Լրահոս
Օրվա լրահոսը

Պոլիկլինիկաները միավորվում են: Բնակիչներն ինչպե՞ս են հասնելու այլ տարածքներ, աշխատակիցները կրճատվելո՞ւ են, թե՝ մնալու. տնօրեններն առայժմ չգիտեն

Մայիս 18,2022 14:00

«Այսօր մեզ տեղեկացրին, որ կա նման նախագիծ, իհարկե դեռ պետք է քննարկենք՝ ինչ-որ մեզ առաջարկվել է, բայց մենք նախեւառաջ մտահոգված ենք մեր բնակչության, հիվանդների համար՝ ինչպե՞ս են հաղթահարելու այդ տարածությունը, որ հասնեն այնտեղ»,-«Առավոտի» հետ զրույցում ասաց թիվ 1 պոլիկլինիկայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նունե Դավթյանը՝ անդրադառնալով Երեւանի քաղաքապետարանի նոր նախագծին:

Քաղաքապետարանը պատրաստվում է տեղափոխել Լեոյի փողոցում գտնվող թիվ 1 պոլիկլինիկան եւ Արաբկիրի մանկական պոլիկլինիկան՝ դրանք միավորելով համապատասխանաբար թիվ 4 պոլիկլինիկային եւ թիվ 11 պոլիկլինիկային: Հիշեցնենք, որ այս մասին մտահոգություն էր հայտնել նաեւ Երեւանի ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանն՝ իր ֆեյսբուքյան էջում նշելով, որ Ավագանու առողջապահության հարցերով զբաղվող հանձնաժողովի մայիսի 16-ի  նիստում ինքը դեմ է քվեարկել այդ նախագծին:

Սա թիվ 1 պոլիկլինկան է, որը գտնվում է Լեոյի փողոցում: Այն կմիավորվի Մոսկովյան փողոցում գտնվող թիվ 4 պոլիկլինիկային

թիվ 4 պոլիկլինիկան

Տիկին Աբգարյանի ներկայացմամբ՝ նախ՝ մինչեւ հարցը հանձնաժողով բերելը քննարկում տեղի չի ունեցել տվյալ պոլիկլինիկաների աշխատակազմերի հետ, Լեոյի պոլիկլինիկան հիմնադրվել է 1929 թվականին եւ քաղաքի պատմության մաս է, իսկ 11 պոլիկլինիկան էլ ի սկզբանե որպես մանկական նախատեսված չի եղել, դժվար է պատկերացնել, թե այնտեղ ինչպես են նորմալ պայմաններ ստեղծելու երեխաների համար: Ավագանու անդամը նաեւ մտահոգություն էր հայտնել, որ պոլիկլինիկաներից հիմնական օգտվողը տարեց բնակչությունն է, որի համար կստեղծվեն անհարմարություններ, օրինակ՝ Մոսկովյան փողոց հասնելը դժվար է լինելու, միավորման դեպքում էլ հերթեր են գոյանալու:

Մեզ հետ զրույցում Նունե Դավթյանն ասաց, որ միավորման վերաբերյալ կարծիք կարող են հայտնել, երբ հասկանան աշխատակիցների հարցն ինչպես է լուծվելու՝ իրենց ի՞նչ են առաջարկելու, կրճատվե՞լու են, թե՞ մնալու են աշխատեն: Տիկին Դավթյանի խոսքով՝ ըստ նախնական քննարկումների ու քաղաքապետարանի նախագծի՝ աշխատողների մեծամասնությունը պահպանվելու է:

Թիվ 11 պոլիկլինիկայի, որի անվանումը «Նոր Արաբկիր» առողջության կենտրոն է, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Խաչատրյանը, որն ընդամենը 10 օր առաջ է նշանակվել այդ պաշտոնին, «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ որոշումն առայժմ չի ստացել, բայց սկզբունքորեն դեմ չէ, եւ միավորումը համարում է իրատեսական:  Հարցին՝ արդյոք իրենց շենքային պայմանները կբավարարե՞ն, հերթեր չե՞ն գոյանա բնակչության համար, պարոն Խաչատրյանն ի պատասխան ասաց, որ իրենց բոլոր աշխատանքներն ուղղված են մարդկանց պատշաճ բուժօգնություն տրամադրելուն. «Եթե մեր շենքային պայմանները չբավարարեն, հաստատ տեղափոխություն չէր էլ լինի: Հո չե՞նք բերելու մարդկանց իրար գլխի նստեցնենք: Պատշաճ որակը ստանալու համար հերթագրման համակարգ է գործելու, պլանային դեպքերը նախապես հերթագրվելու են, որպեսզի մարդիկ չգան սպասեն: Մարդկանց աշխատանքային պայմաններն էլ պետք է բավարարեն»:

