարհում:
Կարդացեք նաև
Արցախը գնալն իր երազանքներից էր, որն իրականացավ: «Պատերազմի ընթացքում ժամանակ առ ժամանակ լինում էի Ստեփանակերտ քաղաքում ու անբացատրելի զգացողություն էր, երբ շուրջդ միայն զինվորականներ են, քանդված ու թափված ապակիներ։ Բայց հասկացա, որ ոչ ոք ու ոչինչ չի կարող կոտրել մեզ ու մեր ժողովրդին։ Ու այսօր իմ պարտությունը կլինի այն ժամանակ, երբ ես հասկանամ, որ ոչ մի բան չունեմ անելու իմ հայրենիքի համար»,-ավելացրել է Լևոն Սահակյանը, հայտնելով, որ երկրորդ գրքի վրա է աշխատում և պատրաստվում է առաջիկայում հրատարակել:
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