Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ազատության ջահակիրները»՝ «պուտինիստների» դեմ

Մայիս 18,2022 10:00

Ներկայիս իշխանության կողմնակիցների «արեւմտամետ» մասն իրավիճակը ներկայացնում է այնպես, որ փողոց դուրս եկած ցուցարարները ռուսամոլներ եւ կատարում են անձամբ Պուտինի հրահանգները, իսկ ահա իրենց հավանած վարչապետը զուլալ ժողովրդավար է, ազատական, եվրոպական, արեւմտյան արժեքների ջատագով: Ըստ այդ քարոզիչների՝ «5-րդ շարասյունը», «Կրեմլի գործակալներն» իրենց ցույցերով ցանկանում են շեղել եվրոպական ընտանիք մտնելու ուղիղ ճանապարհից, որով, իբր, գնում է մեր երկիրը:

Ներկա իշխանության վերաբերյալ «արեւմտամետների» այս հովվերգական պատկերի հետ հակասության մեջ է մտնում այն փաստը, որ Փաշինյանը պարբերաբար հայտնվում է այն լիդերի կողքին, որը ագրեսիվ եւ արյունալի պատերազմ է սկսել իր հարեւանների դեմ: Դուք կասեք՝ նա ուրիշ տարբերակ չունի, որովհետեւ հակառակ դեպքում Կրեմլը կշարունակի մեզ «պատժել» Արցախում եւ Սյունիքում, եւ դրա հետ ես համաձայն կլինեմ: Պատերազմում պարտության պատճառով մեր կախվածությունը Ռուսաստանից ավելացել է, եւ, այո, Հայաստանի ղեկավարը պարտադրված է պարել Մոսկվայի դուդուկի տակ՝ մի  հանգամանք, որը իշխանության «արեւմտամետ» ջատագովները չեն ուզում տեսնել: ՀԱՊԿ-ի վերջին նիստում Փաշինյանը մի թեթեւ բողոքեց այդ կազմակերպությունից (թերեւս՝ ճիշտ արեց): Բայց ժամանակ առ ժամանակ շատ ավելի խիստ բողոքներով հանդես է գալիս նաեւ Լուկաշենկոն: Կարո՞ղ եք ասել՝ ո՞ր մեկն է Ռուսաստանից ավելի շատ կախված՝ Բելառուսը, թե Հայաստանը:

Հավատարմությունը արեւմտյան, ազատական արժեքներին ես պատկերացնում եմ այսպես. անկախ նրանից՝ մեզ դո՞ւր են գալիս ցուցարարների հայացքները, թե ոչ, մենք պետք է պաշտպանենք քաղաքացիների խաղաղ ցույցի իրավունքը: Չի կարող պատահի այնպես, որ մինչեւ 2018 թվականը ոստիկանների կողմից ցուցարարների գլուխը ջարդելը դատապարտելի էր, հակասում էր այդ արժեքներին, իսկ հիմա մարդկանց գլուխները պետք է ջարդել, որովհետեւ ցուցարարները «պուտինիստ» են, իսկ ջարդելու հրաման տվողը՝ «ազատության ջահակիր»: Ի դեպ, հետաքրքիր զուգադիպությամբ, ոստիկանության գործողություններն ավելի կոշտ դարձան ՀԱՊԿ նիստից հետո: Պուտինի եւ Լուկաշենկոյի ոճով գործելն, իհարկե, ամենեւին չի բացառում այն հանգամանքը, որ ցույցերի կազմակերպիչները ճիշտ նույնպիսի «պուտինիստներ» են, ինչպիսին  Փաշինյանն է:

Լավ է, որ Պուտինը չէր հրավիրել Հայաստանի վարչապետին՝ մայիսի 9-ը նշելու: Թե չէ՝ Փաշինյանը ստիպված կլիներ գնալ: Քոչարյանն ու Սարգսյանն էլ նրան կնախանձեին:

