44-օրյա պատերազմի նահատակ Պողոս Ներսիսյանի մասին «լավ բաներ» գրելու համար ամիսներ անց թակեցի նրա` Սիսիանի տան դուռը: Կինը` Թամարա Ներսիսյանը մարդկայնորեն հուզվեց, լաց եղավ, շոյվեց, որ երկու տարվա մեջ առաջին անգամ իր դուռը թակող պաշտոնյա եղավ, իրենով հետաքրքրվող եղավ, Պողոսին հիշող եղավ: Ակնարկեց միայն, որ զոհվելու առաջին Նոր տարուն մի պաշտոնատար անձ, պարտականության նման, մի քանի վայրկյանով մտել է տուն ու վերջ: Տիկին Թամարի մեջ էնքան խտացված ցավ կար, էնքան չասված խոսքեր, էնքան ասելիք, որ արցունքի հետ հորդում էր նրա թաց սրտից ու տունը լցնում Պողոսի թանկ, հումորային պատմություններով, անգեղակոթյան համ ու հոտով խոսք ու զրույցով:
Ինչու այդ տարիքում Պողոսը որոշեց պատերազմ գնալ հարցիս՝ տիկին Թամարան պատմեց, որ նա դեռեւս առաջին արցախյանին է ցանկացել գնալ, բայց եղբայրները` Հայրապետն ու Սուրիկը, ում հետ Պողոսը երկվորյակ էր, չեն թողել, ինքը երեխայի էր սպասում, ստիպել են մնալ իր կողքին, իրենք գնացել են: Երբ պատերազմից հետո եղբայրները նստում- զրուցում էին այդ թեմայով, Պողոսը լուռ լսում էր ու ամեն անգամ ափսոսում, թե ո՜նց բաց թողեց էդ պատերազմը, ո՜նց զրկվեց եղբայրների նման պատմել-խոսելուց: Հենց գիտեր` պատերազմն ավարտվել է: Պատերազմը, ցավոք, չէր ավարտվել ու չի ավարտվել:
Երբ 2020-ի դեկտեմբերի 20-ին Սիսիանի զինվորական պանթեոնում հուղարկավորում էինք անգեղակոթցի 51-ամյա Պողոս Ներսիսյանին, համագյուղացիներն աներկբա պնդում էին, որ տարիքը չէր կարող պատճառ լինել, որ Պողոսը չգնար հայրենիքը պաշտպանելու, քանի որ յոթ տարի պայմանագրային զինծառայող է եղել Սիսիանի զորամասում, յոթ տարի ապրել է զինվորի կյանքով:
«Պողոսը կարող էր եւ չգնալ, բայց նրա էությունն այնպիսին էր, որ եթե չգնար, ինֆարկտ կստանար: Նա գնաց ե՛ւ իր, ե՛ւ մեր, ե՛ւ բոլորիս արժանապատվության համար»,- ասաց անգեղակոթցի Գուրգեն Պողոսյանն ու հորդորեց ինձ լավ բաներ գրել տղաների մասին, որովհետեւ նրանք արժանի են, շա՛տ արժանի, ինչին հետեւեց իմ` մեր բոլոր զոհվածների մասին իմ արյունով եմ գրում պատասխանը…
«Պողոսը չէր կարող չգնալ, նրա ողջ ընտանիքն է հայրենասեր, դա էն քաղցր վարակն է, որ ընկավ մեջդ, չես կարող «ազատվել»: Սա մեր հայրենական պատերազմն էր: Տուն չկա, որ մասնակից ու կորուստ չունենա: Ես չեմ զանազանում հայրենիքի համար նահատակվածներին, փառք ու պատիվ բոլորին, ուղղակի մի քիչ վերապահում ունեմ՝ էն քսան տարեկանները մեր լույսն էին, մի քիչ տարիքավորները` մեր ճրագը, բայց բոլորն էլ նույն նժարի վրա են: Հավերժ փառք նրանց, հավերժ խոնարհում»,- ասաց համագյուղացի Սամվել Կարապետյանը, ում մեծ եղբայրը Հայրենականում է զոհվել, մյուս եղբայրը` Վոլոդյան, առաջին արցախյանում, եղբոր 20-ամյա թոռը` Վահագան Հովակիմյանը` 44-օրյա պատերազմում:
Կարդացեք նաև
