ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի առաջնորդությամբ ցուցարարների մի խումբ իրազեկման գործողություններ էր իրականացնում կենտրոնում: Աշոտյանն այդ գործողությունների անունը դրել էր սիթի տուր ու անցնելով փողոցներով՝ ֆեյսբուքի ուղիղ եթերում սկսում էր ներկայացնել ճանապարհին հանդիպած հուշարձանների, սրճարանների, տեսարժան վայրերի, ժամանցի գոտիների մասին տեղեկատվություն:
Ներկայացնելով հայկական գամփռ շանը նվիրված արձանը, որը հեղինակել է Լեւոն Թոքմաջյանը, Աշոտյանն ասաց, որ գամփռ եւ շուն հասկացությունը երկակի նշանակություն ունի. «Դրական ու բացասական է ընկալվում, օրինակ, հավատարմություն, բայց նաեւ բացասական՝ նայած, թե այդ շունը ո՞ր տիրոջ հրամանն է կատարում: Շատ կուզենամ, որ մեր ուժային կառույցներն ունենան արժանապատվություն, ունենան պետությանը եւ ոչ թե դավաճանին ծառայելու պարտավորություն: Հայկական գամփռը պետք է պաշտպանի սեփական հոտը եւ ոչ թե թշնամուն: Տեսե՞լ եք գամփռ, որ կատարում է գայլի հրաման, գամփռը պետք է գայլին խեղդի»:
Պատմամշակութային-քաղաքական այս արշավի ընթացքում Աշոտյանը ներկայացնում էր Վիլյամ Սարոյանի արձանը, իսկ անտարբեր աջակիցներին նախատում էր. «Դուք ոնց որ գլուխ պահող տուրիստներից լինեք»: Սարոյանի արձանի մոտ Աշոտյանն ասաց. «Եթե Սարոյանը ողջ լիներ ու տեսներ այս ազգային խայտառակությունը, որում հայտնվել է հայ ժողովուրդը Նիկոլի ու իր սպասարկուների պատճառով, ապա նրա հայտնի երկտողը կհնչեր մի քիչ այլ կերպ՝ որտեղ հավաքվի երկու հայ, Նիկոլի կյանքը դժոխք է սարքելու, որտեղ հավաքվի երկու հայ, Նիկոլի համար Սյունիք է լինելու»:
Արշավի ժամանակ վիճաբանություն եղավ անցորդների հետ: Նրանցից մեկը Գեղարքունիքի մարզի բնակիչ էր ու Աշոտյանի միջամտությունից հետո արդարացավ. «Աշոտյան ջան, ես հընցեր եմ, մեռնիմ քեզի, ես բան ըսե՞ր եմ էդ մարդուն»: Նա ցուցարարներին ասում էր. «Թուրքը դու ես, թուրքը մարտունեցու կյանք ոչ մտել է, ոչ էլ կմտնի»: Աշոտյանը հորդորեց իրենց աջակիցներին՝ կռվի չբռնվել այն քաղաքացիների հետ, որոնք քաղաքական այլ ճաշակ ունեն՝ ասելով, որ իրենց կռիվը նրանց տիրոջ հետ է ու նաեւ հանուն նրանց է:
Կարդացեք նաև
Մեկ այլ քաղաքացի սկսեց վիճաբանել ու հայհոյել ցուցարարներին. «Շան փող եք ստացել, բ-ի տղերք»: Աշոտյանի նյարդերը տեղի տվեցին, սկսեց արձագանքել ու հորդորեց ոստիկաններին զբաղվել սադրիչով: Իսկ մյուս քաղաքացիներից ներողություն խնդրեց 18+ բառապաշարի համար:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