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Պարոն Աբրահամյան, Ձեր գրեթե բոլոր խմբագրականներում կարմիր թելի պես անցնում է արևմտյան ժողովրդավարական, ազատական արժեքների թեման: Իրադարձությունները հիմնավորվում կամ դատապարտվում են այդ արժեքների հիման վրա: Դրանք դիտարկվում են որպես բացարձակ, անհերքելի, ժամանակից անկախ մի բան, որոնց հետևելով միայն կարելի է հասնել պետության առաջընթացին: Ամենայն հարգանքով Ձեր մասնագիտական պատրաստվածության և քաղաքացիական դիրքորոշման հանդեպ, վերը նշածս համոզմունքն, իմ կարծիքով, մեր երկրի ներկա իրադարձությունները մեկնաբանելու ու ելքեր առաջարկելու ամենաճիշտ հենքը չեն: Նույն արևմտյան ժողովրդավարության երկրներում դարեր են անցել, մինչև հաստատվել են այդ արժեքները: Եթե համարձակություն ունենանք համեմատելու Միացյալ Նահանգների պատմության հետ, ապա հիմա մենք երևի գտնվում ենք զարգացման նույնպիսի փուլում, ինչ հրաշալի նկարագրված է Սկորսեզեի «Նյու Յորքի ավազակախմբերը» ֆիլմում: Մինչդեռ այդ իրադարձությունները տեղի էին ունենում Անկախության հռչակագրի ու սահմանադրության ընդունումից մեկ դար հետո: Պատմության իմ գիտելիքները սահմանափակ են, սակայն կարծում եմ, որ այդ փուլերով անցած և հաջողության հասած բոլոր երկրներում էլ ժամանակի ընթացքում գտնվել են անհատներ կամ անհատների խմբեր, որոնք կամք են դրսևորել իրենց երկրի զարգացումը ճիշտ հունի վրա դնելու համար: Խորապես կասկածում եմ, որ այդ անելիս նրանք հիմնվել են միայն ժողովրդավարական կամ համամարդկային արժեքների վրա:
    Մեր բախտն այդ առումով չի բերել: Մեր երկրի ղեկավարներից ոչ մեկն այդ կամքը չունեցավ: Իսկ վերջինն, ընդհանրապես, եկավ սուտ խոստումներով, թվում է, թե ստեղծեց արդար ընտրությունների նախադեպ, սակայն արդյունքում ունեցանք միջակությանը ենթակա ավտորիտար ոստիկանապետություն: Եթե այսպես շարունակվի, վստահեմ, կունենանք նաև դիկտատուրա: Պատերազմում պարտությունն ու հազարավոր զոհերը մի կողմ՝ երկրի զարգացման առումով, ի՞նչ տվեց մեզ այդ ժողովրդավարական հեղափոխություն կոչվածը: Այո, հասարակության այլասերում, ինչպես շատ լավ վերլուծել էիք նախորդ խմբագրականում: Միայն թե «Ո՞ւմ էր պետք էս անկախությունը», «Հոգնեցինք էդ Ղարաբաղից» և այլ ստանդարտ պատումների փոխարեն, հասարակության այլասերումը նկարագրելու համար, հենց թեկուզ ժողովրդավարական արժեքների տեսանկյունից (ընդունեք, որ դրանք էլ են առաձգական), լավ կլիներ կես բառով անդրադառնայիք Ավետիք Չալաբյանի դեպքին: Դրանից ակնառու այլասերում … ուզում էի ասել, հնարավոր չէ պատկերացնել, բայց դեռ կլինի՝ կտեսնենք:
    Սա գրում եմ համոզմունքով, որ այս շարժման հաղթանակն էլ չի երաշխավորելու հաջողությունը Հայաստանի համար: Դրա համար, բացի անհրաժեշտ պայմանից (Փաշինյանի ու իր մանկամիտ խմբի հեռացումը) պիտի ապահովվի նաև բավարարը՝ առողջ քաղաքական կամքով օժտված ազգային թիմի ասպարեզ գալը, ինչն անկեղծ դեռ մշուշոտ է. համենայնդեպս՝ ինձ համար:

  2. Լավատես says:

    Մեր խնդիրը անչափահաս քաղհասարակության ակտիվությունը չէ, որն աննշան տոկոս է կազմում, այլ չափահաս քաղհասարակության պասիվությունն է, որն էլ գերակշիռ տոկոսն է: Վերջին հաշվով ընտրություններում է որոշվում քաղհասարակության մակարդակը. եթե հասուն գերակշիռ ընտրողները ընտրությունների հանդեպ նույնպես պասիվություն ցուցաբերեն, ապա մեր սիրելի ու ակտիվ տատիկ պապիկները կորոշեն իրենց սիրելի թոռնիկների քաղաքական ապագան, իսկ այն, որ մեր շատ սիրելի քաղաքականապես անչափահաս երեխաներին ու քաղաքականապես անչափահաս թոշակառուներին ու բյուջետնիկներին հեշտությամբ են մանիպուլացում մեր ոչ այնքան շատ սիրելի օտարի գործակալներն ու օտարի գրանտակերները, դրա դեմը կարելի է առնել միայն քաղաքականապես հասուն երիտասարդների, թոշակառուների, բյուջետնիկների ու երեխաների ակտիվությամբ, որոնք էլ հենց երրորդ ուժն են: Երրորդ ուժը պետք է մինչ ընտրությունները նախապես ընտրի իր պատգամավորներին, այստեղ է պետք քաղաքական հասունություն: Հասուն քաղհասարակության համար դժվար է հայտնաբերել իսկական ադամանդները լիքը ֆալշ ադամանդների միջից, էլ ի՞նչ պահանջենք մեր անչափահաս ընտրողներից, որոնց համար ամեն պսպղուն ապակի ադամանդ է: Մեր առաջնային խնդիրն է՝ հայտնաբերել իսկական հերոս ժողովրդասեր լյուստրացված թափանցիկ առաջնորդներին եւ լիարժեք ակտիվացնել մեր երրորդ ուժը եւ համախմբել իր առաջնորդների շուրջը: Երրորդ ուժ, ակտիվացի՛ր:)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031