«Պողոսը բազմանդամ ընտանիքում է ծնվել, 4 քույր, 3 եղբայր էին: Վերջինը` զույգ: Նվիրված, բարեհամբույր, կազմակերպված ընտանիք էր, շնորհակալ եմ, որ հայկական ավանդապահ այդ ընտանիք եմ հարս գնացել: Ծնողներս ուզում էին ինձ ուրիշի հետ ամուսնացնել, բայց Պողոսն ինձ 2 անգամ փախցրել է, ասել` 7 տարի սիրեմ, տամ ուրիշի՜: Երրորդ անգամ փախցնելիս համաձայնվել եմ գնալ, մենակ թե չքաշքշեն»,- պատմում է Թամարը ու շնորհակալություն հայտնում այն ամենի համար, ինչ Պողոսն է իրեն տվել 35 տարվա ամուսնական կյանքում: Շնորհակալ է իր 3 զավակների համար, շնորհակալ, որ, ինչպես ինքն է ասում, իր նման գոռոզ, քիթը ցից, չմահավան աղջկան դարձրեց իսկական մարդ, անչար, խոնարհվելով բարձրացող, կողքինին հարգող եւ գնահատող մարդ, հոգատար մայր, սիրառատ կին, մարդկային բոլոր գեղեցիկ որակներն ինքն արթնացրեց իր մեջ եւ վերացրեց բոլոր վատ հատկությունները: Պողոսն իրեն դարձրեց իր նման:
50-ամյա տիկին Թամարան երանությամբ է հիշում իր ծննդյան 49-ամյակի օրը, երբ օրը ցերեկով Պողոսն իրեն իր հետ տարել էր հարեւանի այգի «վարդագողության», տիրոջ` հոպար, բա չգիտե՞ս` ուրիշի այգի է, չի կարելի դիտողությանը պատասխանել` «բա ո՞նց չգիտեմ, գիտեմ, որ չի կարելի, բայց մեր խարսը` վարչապետը, հնե ընդեղ կայնած ա, բա մեր խարսին ծաղիկ չտա՞մ»: Անհարմար վիճակից Թամարան հողաթափը տեղում թողել «փախել» է: Երանությամբ է հիշում իր ծննդյան 50-ամյակին անձեռոցիկի տուփի միջից 20 հազարանոց «գտնելը». Նորավանի զորամաս գնալու նախօրեին Պողոսն էր թողել, որ կինն իր անունից ծննդյան նվեր գնի իր համար:
Երանությամբ է հիշում պատերազմի նախօրյակին` սեպտեմբերի 26-ին միասին մասուրի գնալը. կորոնայով հիվանդ, 40 աստիճան ջերմությամբ էդ մասուրը հետո քամել-հյութ է սարքել, բայց երկրորդ տարին է` ձեռքը չի գնում բանկաները բացել, նրա բերած սունկը սառցարանից հանել… Երանությամբ է հիշում սեպտեմբերի 25-ի կարտոֆիլ հանելու օրը, երբ դուստրը` Լուսինեն, Սանկտ Պետերբուրգ վերադառնալուց առաջ հորը խնդրեց հողամասում փուռ կապել: Պողոսը փուռը կապել է եւ ինչքան հարեւանություն կար, հավաքել գլխին, տնեցիներին բան չէր հասել: Երեկոյան տան ջեռոցի մեջ կարտոֆիլ է լցրել ու ասել` դե ի՜նչ անեմ, ես էլ էտենց փիս մարդ եմ… «Էտենց «փիս» ու անչափ բարի մարդ էր Պողոսը, բարությունը վրայից թափում էր: Մի օր տուն էր բերել առաջին արցախյանից հետո հոգեկան խնդիրներ ունեցող մի համագյուղացու, ով տան մեջ մեքենայի անվադող վառելուց սեւացել, մրոտվել էր: Պողոսը նրան լողացրել է, իր շորերը հագցրել, հետն էլ մի պայուսկ սնունդ դրել ու ճնաապարհել: Պատերազմի նախորդ տարին նրա տնկած դեղձենին աննախադեպ բերք էր բռնել, թաղի անցնող-դարձողին կանչում էր, գոգը լցնում, ճանապարհում, ասում` վով սաղ, վով մեռած, լավություն արա, գցիր ջուրը: Ինձ էլ սովորեցրեց այդպես ապրել, ասում էր` ով չգնահատի, Աստված կգնահատի»,- ասում է Թամարան:
Պողոսի ամեն խոսքը կատակ էր, հումոր: Կնոջը դիմում էր տիկինս, կամ` մեր վարչապետը… Մարմնեղ էր, բայց` թեթեւաքայլ: Պարարտ փորը գետնին քսելով, թոռներին դնում էր շալակը, պտտում, հետո կատակում` տատին էլ ա ուզում նստի մեջքիս, նրան էլ տեղ տվեք… եւ ծիծաղը բռնում էր տունը: Հաջորդ օրը հարեւանները նախատում էին աղմուկ-աղաղակի համար: «Ո՞նց ասեի, որ էրեխեքը չեն, Պողոսն ա մեր տան անկարգը: Իմ տան անկարգությունն ինքն էր անում, բայց տունս լիքն էր: Հիմա էս մենակությունն ինձ սպանում է»,-ասում է կինը:
2020-ի սեպտեմբերի 27-ին, առավոտ վաղ Պողոսն աշխատավայրից` Սիսիանի էլցանցից զանգահարել է Թամարային, հայտնել պատերազմի լուրը, խնդրել էրեխից զգույշ լինել, չթողնել դիրքեր գնա: «Էրեխեն» Սիսիանի զորամասի պայմանագրային զինծառայող, 23-ամյա որդին էր` Պարգեւը, որ հաց պիտի տաներ Սիսիանի դիրքեր: «Էնքան կատակ էր արել պատերազմի մասին, մտածեցի` հերթական կատակն է, ասացի` Պարգեւը զինվորի հացը ո՞նց չտանի,- պատմում է Պողոսի կինը: – Պարգեւն էդ օրը ու մի քանի օր զինվորի հացը տարավ: Սեպտեմբերի 30-ին տղայիս իրերը հավաքեցի, ուսապարկը դասավորեցի: Պողոսն աչքերը լցրեց, ասաց` մի դասավորի, ես չեմ կարող տեղս հանգիստ նստել, ես եմ գնալու: Երբ հիշեցրի տարիքը, ասաց` կապ չունի, ես չեմ կարա գլուխս հանգիստ դնեմ բարձին` իմ էրեխին ղրկեմ գյուլլի բերան»: Երբ որդու իրերի միջից հայրը հանել է նրա «բուշլատը», կինն առարկել է` ասելով` մի հանի, էրեխեն կմրսի: Զգալով պահի լրջությունը, իրավիճակի ծանրությունը, մարմնեղ Պողոսը «գործի է դրել» իր հումորը` «էրեխի մասին մտածում ես, իմ մասին չէ՞, «բուշլաթը» դիր իմ իրերի մեջ, որ էնտեղ բարակ մեջքս չմրսի»:
Հաջորդ օրը 7-8 ընկերներին հավաքել է իրենց տուն, կերուխում արել, որ իրեն ծիծաղով, հումորով պատերազմ ճանապարհեն: Հոկտեմբերի 1-ին տնից դուրս է եկել անեկդոտ պատմելով, ուրախ տրամադրությամբ, հրաժեշտ տվել թոռներին, խոստացել երեկոյան գալ, բայց 9-ամյա Նվերը լաց է եղել, մի քանի անգամ կրկնել, որ պապիկն էլ չի գալու, չե՞ք հասկանում, պապին պատերազմ է գնում, էլ չի գալու: Հասկանո՞ւմ էին, չէի՞ն հասկանում, ո՞վ իմանա, բայց պատերազմն էդ պահին մի տեսակ «անդեմ» բառ էր, որ հետո միայն պիտի իր հրեշավոր դեմքը ցույց տար… Հոկտեմբերի 3-ին, իր ծննդյան օրը, տիկին Թամարը սպասել է ամուսնուն, ու նրա` բա չե՞ս գալու հարցին Պողոսը, արդեն հումորն ու կատակը մի կողմ դրած, պատասխանել` դու էլ հո երեխա չե՞ս, պատերազմ է, ի՞նչ գալ… Իսկ երբ Մեղրիից Ջրական էին գնում, կորոնայով հիվանդ կինը կրկին խնդրել է գալ՝ իրեն տիրություն անել, Պողոսը որդուն հորդորել է լավ նայել մորը, իսկ կնոջն ասել` գիտես, որ ես նպատակային եմ եկել, հո գյադա՛ չեմ, որ փախնեմ-գամ…