Այս՝ թիվ 11 պոլիկլինկա կտեղափոխվի «Արաբկիր» մանկական պոլիկլինիկան

Իսկ թե ինչ կպատահի այս՝ «Արաբկիր» մանկական պոլիկլինիկայի շենքի հետ, դեռ պարզ չէ:

Հետաքրքրվեցինք՝ տարեց բնակչությունը կարո՞ղ է օգտվել հերթագրման համակարգից, պարոն Խաչատրյանն ասաց, որ հերթագրումը կլինի ե՛ւ էլեկտրոնային ե՛ւ զանգի միջոցով:

Ինչ վերաբերում է մտահոգություններին, որ 11 պոլիկլինիկայի շենքային պայմաններն ի սկզբանե նախատեսված չեն եղել մանուկներին բուժօգնության ծառայություն մատուցելու համար, եւ դժվար է պատկերացնել՝ ինչպե՞ս են հարմարեցվելու, Կարեն Խաչատրյանը պատասխանեց. «Մեր պոլիկլինիկան 1990 թվականին սպասարկել է 80 հազար բնակչության, հիմա ծառայությունների կազմակերպման տեսանկյունից խնդիր չկա. Եթե մեծերինը կազմակերպվում է, նույն կերպ էլ կարող է կազմակերպվել մանկահասակներինը»:

Տնօրենի պաշտոնակատարն ասաց, որ իրենց նպատակն այն է, որ մատուցեն որակյալ, մատչելի բժշկական օգնություն՝ առանց խոչընդոտների:

Հարցին՝ կրճատումներ լինելո՞ւ են, բժիշկների ծանրաբեռնվածությունն ավելանալո՞ւ է, Կարեն Խաչատրյանն ասաց, որ ամեն ծառայություն պետք է աշխատի ծանրաբեռնված եւ իր համապատասխան կազմով: «Քանի որ ես նոր եմ նշանակվել, հիմա ես ծառայությունների մատուցման գնահատման փուլում եմ՝  որ բժիշկն՝ ինչ ծանրաբեռնվածությամբ է աշխատում եւ այլն: Ունենք կենսաթոշակի տարիքի անձինք, որոնց պայմանագրի ժամկետը լրանում է: Հնարավոր է մենք նրա տեղը մարդ չընդունենք, եւ ունենանք թերծանրաբեռնված բժիշկ եւ, օրինակ՝ նրան ծանրաբեռնենք եւ համապատասխանաբար նրա գումարը կավելանա»:

Կարեն Խաչատրյանի խոսքով՝ բացի կենսաթոշակային տարիքի աշխատակիցներից չունեն այնպիսի աշխատակիցներ, որոնց մտադիր են կրճատել: Ինչ վերաբերում է նրան, թե միավորվող պոլիկլինիկայի աշխատակիցներն այս բուժհիմնարկում կտեղավորվե՞ն աշխատանքի, թե՞ ոչ, տնօրենի պաշտոնակատարն ասաց, որ պետք է հասկանալ՝ ի՞նչ կադրեր ունեն եւ նրանց, ըստ մասնագիտացման, որտե՞ղ կարող են օգտագործել. «Գնահատելու ենք, որ ունենք այսքան մարդ, ունենք այսքան մարդ կենսաթոշակի տարիքի, նրան կխնդրենք մի քանի ամիս իր տարիների փորձը փոխանցի երիտասարդ տարիքի մասնագետին եւ կխնդրենք նրան գնա հանգստի, եւ նրա փոխարեն կաշխատի ավելի բարձր աշխատունակությամբ մասնագետը»:

Թեմայի վերաբերյալ Aravot.am-ի հարցերին Երեւանի քաղաքապետարանից հայտնեցին, որ կպատասխանեն վաղը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031