Մինչեւ վերջին պահը Պողոսը «վայր չդրեց իր զորավոր զենքը` հումորը»: Հոկտեմբերի 14-ին զանգահարել է Թամարին, «հանդիմանել», որ էդքան տարվա մեջ մի անգամ սիրո խոստովանություն չարեց, ջերմ բառեր չասաց, ինչը խիստ զարմացրել է կնոջը: «Ասացի` ինչի՞ ես նման բան ասում, 35 տարի իրար հետ ապրողը չի՞ սիրի, ասաց` դե մտքովս անցավ, ասացի: Զոհվելու օրը զանգեց, ասաց` Թամար, կայնի, քանի էս անտեր թուրքերը չեն կրակըմ, մե անեկդոտ պատմեմ… ասացի` այ մարդ, կրակում են, անջատի: Անեկդոտը պատմեց, անջատեց»,- պատմում է Թամարան, ասում, որ որոշել էր հաջորդ օրն անպայման, հենց Պողոսը զանգի, ջերմ խոսքեր ասի նրան, տրամադրությունը բարձրացնի: Հաջորդ օրը Պողոսը չզանգեց: Էլ երբեք չզանգեց: «Էդպես էլ ես չհասցրեցի նրան ջերմ խոսքեր ասել…»,- արցունքահոս աչքերով ասում է Թամարան ու տանջվում, որ այդպես էլ չկարողացավ այն մարդուն ասել իր սրտի ամենատաք, ամենաջերմ բառերը, ով իրեն սովորեցրել էր մարդ դառնալու, մարդ մնալու, մարդկային նկարագիրը չկորցնելու կենսակերպը:
Հարազատները նրան գտել են որոնումների 65-րդ օրը: Ինքնաթիռի ռմբահարումից Պողոս Ներսիսյանն ու Էդգար Սարգսյանը մնացել էին հողի տակ, երկու հոգի վիրավորվել եւ սողալով դուրս էին եկել տարածքից ու ողջ մնացել: «Փառք Աստծո, երկու ընտանիքի լույս էլ չմարեց», -ասում է Թամարան ու հավելում, որ մեքենայից իջեցնելուն պես Պողոսի հաղթանդամ մարմինը, ինչպես երկվորյակ եղբայրն է ասել, կանչել է իրեն, նա զգացել է եղբորը:
Տիկին Թամարան պատմում է, որ ամուսնուն հուղարկավորելուց մի քանի օր անց, դեկտեմբերի 29-ին, զանգահարել է թեժ գիծ: Նրա ձայնը ճանաչող երիտասարդը զարմացել է Թամարի զանգից, չէ՞ որ իրենց զոհվածին գտել-հուղարկավորել էին: «Ասացի` զանգահարել եմ ներողություն խնդրեմ որոնումների ժամանակ իմ ասած ամեն կոպիտ բառի, ամեն սխալ արտահայտության համար, ինչն էլ հեռախոսավար երիտասարդին է զարմացրել. հազարավոր զանգերի մեջ միակ դեպքն էր, երբ զանգահարում-ներողություն են խնդրում: Պողոսն էր ինձ այդպիսին դարձրել, նա էր սովորեցրել ինձ լինել ներողամիտ, միաժամանակ` շնորհակալ: Ես շնորհակալ եմ նրանից, որ ինձ դարձրել է իր նման: Առանց նրա հիմա շատ դժվար է ինձ համար, բայց նրա բարի կերպարը, թողած անունը ինձ ուժ են տալիս ապրել ու պահել նրա հիշատակը»,- ասում է Թամարա Ներսիսյանը:
Արևհատ ԱՄԻՐՅԱՆ
Հ.Գ. Պողոսն աղջիկներին հաճախ էր ասում` «Մեկդ մի զույգ էրեխա չբերավ պապիկին նվեր, ուրախանայի»: Սիսիանում ապրող Ռուզան դուստրն արդարանում էր` արդեն մեծ եմ, 30-ն անց, բայց հորը խոստացել էր` երբ պատերազմից գաս, կբերեմ… Մայրը դստերը հաճախ է հիշեցրել հորը տված խոստումը, Ռուզանը կրկին արդարացել է` հայրս որ չի տեսնելու, չեմ ուզում բերեմ… Ամիսներ անց Ռուզանը բարի լուր է հայտնել մորը. 2022-ի սեպտեմբերին զույգ է ունենալու:
«Աստված մեկին տարավ, երկուսը տվեց»,- ասաց Թամարան:
«Առավոտ» օրաթերթ
17.05.2022